Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի խոսքը «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Ազգային գաղափարախոսության գործոններից մեկը էթնիկության, մյուսը՝ պետականության գործոնն է, որը կառուցելու համար՝ ուզենք, թե չուզենք, միայն էթնիկական ազգի գաղափարի վրա կենտրոնացված լինելուց` անցնելն է քաղաքացիական ազգի ձևավորմանը, որը, իմ կարծիքով, մեկնարկային փուլում է: Սակայն, շատ կարևոր է քաղաքացիական ազգի ձևավորման գաղափարը կենտրոնացնել Հայաստանում` որպես պետության քաղաքականություն, իսկ էթնիկական ազգի գաղափարը` Սփյուռքի հայապահպան հիմնական ստրատեգիաներից է:
Իսկ ի՞նչ բաղադրիչներ պետք է ունենան դրանք. նախ սկզբունքների մասին ճիշտ մոտեցում պետք է լինի` դրանք չպետք է լինեն օտարող և մենք պետք է հասկանանք, որ հայաստանյան հասարակությունը և Սփյուռքը շատ բազմազան են, շերտավորված, օրինակ, կրոնական տեսանկյունից` կան համշենահայեր, որ մահմեդական հայեր են, բավականին ծպտված հայեր ունենք, օրինակ, Թուրքիայում, կաթոլիկ հայեր` ֆրանկներ և’ Հայաստանում, և’ Ջավախքում: Այսինքն, մենք բազմատարր ենք, հետևաբար մեր գաղափարախոսությունը պետք է բխի այս բազմատարրությունից`լինի ներառող և ոչ մի դեպքում` օտարող: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե քաղաքացիական ազգի ձևավորման ընթացքում ի՞նչ տիպն ենք ընտրում:
Կարծում եմ, հիմա քաղաքացիական ազգի պատրիարխալ ձևից մենք փորձում ենք անցում կատարել ավելի ակտիվիստական ձևի` շրջանցելով հպատակայինը: Հիմնականում հասարակության այն հատվածը, որի մոտ առկա է պատրիարխալ քաղաքացիական մշակույթ, ավելի հակված է տնտեսական ակտիվության գոյատևման ստրատեգիային` մեր գյուղական բնակչությունն է այդպես, և իրենք տրամադրված չեն զարգացման ստրատեգիաներ որդեգրելուն, նույնիսկ, երբ իրենց առաջարկվում է տնտեսական որևէ ծրագիր` զարգացման տրամաբանությամբ տանել, իրենք միևնույն է դա տանում են գոյատևման ուղղությամբ: Եվ հենց գոյատևումն է ինքնապահպանման մտածողության ստերեոտիպ, քան դինամիկ կերպով զարգանալն ու փոխվելը:
Մշակույթում կա` կոնստրուկտիվ և դեստրուկտիվ ավանդույթներ հասկացություն: Կոնստրուկտիվ ավանդույթները մշակույթին թույլ են տալիս փոխել իրենց, եթե դու ինքդ ես փոխում քո ավանդույթը, ապա զարգացնում ես այն` պահելով հիմքը, իսկ դեստրուկտիվ ավանդույթը կաշկանդում է զարգացումը` պահելով հասարակությանը զարգացման նույն փուլի վրա, և հենց այստեղ էլ սկսում է աշխատել գոյատևման ստրատեգիան: Կարծում եմ, գաղափարախոսության զարգացման ռազմավարությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի անցյալ, այլ հաշվի առնվի ներկան ու ապագան: Իսկ ապագան միտված է փոխվելուն, այլ բան է, թե մենք ի՞նչն ենք պատրաստ փոխել:
Կան` կայուն, փոփոխական և բազային ավանդույթներ, օրինակ, ընտանիքը բազային ավանդույթ է, այսինքն ընտանիքի ձևը փոփոխական է, գերդաստանը փոփոխական արժեք է, այսօր մենք չունենք գերդաստաններ, բայց չենք կորցրել մեր ինքնությունն ու մշակույթը: Ուզում եմ ասել, որ մշակույթը զարգացող երևույթ է, ու պետք է փորձենք գտնել էթնիկական ազգի և քաղաքացիական ազգի հատման կետը և դրանում զարգացնենք այն գաղափարները, որոնք առաջընթաց կապահովեն:
«Երեւակ» լրատվավերլուծական խումբ


