Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Վլադիմիր Վարդանյան
Միջազգային իրավունքի մասնագետ
Վլադիմիր Վարդանյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Նախիջևանը՝ որպես Երևանի խանության մաս, Սուրմալուի հետ միասին, 1828թ. անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ. սա կարևոր փաստարկներից մեկն է, քանի որ Սուրմալուի հատվածը և դրա փոխանցումը Թուրքիային բավական շատ է վիճարկվում իրավական տեսանկյունից:
Նախիջևանի պարագայում մենք դեմոգրաֆիկ խնդիր չկարողացանք լուծել. եթե մենք կարողանայինք հայացնել այդ տարածքը, ապա մենք այսօր այս խնդիրը չէինք ունենա: Ադրբեջանը չունի Նախիջևանի հետ ցամաքային սահման, և շատ արագ այդ տարածքը պարզապես կինտեգրվեր Հայաստանին: Ինչքան էլ Ադրբեջանը բարձրացներ իրավական տեսանկյունից Նախիջևանի՝ որպես պրոտեկտորատի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերի հարցը, նշանակություն չէր ունենա:
Կարսի և Մոսկվայի պայմանագրերը անվավեր են. և դա ոչ այն պատճառով, որ սուբյեկտները ճանաչված են կամ ճանաչված չեն, այլ քանի որ Մոսկվայի պայմանագիրն՝ այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող միջազգային իրավական կանոնների խախտում է: Ռուսաստանն այս պայմանագրով պարտավորություն ստանձնեց պարտավորեցնել սկզբում Հայաստանին ու Վրաստանին, հետո՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին ընդունել սահմանված դրույթները: Այսինքն, այս՝ ուժի սպառնալիքի մեջ է ամենամեծ խնդիրը:
Իսկ օրեր անց՝ խորհրդայնացումից հետո, արդեն Խորհրդայի՛ն Ռուսաստանը կարող էր պարտադրել, քանի որ արդեն Խորհրդային Ռուսաստանը վերահսկում էր Խորհրդային Ադրբեջանը և Խորհրդային Հայաստանը. այս տեսանկյունից, կրկին փաստենք, խնդիր ունենք վավերականության: Այո, Ռուսաստանը օկուպացրել էր և այդ պայմանագրերով կայացնում էր որոշումներ օկուպացված տարածքների բնակչության փոխարեն. Խորհրդային Ռուսաստանը չէր կարող պարտադրել ինքնիշխան սուբյեկտներին կնքել նման պայմանագրեր:
Կարսի պայմանագրի վավերականության մասին այսօր չենք խոսում, բայց գիտենք, որ սահմանի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն առանձին պայմանագրով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքներով:
