Ունենք գործող թուրքալեզու կայք, որին հղումներ են անում թուրքական ԶԼՄ-ները

Վերջին շրջանում համացանցային տարօրինակ ակտիվությունների եւ տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի հետ:

 

հայ-ադրբեջանական տեղեկատվական անվտանգության պահպանման հարցում, որքանով է պաշտպանված Հայաստանի անվտանգությունը:

 Միանգամից ասեմ, բավականին շատ: Մեր անվտանգությունը, եթե կիսենք երկու բլոկի, տեղեկատվական-տեխնիկական առումով ապահովված է ուղիղ այնքանով,  ինչքանով որ հարկավոր է: Մենք պետք է միշտ լինենք այն բանաձեւի շրջանակներում, որ պետք է կիրառվեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են որոշակի ժամանակահատվածով խոչընդոտել որոշակի համակարգեր:
Ժամանակները փոխվում են, առաջ են գալիս նոր բանաձևեր: Երկու տարի առաջ, երբ ասում էինք DDos հարձակում, թվում էր բարդ լուծելի, իսկ հիմա կարող ենք պաշտպանվել դրանից մեկ ժամվա ընթացքում, եթե, իհարկե, նախապես պաշտպանված չես: Հաջորդը դա հոգեբանական բլոկն է, եւ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի դեպքը ցույց տվեց, որ դեռ անելիքներ կան, բայց նաեւ ցույց տվեց, որ հասարակությունը ադեկվատ է: Կային շատ անազնիվ մարդիկ հենց Facebօok-ում, շատ անլուրջ մարդիկ մեդիա-դաշտում: Այնուամենայնիվ, այդ իրավիճակում շատ ճիշտ կառավարված իրավիճակ ստեղծվեց, եւ այն հիմար խոսակցությունները, որ համերգը տեղում դադարեցնել էր պետք, դա սխալ է, քանի որ գոյություն ունի նման իրավիճակների կառավարման բանաձեւ: Աշխարհում չկա նման բան, որ այդ իրավիճակներում համերգները դադարեցվեն: Ի տարբերություն մեզ, մեր հարեւանները, այդ առումով, ավելի պատրաստ են ենթարկվելու, իսկ մերոնք բոլորը նապոլեոններ են, եւ բոլորն ունեն իրենց գլուխները, անփոփոխ կարծիքները, որոնք ձեւավորվել են կենցաղային փորձով: Իսկ էքստրեմալ իրավիճակներում իրականացվում է իմպերատիվ կառավարում եւ կողմերը ունեն ապրիորի, որեւէ մեկ ատյան, որպես իրավիճակը կառավարող, եւ այս նույնը վերաբերվում է պատերազմներին: Պարզապես մեր քաղաքացիների ինքնագիտակցության եւ կազմակերպվածության մակարդակի այդ թեստը շատ դրական միտում ցույց տվեց, իսկ մյուս կողմից ցույց տվեց այն, որ կան մարդիկ, ովքեր ազնիվ չեն: Պատերազմական իրավիճակներում եւս հանկարծակի դաշտում հայտնվում են հակառակ ագրեսիվ սուբյեկտներ, այսիքն` եթե մեկը դուրս է գալիս պետության լեգիտիմ կամ իրավաչափ կառավարման ֆունկցիայի տակից, անպայման հյատնվում է ուրիշը եւ սկսում այդ միջավայրում հակառակ ագրեսիվությամբ վերահսկել: Իսկ Ադրբեջանի պարագայում կարող եմ ասել, որ այնտեղ պրոբլեմ կա, եւ որքան էլ տարօրինակ չէ, բայց այնտեղ հասարակությունը ավելի քիչ է վստահում իշխանություններին: Իսկ երբ խոսում ենք արտաքին հարթակների մասին, ապա այստեղ, ցավոք, մենք շատ ուշ ենք սկսել, որովհետեւ ունեինք Վարդան Օսկանյանի նման դեբիլ արտգործնախարար:
Եթե մի երկրի ԱԳՆ-ն բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կանգնում ասում է, որ մենք պետք է պարտվենք տեղեկատվական հակազդեցությանը, քանի որ մենք չունենք փող: Այնինչ ԱԳՆ-ն պետք է գնահատի արտեկրում ռիսկերը եւ տա դրանց լուծումները, եւ ոչ միայն քաղաքական ատյաններում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, այլ նաեւ հասարակության մեջ: Այդ  մարդու մոտեցումների վերաբերյալ տարակուսանք է հայտնել նաեւ Քերոլայն Կոքսը, ով ասել է, որ այդ մարդը պարզապես տարօրինակ է: Տեղեկատվական հակազդեցություն իրականացնելու համար լրացուցիչ գումարներ կարող են եւ չլինել, պարզապես ամեն մեկն իր տեղում, նախարարությունները եւ այլոք, պետք է կատարեն իրենց աշխատանքը: Ինտերակտիվ կոորդինացված համակարգերում, ինչպիսին եւ ԱԳՆ-ն է, խելքը պետք է գա վերեւից: Եթե տեղում պատկան մարմինների ներկայացուցիչը չի դիտարկում լրատվամիջոցները, վատ է պատկերացնում, թե ինչ է պատասխանի իրավունքը, չի ստեղծում հարաբերություններ, չի կառավարում, ապա դա իր մենեջերի խնդիրն է, այստեղ փողի հարց լինել չի կարող: Նույնը կարող եմ ասել նաեւ ՀՀ առաջին նախագահի ժամանակների մասին, երբ գումարներ չի ծախսվել պետական արխիվներ ունենալու համար: Իսկ հիմա ամեն գնով դա արդեն ունենք` կամավորների անսահման ներգրավմամբ:

 Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը այդ ոլորտի համար ծախսում է մեծ գումարներ, միթե սա դրական չի անդրադառնա իրենց տեղեկատվական անվտանգությունը էլ ավելի լավ իրականացնելու հարցում:

- Այո, նրանք ծախսում են մեծ գումարներ, բայց էքստրեմալ իրավիճակներում գումարները չեն, որ նրանց փրկելու են, եթե Աստված չտա պատերազմ սկսվի: Իրենց հասարակությունը ավելի խոցելի է, քան մերը, եւ այն գործիքները, որը ունենք մենք, ավելի արդյունավետ են, քան իրենցը, եւ այն տեղական մասնագետները, որ ունենք մենք, ավելի բարձր որակավորում ունեն, քան իրենցը, այն քաղաքացիական անձինք եւ հարակից ոլորտից, ովքեր կարող են ներգրավվել տեղեկատվական հակազդեցության լայնածավալ գործողությունների իրականացման պարագայում, Հայաստանի թիմը ավելի հզոր է, քան Ադրբեջանինը: Իրենց կողմից կմնա միայն փողը, որի մասին ես ասել եմ նույնիսկ Ադրբեջանի համապատասխան մարդկանց, որ փողով չեք կարող փոխել ձեր ժողովրդի ուղեղը:

- Դուք ժամանակին ասում էիք, որ բյուրոկրատիայի գրագիտությունը, տեղեկատվական անվտանգության ոլորտում ցածր է: Կա՞  որեւէ փոփոխություն այդ ոլորտում:

- Այո, կան փոփոխություններ, այսինքն` որոշակի չափով քչացել է հաճախականությունը չինովնիկների այցը դեպի սոցցանցեր: Մարդիկ կարդացին, կրթվեցին ու հասկացան, որ նման սայթերում կոնֆիդենցիալություն գոյություն չունի: Բացի այդ, հայերը կողմնակից են ավելի շատ offline շփման: 

Facebook-ը օգտագործվել է արաբական հեղափոխությունների համար, իսկ ՀՀ-ում օգտագործվում է հակապետական ու հակակառավարման նպատակներով, ինչպես նաեւ երիտասարդների մտքերը պղտորելու համար: Ի՞նչ է արվում վիճակը շտկելու ուղությամբ:

- Ոչ, նման բան չկա, քանի որ Facebook-ում հնչում է միայն խոսքի ազատությունը: Պարզապես հենց Facebook-ում մի շատ հետաքրքիր բան ստացվեց, որի մասին, չգիտես ինչու, լռում են: Facebօok-ում քաղաքական ուժեր չէին, որ իրար վրա ցեխ էին շպրտում, այլ քաղաքացիները հաղթեցին քաղաքական ուժերին` ասելով, որ գնացեք ձեր այդ մտքերը արտահայտեք ձեր խմբերում, իսկ եթե մեր խմբում ես,  ուրեմն պատրաստ եղեք լսել նաեւ հակառակը: Սա էր սենսացիան: Իսկ հեղափոխություն անելու համար Facebook պետք չի:

Ստացվում է, որ պետական վերահսկողություն, որպես այդպիսին, սոցցանցերին հարկավո՞ր չէ:

- Ավելին, դրա իրավունքն էլ չունենք, դա խոսքի ազատության խնդիր է: Ես կհորդորեի, որ յուրաքանչյուր հասարակայնության հետ կապերի ծառայություն ունենար մի բանաձեւ սոցցանցերի, որպես լրատվություն տարածող հարթակի մոնիթորինգի:

- Հայ-թուրքական տեղեկատվական անվտանգության տեսակետից, ինչպե՞ս ենք մենք կարողանում հակադրվել:

Ասեմ, որ սա ավելի բարդ է, քան հայ-ադրբեջանականը, որովհետեւ  Ադրբեջանի պարագայում մենք ունենք ավանդական եւ ընդհանուր դաշտեր, իսկ Թուրքիայի հետ ունենք ավանդաբար ընդհանուր հակազդեցության հարթակ: Մենք ունենք գործող թուրքալեզու կայք, որը հանդիսանում է թուրքական հատուկ ծառայությունների եւ լրատվամիջոցների հատուկ հետաքրքրության առարկան, որտեղ բարձր մակարդակի թուրքերենով մատակարարվում է որոշակի տեղեկատվություն, որը կապված է Հայաստանի դիրքորոշման հետ: Այդ կայքին հղումներ են կատարում թուրքական ԶԼՄ-ները, հարցազրույցներ են դրվում թուրքական քաղաքական գործիչների հետ եւ այլն:



Արմենուհի Հակոբյան

Իրավունք