Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Տարոն Հովհաննիսյան
ադրբեջանագետ
Տարոն Հովհաննիսյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Նախիջևանում, ի տարբերություն Ադրբեջանի մյուս հատվածի, տեղեկատվական հոսքերը սահմանափակ են և մղվում են միայն մեկ աղբյուրից. մեկ-երկու կայք է գործում, և մեկ հեռուստատեսություն, ֆեյսբուքում ակտիվ չեն, այլ սոցիալական կայքերում՝ ևս: Ադրբեջանի մյուս տարածքներում տարբեր ոլորտներ բավական հետազոտված են, շատ բան հասկանալի է, մինչդեռ Նախիջևանի հատվածը շատ քիչ է ուսումնասիրված:
Եվս մի դիտարկում. Նախիջևանի հայաթափության խնդիրը կարող ենք օգտագործել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ես ուսումնասիրել եմ Խորհրդային Նախիջևանի սահմանադրությունը և որոշ ենթաօրենսդրական ակտեր. 1941թ սահմանադրությունում նշվում է, որ դատաիրավական գործընթացները պետք է կազմակերպվեն նաև հայերենով, կրթությունը պետք է լինի նաև հայերենով: Հետագայում արդեն հանված է այդ դրույթը, որ դատական, կրթական գործընթացները կազմակերպվեն նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով:
Կարծում եմ, որ այդ ամենն ուսումնասիրելով և համադրելով հուշերի առկա տվյալների հետ՝ կարելի է օգտագործել բանակցությունների ժամանակ: Այստեղ մենք պետք է հստակ ցույց տանք, որ եթե դուք պնդում եք, որ հայերն Արցախում կարող են ինքնորոշման ստատուսով ապրել Ադրբեջանի պետական տարածքում, ապա տեսեք, որ Նախիջևանի հատվածում ինքնորոշման ստատուսով ապրելը բերեց տարածքի հայաթափմանը:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
