Սուրեն Մանուկյան. Ինչու՞ մնալ հայ, ինչու՞ ապրել Հայաստանում

Պատմաբան Սուրեն Մանուկյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ
Անվերջ թեմա է ազգային գաղափարախոսության մասին զրույցը: Շատ դեպքերում թվում է՝ բոլորը հասկանում են, թե դա ինչ է, և բացատրության կամ բնորոշման կարիք չունի, բայց երբ գալիս է դրա ժամանակը, տեսնում ես, որ կան հարցեր, որոնք բնորոշել հնարավոր չէ: Ի վերջո, ո՞վ է ստեղծում ազգային գաղափարախոսություն ազգային պետությունում: Էլիտաները, այսինքն՝ վերնախավն է ստեղծում առաջ գնալու իր տեսլականը, դրանով փորձում է համոզել բնակչությանը, որպեսզի ժողովրդին համախմբի իր շուրջը և ավելի հեշտ իշխի, նաև պետությունն առաջ տանի այն գաղափարներով, որոնց ինքը հավատում է: Այս պարագայում, պետք է ասեմ, որ մենք հիմա շատ վատ ժամանակներում ենք ապրում, որովհետև այսօրվա վարչապետը հայտարարեց, որ մենք իզմ-երի դարաշրջանից դուրս ենք եկել, և ինքը իզմ-եր չի ճանաչում, չի ընդունում: Դա նշանակում է, որ այսօրվա վերնախավի գլուխներում դեռ չկա այդ ձևավորված արժեհամակարգը, լավի և վատի գոնե պատկերացումները, որ իրենք պատրաստ են նաև հասարակությանը հաղորդել: Սա պրոբլեմ է ինքնին: Ի վերջո, ինչի՞ համար է հենց այսօրվա Հայաստանի համար պետք ազգային գաղափարախոսությունը: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա այն հասկացությունն է, որի համար մարդը պետք է մնա Հայաստանում: Այսինքն՝ մարդուն բացատրես, թե ինչի համար է պետք մնալ Հայաստանում: Եթե ավելի մեծացնենք՝ ինչու՞ մնալ հայ: Ես ավելի շատ պետականակենտրոն մարդ եմ և կարծում եմ, որ ի վերջո հայ ազգի գոյության պայմանը հենց ազգային պետության գոյությունն է: Նույն սփյուռքի հայ մնալու նախապայմանը ազգային պետության գոյությունն է, ազգային պետության հետ կապ ունենալն է: Ժամանակակից աշխարհի պայմաններում, երբ որ ապրելու շատ ավելի լավ տեղեր կան՝ տնտեսական կամ ինքնաիրացման տեսակետից, միակ բանը, որ կարող է մարդուն կապել հայրենիքին, ազգային գաղափարախոսությունն է, որը պետք է հստակ տեսլական տա, թե ինչու պետք է մնալ այստեղ, ինչու՞ են այս հողը, այս ջուրը կարևոր, ի՞նչն է քեզ կապում այս ամենին: Նախկին իշխանությունները ինչ-որ արհեստական մի բան ստեղծել էին, որի շուրջ փորձում էին, իրենց կարծիքով, համախմբել հասարակությանը, բայց այս իշխանությունների պարագայում նման բան չեմ տեսնում: Եվ դա վտանգավոր է. ինչու՞, որովհետև ժամանակակից աշխարհը գնում է հենց ազգայնականության վերելքի ճանապարհով, և երբ նայում ենք ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, տեսնում ենք, որ աշխարհի բոլոր մասերում ազգայնականությունը շատ մեծ թափ է ձեռք բերել՝ սկսած, Միացյալ Նահանգներից: Հնդկական ազգայնականությունն է շատ մեծ վերելք ապրում, նույնիսկ փոքրիկ ազգայնականությունները՝ Կատալոնիայից սկսած: Եվ այս աշխարհում մեր ազգային գաղափարախոսությունը չմշակելը կամ դրա շուրջ աշխատանք չտանելը, ես կարծում եմ, վտանգավոր է: Վտանգավոր է ինչպես նշեցի՝ երկու պատճառով: Առաջինը՝ բացատրել, թե ինչու պետք է մնալ հայ և ինչու ապրել Հայաստանում: Երկրորդը՝ այս համընդհանուր ազգայնականությունների վերելք ապրող աշխարհում ինչպես պետք է մենք մեր տեղը գտնենք:
Նաև սեփական առանձանահատկությունը ինչ-որ տեղ պետք է կարողանաս արհեստականորեն զատել և ներդնել քո ժողովրդի մեջ, որովհետև շատ դժվար է երեխային բացատրել, թե ինչով է ինքը տարբերվում նույն համակարգչի առաջ նստած, նույն անգլերենով խոսող, նույն ծրագրերից օգտվող այլ երկրում ապրող մի ուրիշ հասարակությունից: Այ, այդ բացատրության գաղտնիքն էլ գտնվում է ազգային գաղափարախոսության մեջ: