Բարեփոխումնե՞ր, թե դանց իմիտացիա

Ամանորից մի քանի օր առաջ բանտից զանգեց Գագիկը եւ ասաց, որ ուզում է մատը կտրել եւ ուղարկել Եվրադատարան: Ես ասացի` էշություն է մտածածդ, բացի այդ էլ՝ մատդ Եվրադատարան չի հասնի: Ասացի՝ մատ կտրելու մասին մոռացիր: Նա ասաց՝ լավ:

Գագիկը մատը չի կտրել առ այսօր, բայց նման բաներ նրա մտքով հաճախ են անցնում: Նա փնտրում է իր նկատմամբ կայացված անարդար դատավճռի դեմ բողոք արտահայտելու ձեւեր: Հետո մի պահ պատկերացրի եվրադատավորների դեմքերը, երբ ծրարից հանեն ստեփանավանցի Գագիկի մատը:

Գագիկն իսկապես «դժվար դատապարտյալ» է: Դժվար է, որովհետեւ նրա գլխին սարքել են ու չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Նրան սկզբում մեղադրանք են առաջադրել խոշոր չափերով գողություն կատարելու համար, այնուհետեւ մեղադրանքը փոխվել է, եւ Գագիկ Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել խմբակային գողության համար:

Պատկերացնու՞մ եք՝ դատարանը ապացուցված է համարել, որ հանցավոր խումբը հանցագործություն է կատարել, բայց պատիժը կրում է միայն Գագիկը: Ընդ որում, խմբի մասին միայն Գագիկն է պատմել: Նա իր ցուցմունքներում նշել է այն մարդկանց անունները, ովքեր իր նկատմամբ ճնշումներ են գործադրել, հալածել են եւ պարտադրել գողություն կատարել: Գագիկն այդ ամենի մասին ժամանակին տեղեկացրել էր ոստիկանությանը:

Երբ արդարադատության վերջին երեք նախարարները խոսում էին բարեփոխումների մասին, ես լուրջ չէի վերաբերվում նրանց ասածներին: Այդ բարեփոխումներն արդեն տասը տարի է՝ ընթացքի մեջ են, բայց արդյունքում դատավորներն անկախ չեն դարձել, հակառակը՝ ավելի վերահսկելի եւ ավելի կոռումպացված են: Նրանց դրամական եւ այլ կարողությունները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, նրանք ձեռք են բերում հարյուր հազարավոր դոլար արժողությամբ առանձնատներ, թանկարժեք ավտոմեքենաներ: Սակայն թե ինչպե՞ս են ձեռք բերել, որտեղի՞ց նրանց այդ միջոցները, ոչ մեկին չի անհանգստացնում: Մինչդեռ նախեւառաջ այստեղից պետք է սկսել բարեփոխումները:

Ես համոզված եմ՝ այսօր էլ բարեփոխումների կարիք չկա. ընդամենը պետք է վերցնել մի քանի դատավճիռ, գնալ դրանց հետքերով եւ բացահայտել ամբողջ շղթան: Պարզել, թե ինչպես է կայացվել կոնկրետ դատավճիռը: Վերջերս եղավ անդարաձադձ` փողերի լվացման գործարքը կանխելու մի փորձի մասին: Երկու դատավորներ կայացրել են իրար հակասող վճիռներ: Գործի նյութերում ոչինչ չի փոխվել, որեւէ թուղթ չի ավելացել:

Եթե Հատուկ քննչական ծառայությունը կարողանա դատավոր Կուբանյանից պարզել այն պաշտոնյաների անունները, որոնց զանգով վճիռ է կայացրել, ազատազրկման վայրում կհայտնվեն դատավորը, նախարարը, բանկի ներկայացուցիչը: Դրանից հետո որեւէ դատավոր զանգով որոշում չի կայացնի, համոզված եմ: Բարեփոխում ասելով՝ ես հասկանում եմ հենց նման գործությունները:

Նախարար Թովմասյանը բարեփոխում ասելով հասկանում է օրենքների փոփոխությունները: Բայց մի՞թե Հայաստանում օրենքի խնդիր կա: Հաշվեք, թե Վենետիկի հանձնաժողովը որքան փող է աշխատել Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին կարծիք հայտնելիս կամ եզրակացություն տալիս: Որքան էլ տարօրինակ է՝ ամեն անգամ դրական եզրակացություն է տալիս: Բայց մի՞թե դրա արդյունքում Հայաստանում ընտրությունները նորմալ են ընթանում:

Պարոն նախարար, ահա բարեփոխումներ կատարելու երկու օրինակ՝ Գագիկ Կարապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը եւ «Նաիրիտ գործարանի» դեմ դատավոր Արա Կուբանյանի կայացրած վճիռը: Ուզու՞մ եք հավատանք Ձեզ, զբաղվեք այս վճիռները կայացրած դատավորներով, պատժեք նրանց, եւ դրանից հետո որեւէ դատավորի մտքով էլ չի անցնի փողով կամ զանգով որոշում կայացնել: Այնպես որ, ժամանակն է դուրս գալ բարեփոխումերի «օրորոցից» եւ քայլեր անել:

Էդիկ Բաղդասարյան.  Հետք.ամ