Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Ավետիս Ահարոնյան
Քանկոր ԲԿ Սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար
Ավետիս Ահարոնյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Հայաստանում առողջապահական համակարգը արմատական փոփոխության կարիք ունի: Ես երբեմն մտածում եմ, իսկ միգուց՞ե պետք է քանդվի մեր առողջապահական համակարգը եւ ամեն ինչ զրոյից սկսվի: Այսքան տարի փորձում ենք առողջացնել մեր առողջապահական համակարգը, բայց կարծես թե չի ստացվում: Ես մշտապես դժգոհություն եմ լսում իմ գործընկերներից, բոլորը դժգոհ են եւ հիվանդները եւ բժիշկները…Խնդիրները շատ են՝ հիմնականում ֆինանսական՝ լիմիտը վերջացել է, պետպատվերը գումարի քիչ տոկոս է փոխհատուցում եւ այլն: Մենք՝ բժիշկներս, երբեմն անելանելի դրության մեջ ենք հայտնվում հիվանդը գալիս է, բայց գումար չկա նրան բուժելու համար, բժիշկը չի իմանում ինչ անել...Մեթոդը կա, բուժումը հնարավոր է, բայց գումար չկա: Խնդիրն ավելի է սրվում սրտային վիրաբուժության բնագավառում, որտեղ մեծ գումարներ են անհրաժեշտ: Պետությունը ավելի խնայողաբար է մոտենում, հիվանդն էլ այդքան գումար չունի, իսկ վիրահատությունը շտապ է անհրաժեշտ: Ինչպե՞ս բուժենք, ինչ անե՞նք, չենք իմանում…
Եթե անգամ գումարն էլ լինում է, այնքան դժվար է տեղ հասնում, բազմաթիվ փաստաթղթեր ու ժամանակ է պետք լինում բուժումն սկսելու համար....Դրա համար էլ ես հաճախ եմ մտածում, իսկ միգուց՞ե պետք է դիմել վիրահատական միջամտության, քանդել համակարգը եւ զրոյից սկսել...
Հաջորդ խնդիրը, որի մասին կուզեի նշել բժշկի անպաշտպան վիճակն ու բնակչության որոշ հատվածի ոչ այնքան կրթված լինելն է: Բժիշկը երբեմն իրեն պաշտպանված չի զգում Հայաստանում: Հիվանդը մեծ դժվարությամբ է գումար վճարում՝ տուն է գրավ դնում, վարկ է վերցնում եւ այլն ... եթե մի խնդիր է լինում, վիրահատությունը հաջող չի ավարտվում կամ մահվան ելք է ունենում, հիվանդի հարազատները աղմուկ են բարձրացնում եւ պահանջում են հետ վերադարձնել վճարված գումարը: Փորձը ցույց է տալիս, որ նրանց դա հաջողվում է եւ ով է տուժում այդ դեպքում՝ բժիշկը: Նրան երբեմն դատում են անգամ, որպես հանցագործ: Պետք է մշակվի մեխանիզմ, որ բժիշկն իրեն ապահով զգա իր երկրում: Ես մի անգամ հարցազրույց էի կարդում , որտեղ լրագրողը ասում է բժիշկը չունի սխալվելու իրավունք, կոլեգաներիցս մեկն էլ համաձայնում է նրա հետ: Ես համաձայն չեմ, բժիշկը նույնպես մարդ է եւ ունի սխալվելու իրավունք: Մենք՝ բժիշկներս, գիտենք բժշկության իրականության 15-20 տոկոսը, մնացած 80 տոկոսն իմանալու համար մեզանից հազարավոր տարիներ են պահանջվելու, բայց մենք պետք է ապահովենք 100 տոկոսանոց արդյունք.... Այս ռիսկային խմբում աշխատող մասնագետը պետք է ապահով զգա եւ իրավունք ունենա սխալվելու: Պետք է լինի բժշկական ապահովագրություն: Հայաստանի Հանրապետությունը մեզ տվել է դիպլոմ, աշխատելու իրավունք, լիցենզիա, բայց չի տալիս ապահովություն նման հարցերում:
Ոլորտային խնդիրները լուծելու համար երեւի թե առողջապահության կազմակերպման ճիշտ մասնագետներ են պետք, որոնք հաշվի առնելով բոլոր խնդիրները կառողջացնեն ոլորտը:
Հիշում եմ դպրոցական տարիներին մի անգամ հայրիկիս հարցրեցի, թե Բրեժնեւը ի՞նչ մասնագետ է, ասաց՝ հավանաբար տնտեսագետ է, հարցրեցի՝ իսկ նրանից առաջ նախագահը ինչ մասնագետ է եղել, ասաց՝ հավանաբար նունպես տնտեսագետ: Ու ես հարցրեցի.
-Հայրիկ իսկ հնարավոր է, որ մի օր երկրի նախագահը բժիշկ լինի
Հայրս ասաց.
-Տղաս, երբ այս մեծ երկրում բոլոր հարցերը լուծված կլինի, կմնա բժշկության խնդիրները հնարավոր է նաեւ բժիշկ լինի երկրի ղեկավարը:
Հիմա ես մտածում եմ, իսկ կարիք կ՞ա, որ մեր առողջապահության նախարարը բժիշկ լինի: Իմ կարծիքով շատ լավ կլինի որ բժիշկ չլինի: Առողջապահության վիճակը միայն այն դեպքում կլավանա, երբ երկրի վիճակը լավանա: Պետք է ազնիվ ցանկություն ունենալ մի բան փոխելու համար, իսկ դրա համար մանուկ հասակից պետք է կրթվել ճիշտ ուղղությամբ:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ
