Դատական համակարգի անկախության հիմնահարցեր. Ղեւոնդ Պապոյան

փաստաբան, իրավապաշտպան

Ղևոնդ Պապոյան-ի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած

«ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

Քաղաքական կամքն է կարևոր. դատավորների վրա ճնշումներ չպիտի լինեն: Նոր իշխանության մոտեցումները կարծես այդպիսին են, և դա ողջունելի է: Պիտի բացառվի դատավորների կողմից Վճռաբեկ դատարան գործեր զեկուցելու պրակտիկան: Նախադեպային որոշումների խնդրի շրջանակում է այն հարցը, որ դատավորները վերցնում են գործերը, գնում Վճռաբեկ դատարան և հարցնում կարծիք: Դա շատ ազդում է դատավորի վերջնական որոշման կայացման վրա: Վճռաբեկ դատարանը, երբ նախադեպային որոշումներ է կայացնում, հետո չի հետևում դրանց կիրարկմանը (օրինակ՝ կալանքի հետ կապված), չափորոշիչները հստակ նախատեսում են, թե ո՛ր դեպքում պիտի կալանքը կիրառվի, ո՛ր դեպքում՝ գրավը: Երբ նախադեպային որոշումներով ղեկավարվող փաստաբանները վկայակոչում են նախադեպային որոշումները, և ստորադաս դատարանները չեն հետևում դրանց, նրանք, հասնելով Վճռաբեկ դատարան, ասում են՝ տեսեք, դուք սահմանել եք այս նախադեպային չափանիշները, ստորադաս դատարանը չի հետևել դրանց: Սա էլ շարունակում է պահպանել այն իրավիճակը, որ ունենք. հատկապես՝ կալանքի հետ կապված որոշումների առումով:   

Դատավորների սերնդափոխություն պիտի լինի. սովետական մտածողությամբ դատավորներ չպիտի աշխատեն: Դատախազներից կախվածություն ունեցող դատավորները պիտի փոխվեն: Սովետական տիպի դատավորներն են հենց, որ հիմնականում նայում են դատախազին՝ իրենց հոգեբանությամբ, մտածողությամբ անկախ չեն՝ ունեն ավելի մեղադրական կողմնորոշում:

Վերջերս մի մասնավոր գանգատով գործ՝ առանց տուժողի բողոքի հասել է դատարան: Դատարանն ասում է՝ այ հարգելի դատախազ, այս գործն, ախր, պիտի չհարուցվեր, ինչպե՞ս է եկել-հասել այստեղ: Ու փորձ է անում դատավորն ինչ-որ եզրեր գտնել, տուժող գտնել-բերել, վերացնել դատախազի թերությունը: Սա է մեղադրական կողմնորոշում ունեցող դատավորը՝ որ խղճում է դատախազին, քննիչին: Սերնդափոխության պահանջը դրանով է պայմանավորված:

Օրենսդրական փոփոխություններ են պետք միանշանակ, որպեսզի վերանայվի  դատավորների նշանակման խնդիրը:

Կա ծանրաբեռնվածության խնդիր. ծանրաբեռնված են թե՛ դատավորները, թե՛ աշխատակազմը. դրանից էլ որակի հետ կապված խնդիր է առաջանում: Պետք է դատավորներ ավելանան, պետք է աշխատակազմ ավելանա, որ արդարադատությունը չտուժի:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ