Դատական համակարգի անկախության հիմնահարցեր. Մուշեղ Շուշանյան

փաստաբան

Մուշեղ Շուշանյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

Առկա դատական համակարգն ի սկզբանե ձևավորվել է այն տրամաբանությամբ, որ այն անկախ չլինի. կախվածությունն այստեղ մի քանի տարբեր մակարդակներ է ենթադրում, բայց նախ խոսենք գործադիր իշխանությունից կախվածության մասին:

Դատական համակարգը գործադիր իշխանությունից կախված լինելու տրամաբանութամբ է ձևավորվել, և դա է պատճառը, որ վերջին երեք-երեքուկես ամիսներին, երբ նոր քաղաքական իշխանության կողմից հայտարարվեց, որ որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը, անկախ դատական համակարգին չի լինելու, շատ դատավորներ հայտնվեցին տարօրինակ վիճակում. կարծես երկար տարիներ եղել են վանդակում, սովորել են, որ պիտի գործեն այդ պայմաններում, իսկ հիմա վանդակի դուռը բաց է, բայց իրենք չեն կողմնորոշվում՝ մի ոտքը հանեն վանդակից, ինչ անեն… Ասեմ, որ չհաշված առանձին փոքրաթիվ բացառությունները՝ քրեական գործերով զբաղվող դատավորները պատրաստ չեղան օգտվել այդ հնարավորությունից, ու դա ունի շատ հասկանալի, օբյեկտիվ բացատրություն: Այդ դատավորները նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, նրանց՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում:

Քաղաքացիական գործեր քննող դատավորների մոտ հիմնական խնդիրը կոռուպցիան է, իսկ այստեղ՝ քրեականում, տարբեր դրդապատճառներ կան, և կարելի է հատկապես նշել քաղաքական դրդապատճառներով անձանց հետապնդումների դեպքերը: Այդ դատավորները, որ տարիներ շարունակ գործել են արդարադատության շահերին հակառակ, չեն իրականացրել արդարադատություն, գործադիր իշխանության պատվերն են կատարել տարբեր գործերով, նրանք չեն կարող հիմա վայրկենաբար փոխվել և ունակ լինել իրականացնել արդարադատություն:

Ես կարծում եմ, որ ամենաառաջնային խնդիրը դատական կազմի մեջ է. այդ կազմը գրեթե ամբողջությամբ ենթակա է փոփոխման: Դատավորները պիտի փոխվեն. տարբեր տարբերակներ կան, կարծում եմ՝ դա բարդ խնդիր չէ:

Այսինքն, պահանջվում է քաղաքական կամք. որ որևէ միջամտոթյուն չլինի արդարադատության իրականացմանը, և որ նոր դատավորներ նշանակվեն՝ նոր մտածողությամբ, նոր փիլիսոփայությամբ, իրավունքի գերակայության մասին հստակ պատկերացումներով, ոչ թե այն մոտեցումներով, երբ կարող են այնպիսի որոշումներ կայացնել, որոնցում օրենքի տառը հակասում է իրավունքի էությանը:

Օրինակ, կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելը խնդիրներ է առաջացնում: Երկար տարիներ քրեական գործերի գերակշիռ մասով ձևավորված պրակտիկան եղել է այնպիսին, որ գրեթե համատարած նախաքննության մարմինները կալանքը՝ որպես միջոց ընտրելու միջնորդությամբ են հանդես եկել, և դեպքերի մեծ մասում այդ միջնորդությունները բավարարվել են: Հիմա այդ իմաստով իրավիճակ է փոխվել, հիմա սկսել են լայնորեն գրավը կիրառել: Բայց սա էլ խնդիրներ է առաջացնում. տեսնում ենք, որ հնչեղություն ունեցող շատ գործերով, մասնավորապես՝ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, տարբեր անձանց նկատմամբ գրավ է կիրառվում այն դեպքում, երբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծանր հանցանք ենթադրող հոդված է: Եվ ունենք այլ դեպքեր, երբ շատ ավելի մեղմ հանրային վնաս ենթադրող հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ դատարանները շարունակում են նախաքննության մարմնի ջանքերով ամիսներ շարունակ մարդկանց պահել կալանքի տակ: Եվ դա այն պատճառով, որ այդ գործերը չեն լուսաբանվել, հանրությանը չեն ներկայացվել:

Հենց այս երկուշաբթի մի գործ ունեի, որում անձը մեկ տարի մեկ ամիս գտնվում էր կալանքի տակ: Գործն արդեն դատարանում էր, և դատարանն արդեն երեք միջնորդություն մերժել էր, ընդ որում՝ գրավի պատկառելի գումար էր առաջարկում: Ի վերջո, դեր խաղաց այն, որ մենք սպառնացինք, որ ասուլիսներ կհրավիրենք, հանրային հնչեղություն կտանք գործին: Ի վերջո, դատարանն ու դատախազությունը, որն էլ հենց համառում էր գրավի կիրառման դեմ, տեղի տվեցին: Պետք է այդ հարցում էլ հստակ չափանիշներ ձևավորվեն:

 

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ