Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Արտյոմ Տոնոյան

իրանագետ
Արտյոմ Տոնոյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Իրանի իսլամանական հանրապետությունը հետխորհրդային առաջին շրջանից սկսած վարել է առանձին քաղաքականություն Ադրբեջանի և Նախիջևանի հետ. այս դիտարկման հետաքրքիր մի ապացույց է այն, որ 1992թ Ադրբեջանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահը Հեյդար Ալիևը առանց Էլչիբեյի իմացության երկու անգամ մեկնել է Թեհրան:
Իրանի համար ձեռնտու է այն կարգավիճակը, որ կա այսօր, և նա ձգտում է այն պահպանել: Իրանի իսլամանական հանրապետությունը ձգտում է ունենալ ազդեցության լծակներ՝ գործելով թե տնտեսական, թե կրոնական ուղղություններով: Իր կրոնական քարոզչության գործիքներով Իրանը Նախիջևանում շատ ավելի ազատ է աշխատում, և ըստ էության կրոնական քարոզի ծրագիրն էլ այլ է Բաքվում, այլ՝ Նախիջևանում: Եթե Բաքվում և հարակից շրջաններում Իրանն ավելի քողարկված է աշխատում շիա բնակչության և հոգևորականության հետ, ապա Նախիջևանում ավելի ազատ է:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպի Իրանի սրբավայրեր Նախիջևանի տարածքի բնակչության համար կրոնական տուրերը (շրջագայությունները) գրեթե անվճար են իրականացվում: Գանձվող գումարը սիմվոլիկ է: Սա պետական հովանավորության քաղաքականություն է՝ թե որպես ճնշող գործիքակազմ, թե որպես կանխարգելիչ գործիք՝ ուղղված այն քայլերի դեմ, որ կարող է իրականացնել Ադրբեջանը Իրանի թյուրքախոսների նկատմամբ: Սրանով էլ պայմանավորված՝ Ադրբեջանում վախենում են հասարակության շրջանում իրանական ազդեցության ուժեղացումից:
Ադրբեջանում իշխում է այսօր ալիևյան կլանը, որ սերում է Նախիջևանից: Հետխորհրդային ամբողջ շրջանում եղել է նախիջևանյան կլանը: Նախկին նախագահ Էլչիբեյը ևս նախիջևանյան կլանից է: Ինչով է սա կարևոր. երբ Էլչիբեյի կյանքը վտանգված էր, նա շարժվեց դեպի Նախիջևան, կայանեց այստեղ: Ըստ էության, Նախիջևանն այսօր էլ ընկալվում է որպես ապաստարան ադրբեջանական քաղաքական վերնախավի համար տարատեսակ քաղաքական ցնցումների պարագայում:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»