Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում և Հայաստանում. Դենիս Դևիդսոն

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում:

-Կրթության սահմանումը ձևակերպելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ կրթություն նկատի ունենք, որովհետև մեր օրերում կրթությունը կապված չէ միայն տարբեր առարկաների ուսումնասիրության հետ. կրթություն ասելով՝ պետք է նկատի ունենանք առավել լայն ասպեկտներ: Այսուամենայնիվ, կրթությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ապրել, և, որպեսզի կարողանանք դիմակայել անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին՝ պետք է սովորենք լինել ստեղծարար, լինել ավելի շատ արկածախնդիր, համառ ու համբերող:

 -Որպես Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն՝ համեմատություններ անցկացնելու հնարավորություն ունեք՝ միջազգային կրթական հաջողված փորձի և հայկական կրթական համակարգի միջև: Ուստի, խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին:

-Կարծում եմ՝ հնարավոր չէ համեմատել երկու տարբեր կրթական համակարգեր, տվյալ դեպքում՝ միջազգայինն ու հայկականը, ինչպես հնարավոր չէ համեմատել, օրինակ, խնձորը փայտի հետ: Բայց կարող եմ ասել, որ, ի տարբերություն հայկական կրթական համակարգի, UWC կրթական համակարգի մեջ ավելի շատ հետևում են ոչ ավանդական կրթական մեթոդներին և ավելի շատ փորձարարություններ են անում: Մենք բավականին հաջողություններ ունենք, քանի որ, վերցնելով միջազգային կրթական այս համակարգը, կարողացել ենք գրավել ներդրողների, որոնք շատ մեծ ներդրումներ են արել՝ կառուցելով այս միջազգային դպրոցը: Կարծում եմ, որ հայկական կրթական համակարգն ամբողջությամբ մեծ ներդրումների կարիք ունի: Իսկ ես գիտեմ, որ հայ երեխան մեծ ցանկություն և ձգտում ունի՝ լավ և որակյալ կրթություն ստանալու:

-Խոսենք նաև ազգային կրթության մասին. ըստ Ձեզ՝ ո՞րն է ազգային կրթության սահմանումն ու էությունը:

-Բոլոր այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ, առկա է եղել ազգային կրթության ձևի և բովանդակության հարցը: Եվ ամեն երկիր ի վերջո գտնում է իր աշխարհհայցքին համահունչ ազգային կրթություն կազմակերպելու պատշաճ տարբերակը: Քաղաքագետներն ու քաղաքական գործիչները կրթությունը դնում են քաղաքականության սահմանումների մեջ, փորձում են քաղաքականացնել՝ կարծելով, որ այս միջոցով քվեներ կստանան: Այստեղից սկիզբ է առնում լարվածություն՝ կոնկրետ աշակերտների հետ աշխատող ուսուցիչների և կրթությունը քաղաքականացնողների միջև:

-Ի՞նչ անհրաժեշտություն կար Հայաստանում հիմնելու կրթական այս հաստատությունը:

-Այս դպրոցի հիմնադրումը հայկական կրթական վերածնունդին միտված մի քայլ է: Չէ՞ որ պատմականորեն Հայաստանը եղել է կրթության, գիտության և մշակույթի օրրաններից մեկը: Հիշենք միայն վաղ միջնադարում՝ 4-6 դարերում, և հետո էլ, ինչ հզոր կրթական կենտրոններ կային Հայաստանում, այդ թվում նաև՝ հիմնարար կրթություն մատուցող վանական համալիրները: Գաղտնիք չէ, որ հայ մարդն, առհասարակ, աշխարհի կրթական, գիտական և մշակութային ժառանգության մեջ մեծ ներդրում և համբավ ունի: Կարծում եմ, որ այս դպրոցի հիմնադրումով և կրթական այս ծրագրի ներդրումով՝ Ռուբեն Վարդանյանը նպատակ ունի Հայաստանը նորից դարձնել կրթական կենտրոն: Եվ այս տեսլականը կյանքի կոչելու համար նա աշխարհի տարբեր անկյուններից սովորողներ է ներգրավում: Այս պահին դպրոցն ունի 70 երկրից ժամանած աշակերտներ: Սա ոչ մի քաղաքական ուղղվածություն չունի, պարզապես նպատակն է Հայաստանը դարձնել նույնքան կարևոր կրթական կենտրոն, որքան առաջ էր, ինչպես նաև՝ շեշտել հայկական ինքնությունը:

 -Այս դպրոցում կողք կողքի սովորում են միմյանց հետ քաղաքական խնդիրներ ունեցող տարբեր պետությունների քաղաքացիներ կամ քաղաքական հակադիր բևեռներում գտնվող տարբեր ազգերի երեխաներ, օրինակ՝ հայ երեխաների հետ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորում են ազգությամբ թուրք երեխաներ: Ասացեք, խնդրեմ, կրթական այդ ի՞նչ քաղաքականություն եք իրացնում, որ այդ աշակերտներին բերում եք երկխոսության դաշտ:

-Այստեղ բոլոր ուսանողները նախ ստիպված են ապրել իրար հետ: Հետո մենք հնարավոր ամեն կերպ մոտիվացնում ենք նրանց, որպեսզի այդ երկխոսությունը տեղի ունենա: Սկզբունքը հետևյալն է. բոլորն իրավունք ունեն կարծիք ունենալու, սակայն պակաս կարևոր չէ, որ բոլոր կարծիքները լսելի լինեն: Այս հարցի լիարժեք պատասխանը կստանաք, երբ տեսնեք մեր ուսանողներին միասին ճաշելիս, ուսանելիս և պարզապես շփվելիս:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում UWC կրթական համակարգը և ինչո՞վ է տարբերվում տարբեր երկրների պետական կրթական համակարգերից:

-1964-ին Քուրդ Հանն է ներդրել կրթական այս համակարգը: Դա Սառը պատերազմի ժամանակներն էին: Ես երիտասարդ աղջիկ էի և հիշում եմ, թե ինչ վախ էինք ապրում, որ ամեն պահի կարող է անատոմիական ռումբ պայթել: Քուրդ Հաննը կարծում էր, որ ավելի մեծ տարիքի մարդկանց հետ դժվար կլինի աշխատել և նրանց բերել երկխոսության: Եվ նախապատվությունը տվեց երիտասարդներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերից մի տեղում համախմբվելով՝ առավել հեշտ կադապտացվեն միմյանց և քաղաքակրթական երկխոսություն կսկսեն իրար հետ: Եվ այս փորձը կյանքի կոչելու համար նա չէր կարող հենվել ավանդական կրթական համակարգի վրա և կիրառել ավանդական կրթական մեթոդները: Բնականաբար, պետք էր ներդնել փորձարարական կրթական համակարգ, որի կրթական ծրագիրը չի սահմանափակվում լսարանում առարկաներ ուսանելով, քանի որ լսարանից դուրս շփումն ու հարաբերությունները ևս կրթական գործընթացի մաս են կազմում: Օրինակ՝ մենք ունենք «Ռե ապագա» կոչվող մի ծրագիր, որի շրջանակներում մեր ուսանողները, համագործակցելով տեղի և այլ մարզերի ուսանողների հետ, փորձում են վերամշակել էլեկտրոնիկան: Ունենք նաև աշակերտներ, որոնք գնում են Վանաձորի գիշերօթիկ դպրոց, «Օրրան» և այլուր՝ կամավորական աշխատանքներ կատարելու: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ուենում բուն ուսումնական ծրագրից դուրս, ընկալում ենք որպես կրթական գործընթացի մի մաս:

 

Դենիս Դևիդսոն

 

Դիլիջանի  միջազգային դպրոցի տնօրեն