Կրթական աջակցություն զինվորականների ընտանիքներին

«Զինվորի մայր» հկ-ն ստեղծվել է 1991թ. հայկական բանակի կայացմանը նպաստելու համար: Նախ 1992-1994 թթ. 300 կին կամավորականներ համախմբվելով՝ հիվանդանոցներում խնամեցին շուրջ 2.5 հազար վիրավոր ազատամարտիկների: Հետո հոգեբանական վերականգնողական կենտրոն բացվեց՝ զոհված ազատամարտիկների մայրերին օգնելու համար: 1998 թվականից կազմակերպությունը զորակոչային հանձնաժողովի անդամ է: Զինծառայողների և նորակոչիկների ընտանիքների ու նրանց խնդիրների հետ անընդհատ առնչվող այս կազմակերպությունը իր ծրագրերը թիրախավորում էր հենց այդ խնդիրների ուղղությամբ: Վերջին տարիներին կազմակերպությունը զինծառայողների ընտանիքներին մեծապես աջակցում է նաև իր կրթական ծրագրերով, որոնք հանգամանալից ներկայացրել է «Զինվորի մայր» հկ-ի նախագահ Անահիտ Հովնանյանը:
«Արտ թերապիա». ներառական ուսուցման կրթական ծրագիր
Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունվարի 1-ից՝ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ: «Զինվորի մայր» հկ-ն երևանամերձ զորամասերի զինծառայողների ընտանիքների ցանկից ընտրել է այդ ընտանիքներում մեծացող ֆիզիկական հատուկ կարիքներ ունեցող 30՝ 5-13 տարեկան երեխաների: «Զինվորի մայր» հկ նախագահ Անահիտ Հովնանյանն ասում է. «Ընթացքը ցույց տվեց, որ դա շատ ավելի խորը և կարևոր ծրագիր է, քան մենք պատկերացնում էինք, որովհետև մեզ համար նոր բաներ, զարգացման նոր հեռանկարներ բացահայտեցինք»: Երեխաները սկսեցին հաճախել Հ. Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոն և անվճար ուսանել նկարչության, խեցեգործության, ձեռագործի, կավագործության, օրիգամիի, վոկալի, պարի, ժողգործիքների և այլ խմբակներում: Ծրագրում ներառված երեխաների համար այցելություններ են կազմակերպվում դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, ինչը երեխաներին իրենց մշակույթի հետ ծանոթանալու հնարավորություն է տալիս: «Սա շատ լուրջ աշխատանք է և լուրջ աշխատակազմ է պահանջում, որը մենք չունենք ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Երեխաների հետ աշխատող մասնագետները հիմնականում համատեղությամբ են աշխատում իրենց արձակուրդի հաշվին կամ կարճաժամկետ, սա սահմանափակում է մեզ ընդլայնվելու, մեր մտահղացումներն իրագործելու հարցում: Բայց չնայած դժվարություններին, ծրագիրը հաջող ընթացք ունեցավ, անգամ հայտնվեցին աջակիցներ, ովքեր առաջարկեցին կազմակերպել նաև երեխաների մարզական կրթությունը»,- ասում է ՀԿ-ի նախագահը: Ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը աստիճանաբար մեծացավ: Հայտերի մեջ մեծ թիվ էին կազմում փախստականների երեխաները Սիրիայից, Իրաքից, Ուկրաինայից և Արցախից` Թալիշից և Մարտակերտից, կազմակերպությունը նրանց ևս ընդգրկեց ծրագրում: «Զինծառայողների և փախստականների երեխաները խիստ տարբերվում են իրարից՝, և ըստ այդմ մեր ռազմավարությունը փոխվում է,-ասում է Անահիտ Հովնանյանը:- Ի դեպ փախստականների մեջ էլ առանձնանում է 2 խումբ` Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրների երեխաներ: Ծրագրի շրջանակներում կազմակերպում ենք ցուցահանդեսներ, ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Ծրագրում ընդգրկված մի քանի երեխաներ պատրաստվում են Ստրասբուրգում կայանալիք ցուցահանդեսին, որտեղ հայկական մանրանկարչության ոճով ներկայացնելու են մեր այբուբենի տառերը»: «Զինվորի մայր» հկ-ն իր՝ նախկինում իրականացրած ծրագրերի շրջանակներում փախստականների հետ աշխատելու փորձ ունեցել է. «Փախստականների խմբերը ոչ մշտական խմբեր են. դրանք ձևափոխվում են, հաճախ փոխում բնակավայրերը, մինչև ինչ-որ տեղ կայուն հաստատվելը: Սա թույլ չի տալիս նրանց հետ երկարատև կրթական ծրագրեր իրականացնել: Այդ պատճառով էլ նրանց հետ կապված կոնկրետ կրթական ծրագիր չենք մշակի: Փոխարենը ունենք մեկ այլ սոցիալական խումբ, որը ծարավ է այդպիսի ուսումնական ծրագրի: Դրանք սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներն են, որտեղ մեծանում են ապագա զինվորներ: Նրանք հազիվ կարողանում են երեխաներին հանրակրթական ուսման ուղարկել, էլ ինչ արվեստի, կամ թանգարան ու թատրոն հաճախելու մասին կարող է խոսք լինել: Ուզում ենք փոխել ծրագրի վեկտորը դեպի բազմազավակ ընտանիքները: Առայժմ ծրագրում ընդգրկված է Երևանը : Հույս ունենք կկարողանանք մարզերն էլ ընդգրկել»: Մարզերից առայժմ գործելու համապատասխան դաշտ ունի Շիրակի մարզկենտրոն Գյումրին: Այստեղ գործում է Հ. Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի մասնաճյուղը: Բացի այդ «Զինվորի մայր» հկ-ին հատուկ առաջարկով դիմել է Գյումրու «Տեխնոպարկը»՝ անվճար կազմակերպել պատերազմից տուժած երիտասարդ ընտանիքների երեխաների համար դասընթացներ:
Անվճար նախապատրաստական ֆակուլտետ
1994թ. «Զինվորի մայր» հկ-ն ստեղծել է անվճար նախապատրաստական ֆակուլտետը զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և բռնագաղթված երեխաների համար: Ծրագրի իրականացման համար նախ աջակցել է Թուֆենկյան հիմնադրամը, 2005 թվականից՝ ամերիկահայ մի բարերար, որը նաև միջոցներ տրամադրեց երեխաներին փոխադրամիջոցով, զինծառայողների անապահով ընտանիքներին ձմեռային հագուստի ծախսերով, օրապահիկով ապահովելու համար: Այդ միջոցները կուտակվել են Սուրբ Վարդան եկեղեցում և այնտեղից էլ Հայ Օգնության Ֆոնդի միջոցով ամեն տարի «Զինվորի մայր» հկ-ն ստացել է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը: «Մեր դասընթացի` 1000-ից ավելի սաներ արդեն դիպլոմավորված մասնագետներ են և ընդունվել են կշիռ ունեցող բուհեր` ԵՊՀ, ԵՊԲՀ և այլն: Ծրագիրը հիմա դադարեցրել ենք կոնտինգենտի սպառման պատճառով»,- ասում է:
Իրավական դպրոցների ստեղծումը մարզերում
«Զինվորի մայր» հկ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել` սպաների վերապատրաստումներ միջազգային բուհերում, ռազմահայրենասիրական դասընթացներ դպրոցներում` զորակոչիկերի համար: «Նպատակ ունենք անգամ կազմակերպել ամառային ճամբարներ, որոնց միջոցով կկարողանանք ապահովել զինծառայողների և նորակոչիկների իրավական տեղեկացվածությունը»,-ասում է Անահիտ Հովնանյանը՝ ընդհանրապես կարևորելով քաղաքացու իրավական պատրաստվածությունը: «Ես անգամ մշակել էի մի դասընթաց, որը կոչվում է «Կենդանի իրավունք»: Սա իրավական կրթության մի հետաքրքիր ձև է, որը խաղային դասերի միջոցով ներկայացնում է իրավական նորմեր և օրենքներ: Այսինքն բավարար չէ, որ մարդ պարզապես իմանա օրենքները, նա պետք է կարողանա այդ օրենքներից օգտվել, դրանք գործածել հօգուտ իրեն, ճանաչել իր տեղն ու դերը սոցիալ-իրավական դաշտում»: «Զինվորի մայր» հկ-ի գլխավոր առաքելություններից մեկն է զինծառայողների և նորակոչիկների ընտանիքների իրավական իրազեկման ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, զինվորական օրենսդրության հիմնական դրույթների իրազեկումը, նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և իրավական կրթությանը:
Այդ նպատակին է ծառայում նաև 2014թ. մեկնարկած «Իրավական դպրոցների ստեղծումը մարզերում» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի 4 վարչական շրջաններում և Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում ստեղծվեցին իրավական դպրոցներ, որտեղ տեղի բնակչությունը պետք է ստանա իրավական խորհրդատվություն և կրթական աջակցություն զինվորական օրենսդրության, զորակոչի, զորակոչիկների բուժզննության և զինծառայության այլ հարցերի վերաբերյալ: «Մենք ամեն ինչ անում ենք կայուն բանակ ունենալու համար, որովհետև ամենածանր պահին մենք բանակի շուրջն ենք համախմբվում: Դա է այսօր մեր ամենահաստատուն, ամենակայացած և հեռանկարային կառույցը, և մենք պարտավոր ենք դրա հետ հաշվի նստել և սատարել մեր բանակին, բարձրացնել մեր զինվորների ու նրանց ընտանիքների իրավագիտակցությունը, օգնել խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծելու հարցում, բանակ ուղղորդել ոչ միայն առողջ, այլ բազմակողմանի զարգացած ու կիրթ տղաներ: Մեր կրթական բոլոր ծրագրերը հենց այդ նպատակին են միտված»,-եզրափակում է Անահիտ Հովնանյանը:
Երևակ - Գիտակրթական համակարգ