Մեծերի օրինակը կպահի գյուղը. Սասունիկ

Ուրբանիզացիայի ու արտագաղթի արդյունքում բնակչության թվի նվազումը մեր գյուղերի զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատճառներից մեկն է. գյուղացին հեռանում է, ավելանում են ամշակ հողերը, նվազում արտադրող ներուժը: Սակայն այս համապատկերում հանդիպում են գյուղեր, որտեղ գոնե այս խնդիրը բացառված է: Այդ եզակի համայնքներից է Արագածոտնի մարզի Սասունիկը: Համայնքի ղեկավար Արման Մարգարյանը փաստում է` ի տարբերություն շատ գյուղական համայնքների իրենց  գյուղում կա բնակչության թվի աճ, իհարկե կան արտագնա ժամանակավոր աշխատանքի մեկնողներ, բայց ընտանիքներով ընդմիշտ հեռացողներ վերջին տարիներին չեն եղել: Այսօր Սասունիկն ունի 3900 բնակիչ: Բնակչության կազմում 30 տոկոսը 1960-ական թվականներին Վերին Սասունիկից այստեղ վերաբնակվածների ժառանգներն են, ըստ էության հենց նրանք էլ համարվում են գյուղի հիմնադիրները: Հետագա տարիներին գյուղի բնակչությունը համալրվել է Հայաստանի տարբեր մարզերից այստեղ տեղափոխված, նաև Ադրբեջանից տարհանված ընտանիքներով:  Վերջիններիս համայնքում մի թաղամաս է հատկացվել` 110 քոթեջներով: Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Սասունիկ և Կարին գյուղերը: Համայնքը մեծ է, և բնականաբար խնդիրներն էլ` շատ: Դրանց լուծումները համայնքի ղեկավար Արման Մարգարյանը տեսնում է համաֆինանսավորմամբ իրականացվող պետական և միջազգային ծրագրերի իրականացման մեջ: Այդ ճանապարհով արդեն շատ խնդիրներ լուծվել են, մի քանիսն էլ ընթացքի մեջ են: Համայնքն ունի 100-ից ավելի նախադպրոցական տարիքի երեխաներ, որոնք հավելյալ վճարով հաճախում են Աշտարակ քաղաքի մանկապարտեզ: Համայնքում մանկապարտեզ հիմնելու խնդրով Սասունիկի ղեկավարը դիմել է մարզպետարան, վերջինիս միջնորդությամբ էլ խնդրին արձագանքել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը, որի հավաքագրած գումարներով և համայնքի 40 մլն. դրամի ներդրմամբ սկսվել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Ընդհանրապես այս համայնքում անում են հնարավոր ամեն ինչ երեխաների դաստիարակության ու զարգացման գործը ճիշտ ու համակողմանի կազմակերպելու համար: 2013 թ. պետական ծրագրի շրջանակներում վերանորոգված մշակույթի տանը գործում են սպորտի, շախմատի, արվեստի ու պարի խմբակներ: Իսկ հավանականությունը, որ այս երեխաներից կմեծանան հասարակությանը պիտանի մարդիկ, մեծ է. նպաստավոր պայմաններին ու լավ ուսուցիչներին զուգահեռ ունեն ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկներ Լյովա Խաչատրյանի, Հովհաննես Պողոսյանի հայրենանվեր  օրինակը: Նրանց շնորհիվ հայն ու սասունիկցին խաղաղ ապրելու և կյանքը բարելավելու հնարավորություն ստացան:

Գյուղը բարեփոխվում է աստիճանաբար, մասնակի վերանորոգումներով կատարվում են համայնքային ճանապարհների բարեկարգման ու լուսավորման աշխատանքներ: Վերափոխվել է խմելաջրի ցանցը  ՙԱսիական բանկի՚ ներդրումների շնորհիվ:  Վերանորոգվել է նաև համայնքի ամբուլատորիան:

Գնալով պակասում են նաև անմշակ հողերը, գյուղացին վերադառնում է իր հիմնական զբաղմունքին հողագործությանը: Սասունիկում հիմնականում զբաղվում են հացահատիկային կուլտուրաների մշակությամբ ու խաղողագործությամբ: Խաղողի տեխնիկական սորտերի մշակության համար այստեղ բնակլիմայական պայմանները շատ նպաստավոր են. ստացվում է շաքարի բարձր տոկոսայնությամբ բերք: Բարենպաստ են պայմանները նաև անասնապահության զարգացման համար. համայնքը գտնվում է նախալեռնային գոտում և լեռնային արոտավայրերը մոտ են: Սասունիկցիները  հողագործությանն ու անասնապահությանը զուգահեռ աշխատանքային զբաղվածություն ունեն համայնքում հիմնադրված երկու խոշոր արտադրություններում` ՙԱրմենիա Վայն՚ գինու,  կոնյակի և ՙԱրամ Մելքոնյան՚/ SKIFF ապրանքանիշ/ ներկերի, սալիկի սոսինձների, ծեփամածիկների գործարաններում, նաև Աշտարակ քաղաքում:

 

Սասունիկ համայնքի ղեկավար Ա. Մարգարյանը հավաստիացնում է, որ անում են իրենց հնարավորությունների սահմանում ամեն ինչ գյուղը զարգացնելու համար: Ճիշտ է` ցանկություններն ավելի մեծ են քան հնարավորությունները, բայց համոզված է, որ ժամանակի ընթացքում կլուծվեն բոլոր հիմնախնդիրները: