«Բանալի» ընտանիքի կենտրոն. Հաճույքով մեծացող երեխաները մեր հուսալի ապագան են…

«Բանալի» ընտանիքի կենտրոնի առաքելությունն է օգնել հոգեբանական խնդիրներ՝ վախեր, անհանգստություններ, նեղացկոտություն ձևավորած երեխաներին հաղթահարել դրանք և նպաստել նրանց հոգեկան առողջության պահպանմանը: Ուսումնասիրելով երեխաների հետ արդյունավետ հոգեբանական աշխատանքների տարբեր երկրների փորձը՝ կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյանը ստեղծել է «Բանալի մեթոդը»: «Բանալի» հաճախում են 1,5-12 տարեկան երեխաներ:
Կենտրոնի զարգացման մեթոդների արդյունավետության մասին՝ Նարինե Իսրայելյանի հետ զրույցում:
Տիկին Իսրայելյան, ներկայացրեք խնդրեմ «Բանալի» ընտանիքի կենտրոնի առաքելությունը, ինչո ՞ւ «Բանալի»:
- Մեր առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել վախերն ու անհանգստությունները, նեղացկոտությունը, հոգեբանական տարբեր բարդույթները, նպաստել երեխաների ինքնաճանաչմանը, օգնել ձևավորել զգացմունքները կառավարելու ճիշտ հմտություններ, և ամենակարևոր աշխատանքային նպատակը սովորեցնել հաճույքով խոսել և շփվել հասակակիցների հետ: Արդյունքում աշխատանքային ծրագրերը «դեպի մանկապարտեզ» և «դեպի դպրոց» ավարտվում են, երբ երեխաներն իրենց շփման մեջ զգում են վստահ, ապահով, կարողանում են հաճույքով հաճախել և սովորել տարբեր մանկական հաստատություններում:
Կենտրոնը կոչվում է «բանալի», որովհետև մեր մասնագետները «բանալու» միջոցով «բացում են» երեխաների ներաշխարհը, իսկ ընտանիքի կենտրոն, քանի որ երեխաների հետ տարվող աշխատանքներում ներգրավվում են նաև ընտանիքի բոլոր անդամները:
Երեխայի կյանքում ամենակարևոր մարդը մինչև որոշակի տարիքը մայրն է: Իսկ ընտանիքի մյուս անդամները օգնում են մայրիկին մայր-երեխա զգացմունքային հարաբերություններում ավելի վստահ լինել: Ընդհանրապես, շփման որոշակի խնդիրներ ունեցող երեխաների մայրերին անվանում են սառը մայրիկներ: Բայց իմ կարծիքով դա չի վերաբերվում հայ մայրերին:
Երբ ծնողի զգացմունքային կապը երեխայի հետ իր մեջ կրում է պատասխանատվության վախ, կարող է ձևավորվել 2 ծայրահեղ մոտեցում՝ գերուշադրություն, և հակառակը՝ թվացյալ անտարբերություն:
Ի պատասխան այսպիսի մայր-մոդելի, երեխաների մոտ ձևավորվում է ընկճվածություն, նրանք փակվում են, չեն շփվում, դառնում են միայնակ և ագրեսիվ, չեն կարողանում կառավարել բարկությունը, նեղացկոտությունը, և ձևավորվում են վախեր:
«Բանալի» կենտրոնի կրթական կարևոր ուղղվածություններից է նաև ծնողներին հոգեբանական գիտելիքներով զինելը, որպեսզի նախ նրանք կարողանան իրենց զգացմունքները բացահայտել ու արտահայտել , ապա երեխայի հետ համատեղ զգացմունքներով առաջնորդվել: Մենք օգնում ենք ծնողներին ճանաչել երեխայի հոգեկանի բնականոն զարգացման օրինաչափությունները և ըստ դրա հասկանալ՝ արդյոք երեխայի մոտ ձևավորվել է հոգեբանական խնդիր, թե ոչ:
Մեր նպատակը երեխայի աչքերով ընտանիքում այնպիսի ներդաշնակ մթնոլորտ ստեղծելն է, որ երեխան ասի. «Ինչ լավ է լինել ձեզանից մեկը»: Եթե ծնողը միանում է մեզ, շատ արագ հասնում ենք արդյունքի:
«Բանալին», կարելի է ասել, Հայաստանում հոգեբանական ուղղվածությամբ առաջին զարգացման ընտանիքի կենտրոնն է: Ո՞ւմն էր գաղափարը:
- Գաղափարն իմ մեջ հղացել է երկար տարիներ առաջ, երբ ստեղծելով և ղեկավարելով մանկական հանրապետական հոգեբուժական դիսպանսերի և քաղաքային նյարդաբանական հիվանդանոցի հոգեբանական ծառայությունը, ինձ համար որոշեցի օգնել երեխաներին հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները և չձևավորել հոգեկան հիվանդություն:Պիտի ասեմ՝ կրթական հետաքրքիր ճանապարհ եմ անցել: Առաջին մասնագիտությունս ստացել եմ ԶՈՈ-ՎԵՏ ինստիտուտում, որից հետո ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում, այնուհետև սովորել և աշխատել եմ Սոցիալական ապահովության նախարարությանը կից Բժշկա-սոցիալական վերականգնողական հիվանդանոցի նորաբաց հոգեբանական վերականգնողական բաժանմունքի ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ մասնագիտացմամբ: Իսկ երբ սկսեցի աշխատել մանկական հիվանդանոցում, երեխաների հետ հոգեբանական աշխատանքն ինձ համար դարձավ նախապատվելի:
Աշխատանքային գործունեությունս ինձ տվեց մեծ փորձ՝ ուսումնասիրելու և վերլուծելու երեխաներին, թե ինչպես են նրանք իրենց վախերի, լարվածության. կոնֆլիկտային զգացումները չկառավարելու պատճառով դառնում «հոգեկան հիվանդության կրողներ», «արտոնյալ հիվանդներ», և որոշեցի օգնել նրանց:
Խոսքն այն երեխաների մասին է, որոնց որոշակի անկարողությունը դառնում է «մեծարանք» իրենց ընտանիքի կամ հասարակության կողմից, և երբ այդպիսի երեխաները առողջ երեխաների հետ ներառվում են կրթական հաստատություններ, իրենց նկատմամբ պետք է ձևավորել ճիշտ հոգեբանական մոտեցում: Իմ կարծիքով ներառական կրթության նպատակն այն է, որ երեխաները ձգտեն նմանվել և ինտեգրվել առողջ երեխաներին, այլ ոչ թե ձևավորել անկարող մնալու արտոնությունը, իսկ մենք շատ ունենք օրինակներ,երբ ուսուցչուհին բոլոր աշակերտներին պարտադրում է կատարել հանձնարարությունները, իսկ ներառական կրթության երեխաներին ազատում է այդ առաջադրանքներից: Երբ վաղ տարիքում վախային հոգեբանական խնդիր ունեցող երեխայի մոտ ախտորոշում են «շփման անկարողություն», և չեն ջանում իր մեջ զարգացնել կարողություններ, նրան թույլ են տալիս ապրել չսովորելով, լինել «արտոնյալ»: Այս պարագայում բնական է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մտավոր հետամնացություն: Մինչդեռ չափազանց կարևոր է խնդրի լուծումը իրականացնել ճիշտ ժամանակին: Խոսքս հոգեբանական կոնֆլիկտային վարքով երեխաների մասին է: «Բանալի» մեթոդի առաքելությունն է վաղ հասակից օգնել երեխաներին դառնալ ինքնաճանաչ, ավելի պատրաստ դրական ընկալելու իրենք իրենց և շրջապատող աշխարհը:
8 տարի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ղեկավարելով հոգեբանական ծառայությունը և շփվելով շատ խելացի, գիտելիք սիրող երեխաների հետ, հաստատվեց իմ ցանկությունը՝ հիմնելու «Բանալի» կենտրոնը:
Ո՞րն է ՝«Բանալի» յուրահատուկ մեթոդի գաղտնիքը:
- Այս մեթոդը ստեղծել եմ երկար տարիների գործունեության ընթացքում՝ուսումնասիրելով երեխաների հետ արդյունավետ հոգեբանական աշխատանքների տարբեր երկրների փորձը: Մեթոդն անվանում եմ ֆրանսիական հոգեվերլուծության, սովետական մանկավարժության և հայկական ավանդական ընտանիքի մոդելի խառնուրդ. արդյունավետ և ժամանակակից մեթոդ, որը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի երեխան, որպես սոցիալական անձ իր սոցիումին և արդի ժամանակին համապատասխան: Մեր հնարքների, խաղերի, մուլտերի, հեքիաթների հիմքում ընկած են այն բոլոր միջոցները, որի շնորհիվ երեխային դարձնում ենք հասարակության անդամ, բայց դրա վրա հենում ենք հոգեկանի ճանաչման և կառավարման մեթոդը, որը հենց «բանալի» մեթոդն է: Մենք երեխային օգնում ենք կառավարել և ճիշտ դրսևորել սեփական զգացմունքները՝ ուրախության, բարկության, տխրության, կարոտի և այլն: Իսկ հոգեբանական աշխատանքի առաջին կարևոր քայլը երեխայի վախերի բացահայտումն ու հաղթահարումն է:
Մեր հասարակությունում քիչ չեն երեխաները, որոնք 2.5-3 տարեկանում դեռ չեն կարողանում ազատ խոսել, շփվել, ինքնուրույն խաղալ: Որպես հոգեթերապևտ, կնշե՞ք, թե որոնք են պատճառները, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ դրա արդյունքում, ինչպե՞ս հաղթահարել խնդիրը:
- Երբ ինչ-որ մեկը, առավել ևս մտերիմը, վախեցնում կամ նեղացնում է երեխային, երեխան հաճախ ասում է. «Ես ձեզ հետ չեմ խոսում»: Եվ, եթե փոքրիկի մոտ դեռ չի ձևավորվել բարձրաձայն խոսքը, նա ընդհանրապես կարող է որոշել չխոսել, այդ թվում՝ նաև իր ծնողի հետ: Երբ 2-2.5 տարեկան երեխաները դեռ չեն խոսում և ժեստերը չեն բավականացնում իրենց ցանկությունները լիարժեք արտահայտելու համար, նրանք ստիպված դիմում են լացի,ճիչի, և լացում են այնքան ժամանակ մինչև հասնում են իրենց ուզածին, կամ սպառվում, թուլանում, քնում են:
Լացն ու ճիչը մեզ բնազդով տրված է որպես ասելիք մինչև որոշակի տարիքը: Իսկ եթե մենք չենք օգնում երեխային, որ նա հաճույքով մուտք գործի բանավոր խոսքի դաշտ, նա կշարունակի օգտագործել այն, ինչն իրեն տրված է բնազդով: «Բանալի» ընտանիքի կենտրոնի՝ իմ կողմից մշտական վերապատրաստում անցնող մասնագետները «Սովորենք խոսել հաճույքով» ծրագրի շրջանակներում հոգեվերլուծորեն են մոտենում յուրաքանչյուր խնդրին և ջերմ խաղային մթնոլորտում օգնում են երեխաներին ձևավորել ազատ խոսքի միջոցով իրենց զգացումներն արտահայտելու կարողություն: Երեխաները սովորում են բարձրաձայնել իրենց մտքերը, բանակցել, համոզել, բացատրել, իսկ ծնողները ստանում են պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես շարունակեն մեր աշխատանքը տանը:
Մեզ դիմում են նաև Ռուսաստանից, Ամերիկայից,Ֆրանսիայից, Հոլանդիայից և այլ երկրներից ժամանած հայ ընտանիքներ, որոնց երեխաներն ունեն հայերեն խոսքի զարգացման հապաղում:
Հայաստանում գործում են մանկական զարգացման մի շարք կենտրոններ: Ինչպե՞ս կգնահատեք այս կենտրոնների զգալի աճը մեր երկրում:
-Ուրախ եմ , որ երեխաների համար հետաքրքիր, գիտելիքով լի զարգացման կենտրոնները շատանում են: Կարծում եմ ՝ մեր խելացի բալիկներին օգնել ճանաչել իրենց և իրենց շրջապատող աշխարհը ոչ միայն ցանկալի է, այլ պարտադիր, որպեսզի իրենք մեծանան վստահելով իրենց կարողություններին և ապագայում լինեն լիարժեք շփվող մեծահասակ: Կուզենամ , որ համագործակցություն ձևավորվի հոգեբանական ուղղվածություն ունեցող մեր կենտրոնի և զարգացման այլ կենտրոնների երիտասարդ մասնագետների միջև և կրթական առումով լինի շարունակական, որպեսզի հետաքրքիր «բանալիները», որոնք օգտագործում ենք մենք, երբ վերնագրում ենք կրթական-հոգեբանական աշխատանքը «Սովորում ենք խոսել հաճույքով», «Սովորում ենք սիրել սովորելը» իրենց հոգեվերլուծական բովանդակությամբ հասանելի լինեն իրենց: Այդ բանալիները օգնում են երեխաներին զարգացնել ի սկզբանե բնությունից տրված իրենց կարողությունները՝ կարողանալ դրանք արտահայտել լավի, գեղեցիկի, ուժեղի միջոցով:
Ես կարծում եմ մեր այսօրվա մեծերիս օգնությամբ՝ հաճույքով շփվող, հաճույքով խոսող, հաճույքով սովորող, փաստորեն հաճույքով մեծացող երեխաները մեր հուսալի ապագան են:
Երևակ - Գիտակրթական համակարգ