Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Սահակ Դաշյան
Ակնաբույժ
Սահակ Դաշյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Հայաստանի առողջապահական համակարգը զարգացած երկրներից տարբերվում է երկու ուղղությամբ: Առաջինը կրթականն է: Ֆրանսիայում օրինակ յուրաքանչյուր մարդ միայն երկու անգամ իրավունք ունի դիմելու բժշկական համալսարան: Համալսարանի երկրոդ կուրսից սկսած ուսանողները կատարում են բարդ վիրահատություններ: Մեր կրթական սիստեմում դա բացակայում է: Երկրորդը՝ կա շահերի բախում: Մինչ այսօր չեն հասկանում, որ դեղ ներմուծող ընկերությունը չպետք է ունենա դեղատուն: Մեզ մոտ քիչ է մնում հիվանդանոցը ցորեն աճեցնի ու հաց թխի հիվանդների համար: Օրինակ բերեմ, չորս կլինիկա աչքի լազերային վիրահատություն է անում Հայաստանում… մի հատը լիովին բավական է, չունենք այդքան հիվանդ, որ չորս կլինիկայի անհրաժեշտություն լինի: Չորս կլինիկա պահել նշանակում է փողերը քամուն տալ: Ֆրանսիայում, օրինակ, որտեղ ես աշխատում էի, միայն եզակի մասնագետներ էին աչքի լազերային վիրահատություն անում, Հայաստանում ամեն երկրորդը…Ֆրանսիայում մտնում ես ցանկացած գինեկոլոգի կաբինետ, մատուցվում է գինեկոլոգիական ամեն տիպի ծառայություն՝ ներառյալ էխո, առանց հավելյալ վճարի, Հայաստանում ամեն ինչի համար առանձին մասնագետ կա, ինչո՞ւ մենք հարուստ ենք այդքան:
Հայաստանի առողջապահական համակարգի հիմնական խնդիրը թերի ֆինանսավորումն է: Համակարգում մենք ունենք երեք օպերատոր՝ օգտատերը, առողջություն ապահովողները եւ ֆինանսական միջոցներ տրամադրողները, որոնք կարգավորում են այդ երկուսի հարաբերությունները: Այդ օպերատորներից յուրաքանչյուրը իր տկարությունը ունի: Օգտատերերի հիմնական խնդիրն, ըստ իս, այն է, որ մարդկանց մեծամասնությունը չի ուզում ընդունել, որ անվճար բժշկություն գոյություն չի ունեցել ամբողջ աշխարհում եւ չի էլ ունենալու: Կարող է բնակչության որոշակի խմբի համար լինել անվճար ծառայություն, որը ֆինանսավորվում է պետության կողմից, բայց լիարժեք անվճար բուժօգնությունը հնարավոր չէ: Հայաստանի առողջապահական բյուջեն այսօր տարեկան 90 միլիարդ դրամ է, մյուս տարի խոստացել են ավելացնել եւս 11 միլիարդով, սակայն, ես կարծում եմ՝ դա չնչին գումար է: 1945 թվին , օրինակ, ամբողջ աշխարհի ՀՆԱ-ի մոտ 3.5 տոկոսն է ծախսվել առողջապահության վրա,1998 թվականին այդ թիվը կազմել է մոտ 8 տոկոս: Այն պնդումները, որ հնարավոր է իջեցնել այս կամ այն ծառայության գինը դեմագոգիա է, հնարավոր չէ .... Ցանկացած առողջապահական ծառայության գին աճելու է, նվազում չի լինելու, քանի որ տեխնոլոգիան աշխարհում գնալով թանկանում է: Հայաստանը չի կարող հակառակ ուղղությամբ գնալ: Հայաստանում չի կարող հրաշք կատարվել: Հայաստանը միանգամից Ամերիկա չի դառնալու: Ամենաքիչը 15- 25 տարի պետք կլինի ոլորտի բարեփոխումները նկատելի դարձնելու համար:
Համակարգի առողջացումը , իմ կարծիքով, պետք է սկսել բժշկական ապահովագրության ներդրումից: Թե ինչպիսին կլինի այն՝ պետական, թ՞ե մասնավոր, պարտադիր, թ՞ե կամավոր՝ դա քննարկելի հարց է:Արագ արդյունք ակնկալել, ի դեպ, պետք չէ: Ցանկացած կարճաժամկետ լուծում, որ կառաջարկվի մի քանի տարվա համար, ձախողվելու է: Արմատական համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Միջազգային փորձին նայենք: Եվրոպական երկրներում ապահովագրության տարբեր տեսակները ներդրվել է 300-400 տարի առաջ: Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ տարեկան մեկ շնչին բաժին հասնող միջին եկամուտը չի գերազանցում 3000 դոլարը: Աշխարհում միայն մեկ պետություն կա այդ եկամուտով, որ կարողացել է ստեղծել բժշկական ապահովագրական համակարգ: Դա Կոստարիկան է: Պրոցեսը տեւել է 25 տարի: Լավագույն դեպքում Հայաստանում այդ համակարգի ստեղծումը 15- 20 տարի կտեւի:
Հայաստանում ապահովագրությունը, իմ կարծիքով պետք է լինի պարտադիր եւ համընդհանուր: Քանի որ ցանկացած ապահովագրության կամավորի ժամանակ երկու կողմից բացառումներ են լինում: Աղքատը բացառում է, քանի որ ի վիճակի չի լինում վճարել, իսկ հարուստները բացառում են, որովհետեւ իրենք գումար ունեն ցանկացած դեպքի համար, հիվանդանալու ռիսկը քիչ է եւ ապահովագրությունը նրանց պետք չէ: Կամավոր ապահովագրությունը մահանում է քիչ-քիչ, այնինչ բժշկական ապահովագրությունը ավելի քան անհրաժեշտ է հատկապես անապահով բնակչության համար: Դա կարող է դառնալ համակարգային խնդիրների լուծման եղանակ: Իմ կարծիքով Հայաստանի նման փոքր երկրում կարելի է միացնել առողջապահության նախարարությունը եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ստեղծել առողջապահական ապահովագրության ազգային պետական գործակալություն, որը չի ժխտի մասնավոր ապահովագրական ընկերությունների գոյությունը:
Հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է հրաժարվել ժամանակավոր որոշումներ ընդունելու պրակտիկայից, պետք է որոշել ամենաթիրախային հարցերը եւ բարեփոխումն սկսել այդ հարցերի լուծումից: Այսօր առողջապահության ոլորտը բարելավելու հնարավորություն կա, անգամ ֆինանսական խնդիրներն է հնարավոր լուծել: Անհրաժեշտ է դրսեւորել կամք եւ օգտվել ազգային համերաշխության այս ժամանակահատվածից: Մենք ունենք հրաշալի բժիշկներ, նրանց պետք է օժանդակել, մշակել համակարգի առողջացաման երկարատեւ պլան ու շարժվել առաջ: Մեկ բան ոլորտի ղեկավարների համար պետք է պարզ լինի: Գործընթացը, որ սկսում են իրենք, ամենայն հավանականությամբ ուրիշն է ավարտելու եւ նորերն էլ որ գան, պետք է հստակ իմանան, որ շարունակելու են ընթացքը՝ գծված քարտեզով: Այլ կերպ հնարավոր չէ: Այլ կերպ ոլորտը կենթարկվի սաբոտաժի:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ
