Հայաստանում բացակայում են ինովացիոն գյուղատնտեսական մոտեցումները...
Գործարար
Հարություն Մնացականյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ճյուղ է: Մեր երկրում այնքան ջրային, հողային ռեսուրսներ ու այնպիսի բնակլիմայական պայմաններ կան, որ ափսոս է, որ չի օգտագործվում: Այսօր Հայաստանում նոր իրողություն է, պետք է մոռանանք, թե ի՞նչ է արվել նախկինում ու սկսել նոր էջից՝ նոր մոտեցումներով, նոր լուծումներով:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաջողված մանր փորձեր կան, որ փազլային վիճակում են: Պետք է այդ փազլը հավաքել, ստեղծել մի ընդհանուր աշխատող մեխանիզմ: Գյուղոլորտի խնդիրները լուծելու համար կոմպլեքս լուծումներ են անհրաժեշտ:
Ոլորտի խնդիրները լուծելու համար առաջնահերթ պետք է կրթել գյուղացուն, որպեսզի նա իմանա, ի՞նչ եւ ինչպե՞ս աճեցնի: Բացակայում է գյուղացի, գյուղնախարարություն կապը: Ասում ենք գյուղտեխնիկան թանկ է եւ այլն, բայց ինչքան էլ լավ գյուղտեխնիկա տաս գյուղացուն, նա չի կարողանալու օգտագործել դա, քանի որ օգտագործման ձեւը չգիտի: Մասնագետներ չկան...Ագրարային քոլեջները այսօր իրավագետներ են կրթում, տրակտորիստ չկա: Այդ բաժինը փակվել է, դրա համար էլ այսօր ունենք այն ,ինչ ունենք...
Մեր գյուղացիները գյուղմթերքը աճեցնում են, նոր մտածում են վաճառելու մասին , այնինչ պետք է հասկանալ ի՞նչը կվաճառվի, նոր սկսել աճեցնել: Օրինակ, ամեն տարի վարունգը աճեցվում է եւ վերջում դառնում 20 դրամ: Իսկ հնարավոր չ՞է այդ վարունգի փոխարեն այլ բան աճեցնել, ավելի թանկ վաճառել ու եկամուտ ստանալ:
Անհարժեշտ է միջազգային շուկայում մոնիտորինգ անել եւ հասկանալ պահանջարկը: Սալորի արտադրությունը, օրինակ, արդեն գերարտադրության է գնում, դրա համար էլ սալորի գինը իջել է մինչեւ 110 դրամ, ինքնարժեքին շատ մոտ: Շատ գյուղացիներ արդեն կարող են հրաժարվել սալորի այգիներ տնկելու գաղափարից կամ կտրեն, նույնը վերաբերվում է խնձորի այգիներին: Պետք ճիշտ համակարգվի, սալորից անցում կատարվի ընկույզի, կամ այլ կուլտուրաների: Ես, օրինակ, այս տարի 12 միլիոն եվրոյի սիսիեռի պատվեր եմ ունեցել: Բացի այն, որ սիսեռ ցանելը եկամտաբեր է,այսպիսով, նաեւ հողը կփրկենք դեգրադացումից: Անընդհատ նույն կուլտուրան ցանելով, մեր հողերը դեգրադացվում են: Պետք է փոխել հատիկաընդեղենային արտադրությունը:
Հայաստանի գյուղատնտեսությունում բացակայում են ինովացիոն գյուղատնտեսական մոտեցումները: Այնինչ, աշխարհում լայն թափ է ստացել այնպիսի մշակաբույսերի մշակումը, որոնք Հայաստանում շատ լավ աճում են: Մենք, օրինակ, 46 տիպի էկզոտիկ մրգեր ենք աճեցնում: Օրինակ, թաիլանդական դեղին, անանասի համով ձմերուկ էինք աճեցրել, որը բավականին բարձր արժեք ուներ: Շուկան անընդհատ փոփոխվում է եւ նման ինովացիոն մոտեցումները անհրաժեշտ են: Հայաստանում աճում է ֆենխել, պրոսոսոխ, որի մասին շատերը գաղափար չունեն, այն չի աճեցվում եւ չի կիրառվում սննդակարգում: Պետությունը պետք է կոմպլեքս միջոցներ ձեռնարկի, տարբեր մեթոդներով ցույց տա այդ բույսերի օգտակարությունը եւ խթանի բարձրարժեք կուլտուրաների մշակումը: Վերջին տարիներին, օրինակ, զարգացել է ծնեբեկի մշակումը, որի ամբողջ քանակը արտահանվում է արտերեկիր: Ես համոզված եմ, որ մյուս տեսակների հետ էլ է այդպես լինելու, եթե համակարգված մոտեցում լինի: Հայաստանի վայրի բնության մեջ, օրինակ, հապալաս է աճում, որ կարելի է աճեցնել նաեւ թթվային հողերում, բայց չգիտենք, որոնք են այդ հողերը: Պետության ճիշտ պրոպագանդայի, ճիշտ քաղաքականության արդյունքում շատ մեծ հեռանկարներ կա, որ հնարավոր է զարգացնել: Հայաստանը կարող է դառնալ գաստրոտուրիզմի հիանալի երկիր:
Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ տարածում է ունեցել ոչխարաբուծությունը, Այսօր Հայաստանում կա ոչխարի տեսակ, որի եւ մսատվությունն է ընկել եւ բուրդն է քիչ: Պետք է ճիշտ քայլ արվի, դրսից ներմուծվի այլ տեսակի ոչխարներ, կատարվի խաչասերում եւ փոխվի սորտը: Նույնը տավարաբուծության վերաբերյալ կարող եմ ասել: Ամեն տարի անապատացման պատճառով մերձավոր Արեւելքում պահանջարկը մեծանում է, մսի գինը բարձրանում է: Հայաստանում պետք է փոխել տեղական տավարի սորտը եւ բարձրացնել կաթնատվությունը: Բացի այդ, կաթնային պրոդուկտը պետք է բրենդավորել, տարանջատել փոշի կաթից ստացված պրոդուկտը, բնական կաթից ստացված մթերքից: Եթե ճիշտ մոտեցում լինի, հավատացեք, մենք կաթի մթերման խնդիր էլ չենք ունենա:
Խոսելով կոոպերատիվների մասին՝ պետք է նշեմ, որ մի փոքր վերապահում ունեմ այդ առումով: Մեր ռելիեֆը այնպիսին է, որ 200 հեկտար հողատարածքի վրա, եթե փորձենք կոոպերատիվ ստեղծել, մեծ խնդրի առաջ կկանգնենք: Նույն տարածքում խիստ բերրի եւ խիստ աղքատ հողեր կան եւ բնական է, որ բերրի հող ունեցողը չի ուզելու միավորվել ոչ բերրի հող ունեցողի հետ:
Հայաստանում, այո, խնդիրներ շատ են, բայց լուծումներն էլ քիչ չեն: Համակարգային մոտեցում է պետք: Պետք է դրսեւորել կամք եւ առաջ շարժվել ընդհանրացված ձեւով:
Առաջին քայլը, որ պետք է արվի, մեր հողային ռեսուրսների ռելիեֆի աշխարհագրական զոնավորումն է: Ըստ որի, պետք է կազմվի կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր: Պետք է հասկանալ որտե՞ղ եւ ի՞նչ աճեցնել: Որտե՞ղ, ի՞նչ կենդանիներ պահել եւ անասնապահության ո՞ր ճյուղը զարգացնել: Դրանից հետո կավելանան ներդրումները , քանի որ պոտենցիալ ներդրողներին քարտեզի վրա հնարավոր կլինի ցույց տալ, որտե՞ղ եւ ի՞նչ ներդրում կարող են անել եւ ի՞նչ ոլորտ զարգացնել:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ
