Գյուղատնտեսությանը պետք է վերաբերվել, որպես բիզնեսի
«Հրաշք այգի» ընկերության ղեկավար
Արթուր Իվանյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Գյուղատնտեսության ամենակարեւոր բացը այսօր լավ կադրերի պակասն է, որ, ըստ իս, կախված է գյուղակադեմիայի ոչ լիարժեք աշխատանքից: Նոր տեսակի տեխնիկան մեր մասնագետները լիարժեք չեն կարողանում օգտագործել: Պետք է առաջնահերթ վերականգնել ուսումնարանները, որոնք կպատրաստեն մասնագետներ: Բիզնեսմենները փող են ներդնում, գյուղտեխնիկա, տարածք են գնում, բայց մասնագետներ չկան, որ աշխատացնեն այդ ամենը: Հաճախ դրսից են մասնագետներ հրավիրվում, Հոլանդիայից, օրինակ,բայց մեր պայմաններում նրանք այնքան էլ լավ չեն աշխատում:
Տեխնիկայի ներկրման հետ կապված խնդիրներ մենք չունենք: Այդ գործը, ըստ իս, փչացնում է պետական գնումները: Ամենացածր գնով, բայց ամենաանորակ տեխնիկան գնում են, բերում Հայաստան եւ մենք չենք կարողանում հին տաշտակից պոկվել: Հաշվի չի առնվում դիզվառելիքի ծախսը, շուտ փչանալու հավանականությունը եւ այլն: Տեխնիկան մի քանի անգամ օգտագործվում եւ դրվում է մի կողմ:
Գյուղատնտեսությունը վերջին տարիներին առաջ է գնում, որովհետեւ ոլորտը դիտարկում է, որպես բիզնես: Այսօր արտերկրում ապրող բիզնեսմենները հսկայական հողեր են առնում ու սարքում են վարելահողեր: Լիբանանահայերը, արաբները, պարսիկները գալիս են, մեր երկրում գյուղատնտեսական բիզնես հիմնում, եկամուտ ստանում, իսկ մեզ մոտ գյուղատնտեսությունը դիտարկում են, որպես Աստծո հույսին թողնված մի բան: Պետք է հստակ հասկանանք, որ մինչեւ գյուղատնտեսությանը չվերաբերվենք, որպես բիզնես, մենք տեղից առաջ չենք շարժվի:
Չեմ կարող չնշել, որ վերջին տարիներին շատ լավ ծրագրեր են մշակվել, պետության կողմից սուբսիդավորված վարկեր է տրամադրվում, տեխնիկայի, ինտենսիվ այգիներ հիմնելու, կաթիլային ոռոգման համար: Սա բավականին լավ խթան է գյուղատնտեսության զարգացման համար, շանս, որը, սակայն, ոչ բոլորն են օգտագործում:
Մեր գյուղատնտեսության կարեւոր խնդիրներից է նաեւ այն, որ մենք ոռոգման ջրի հսկայական կորուստ ենք ունենում, որը հասնում է մինչեւ 70 տոկոսի: Ջուր շատ ունենք, ճիշտ օգտագործման ձեւը չգիտենք: Պետք է փոխել ոռոգման ձեւը, պետք է արժեւորվի ջրի ամեն մի կաթիլը: Մեր գյուղացիներին թվում է, որ արտերկրում ամեն բան ավելի էժան է, պետության կողմից սուբսիադավորումը ավելի մեծ է: Ոչ, հարգելիներս, այդպես չէ: Հայաստանում համեմատած արտերկրի հետ ջրի եւ հողի հարկը շատ էժան է, այդ պատճառով էլ, գուցե, չի գնահատվում, չենք դողում ամեն կաթիլ ջրի վրա:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ
