Ընդդեմ իրավական կամայականության

«Ընդդեմ իրավական կամայականությանե հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի /ԲՀԻ ՕԺ/ կողմից հովանավորվող «Աշխատանքային իրավունքի պաշտպանություն ծրագրի շրջանակներում իրականացնում է աշխատանքային իրավունքների պաշտպանական և դիտորդական առաքելություն: Կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ  անբավարար է աշխատողների զգալի մասի իրազեկվածությունն  աշխատանքային օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից և պարտականություններից, ինչը նպաստում է գործատուների կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների խախտումներին:

 Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում կատարված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ աշխատողները նույնիսկ տարրական պատկերացում չունեն իրենց խախտված իրավունքների վերականգնման մեխանիզմների մասին: 

Աշխատանքից ազատման հիմքերի հետ համաձայն չլինելու դեպքերում ազատման հրամանը վիճարկելու կարգի և ժամկետների մասին բացարձակ անտեղյակությունը հանգեցնում է նրան, որ հրամանի վիճարկման և աշխատանքում վերականգնման պահանջով հայցերը դատարանի կողմից քննության չեն առնվում` վիճարկման համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը բաց թողնված լինելու հիմքով:     

ՀՀ Աշխատանքային օրենսդրության նորմերի պարզաբանման և բնակչության իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը կազմակերպում է սեմինար-քննարկումներ, որոնց ըստ տեսչության պետի տեղակալ Ա. Սմբատյանի` մասնակցում են հիմնականում գործատուները:

Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ սեմինար–քննարկումներ են կազմակերպվում նաև հասարակական կազմակերպությունների, մասնավորապես «Ընդդեմ իրավական կամայականությանե Հասարակական կազմակերպության կողմից: Կազմակերպությունն օգտագործում է ՀՀ մարզերում գործող թվով 6 քաղաքացիական կենտրոնների հնարավորությունները` սեմիննարներին մատուցվող նյութը հեռավոր գյուղերի բնակիչներին հասանելի դարձնելու համար: 

Կազմակերպության իրավապաշտպան գործունեության նպատակներից է նաև ՀՀ աշխատանքային օրենդրության հետ կապված խնդիրների վեր հանումը և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկների ներկայացումը: 

Ներկայումս ուշադրության կենտրոնում են օրենսդրական երկու խնդիրներ, որոնց վերաբերյալ անց են կացվում քննարկումներ` համապատասխան առաջարկներ ներկայացնելու նպատակով: 

Ինչպես գիտենք, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է մեկամսյա ժամկետ, որի ընթացքում քաղաքացին կորող է աշխատանքից իր ազատման վերաբերյալ վիճարկման հայց ներկայացնել դատարան: Սահմանված մեկամսյա ժամկետի բացթողումը հիմք է հայցադիմում դատարանի կողմից մերժելու:

 

Ստացվում է, որ եթե քաղաքացին ցանկանում է իր խախտված իրավունքների վերականգնման հարցում արտադատական ճանապարհով օգնություն ստանալ դրա համար լիազորված պետական մարմնից` Աշխատանքի պետական տեսչությունից, ապա հավանաբար բաց է թողնելու ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված մեկամսյա ժամկետը: Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է:  Փաստորեն, Աշխատանքի պետական տեսչությունը, հանդիսանալով վարչական մարմին` քաղաքացու դիմումի քննարկման արդյունքների մասին դիմողին կարող է պատասխանել այդ ժամկետի վերջում: Քանի որ Աշխատանքի պետական տեսչությանը դիմելը չի ընդհատում կամ չի կասեցնում դատարան դիմելու իրավունքի մեկամսյա ժամկետը,  աշխատողը զրկվում է դատական պաշտպանություն ստանալու իրավունքից:

Այդպիսի վիճակը, կածում ենք, անընդունելի է, քանի որ հաճախակի Տեսչությանը դիմելն անհրաժեշտ է` գործատուի կողմից թույլ տրված խախտումներն արձանագրելու և այն հետագայում Դատարանում որպես ապացույց օգտագործելու նպատակով: 

Գործնականում առկա իրավիճակը կանոնակարգելու և նման դեպքերում Աշխատանքի պետական տեսչության հնարավորություններից ու իրավասություններից աշխատողի համար պայմաններ և հնարավորություն ապահովելու նպատակով, կարծում ենք, որ պետք է առաջարկել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասում: Խնդրի լուծումը, մասնավորապես, տեսնում ենք Դատարան դիմելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը` մինչև Պետական տեսչության կողմից իրականացվող վարույթի ավարտը, կասեցնելու մեջ: 

Օրենսդրական հաջորդ խնդիրը վերաբերում է աշխատող հղի կանանց աշխատանքային երաշխիքների ավելացմանն ու հստակեցմանը:

Հաշվի առնելով հղի կանանց սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտությունը`  ՀՀ աշխատանքային օրենսգրքը նախատեսել է նորմ-արգելք, համաձայն որի գործատուին արգելել է աշխատանքային պայմանագիրը լուծել հղի աշխատողի հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը: 

Նշված նորմը, սակայն, վերաբերում է անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ վաղաժամ լուծելուն: Իսկ արդյոք նույն սոցիալական երաշխիքների կարիքը չի զգում աշխատող հղի կինը, եթե աշխատանքից ազատվում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ավարտման հիմքով: ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում նշված հարցը: Այլ երկրների աշխատանքային օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատող հղի կանանց երաշխիքները կիրառելի են նաև նշված դեպքերում:  

 

Այսպես, համաձայն ՌԴ Աշխատանքային օրենսգրքի 261 հոդվածի` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրն ավարտվում է աշխատողի հղիության շրջանում, ապա գործատուն պարտավոր է աշխատողի կողմից գրավոր դիմում և հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք ներկայացնելու դեպքում երկարաձգել աշխատանքային պայմանագրի գործողությունը մինչև աշխատողի հղիության ավարտը: Միևնույն ժամանակ օրենքը պարտավորեցնում է աշխատողին, ոչ ավելի, քան երեք ամիսը մեկ անգամ գործատուի պահանջով վերջինիս ներկայացնել տեղեկանք հղիության ընթացքի վերաբերյալ:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում նմանատիպ նորմի ամրագրումը, կարծում ենք էական քայլ կհանդիսանա աշխատող հղի կանանց աշխատանքային երաշխիքների ամբողջացման հարցում:

Օրենսդրական նման բարեփախումների վերաբերյալ առաջարկների մշակման  հարցերում Կազմակերպությունը համագործակցում է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և Աշխատանքի պետական տեսչության հետ: 

Հանդիպումները և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի  քննարկումը Տեսչության ղեկավարության հետ, հույս է ներշնչում, որ Տեսչությունն աշխատողների համար կդառնա աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում առավել գերադասելի, քան նույնիսկ դատարանը:

Երևակ ամսագիր