Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից դուրս. Ստեփան Գրիգորյան

քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար

 

-Ինչպիսի՞ն է եղել Հայաստանի և իր հարևան երկրների փոխհարաբերությունների դինամիկան, ի՞նչ ունենք մենք այսօր:

-Տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի փոխհարաբերությունները դիտարկելիս բնականաբար պետք է խոսենք այն մասին, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ կան երկու փակ և երկու բաց սահմաններ: Պարզ է, որ ցանկացած երկիր պետք է փորձի շրջափակումից դուրս գալ, և կարծում եմ՝ դրա հետ էր կապված նաև այն, որ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների բարելավման փորձին, ինչը թեև ձախողվեց, սակայն կարևոր գործընթաց էր: Իրողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ առաջի-կայում ղարաբաղյան հարցը հեշտորեն չի լուծվելու, իսկ դա նշանակում է, որ հարևանների հետ հակամարտող հարաբերությունները առաջիկայում էական փոփոխություն չեն կրելու:

-Որո՞նք են տարածաշրջանի երկրներն ընդգրկող տարաբնույթ նախագծերից Հայաստանի մեկուսացվածության պատճառները:

 

-Ինչպես նշեցի՝ չենք կարող հույսեր փայփայել, որ առաջիկայում Արցախի հիմնահարցը կլուծվի, հետևաբար, մենք շանս ունենք զարգացնել հարաբերությունները հյուսիս-հարավ ուղղությամբ: Օրինակ, էլեկտրաէներգիայի հետ կապված կան համատեղ նախագծեր թե՛ Վրաստանի և թե՛ Իրանի հետ: Սակայն, մենք ավելին կարող ենք ունենալ: Որպես օրինակ՝ կարող ենք դիտար-կել նույն Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը. ծրագիրը կարծես ընդունված է, գումարի մի մասը ստացվել է, բայց տեսնում ենք, որ աշխատանքները շատ դանդաղ են գնում: Հաջորդ չօգտա-գործված հնարավորությունը դեպի Վրաստան իրանական գազի մատակարարումն է: Ընդ որում Վրաստանը շահագրգռված է, որ անցնի Հայաստանի տարածքով, քանի որ ուզում են դիվերսիֆիկացնել իրենց կախվածությունը Ադրբեջանից: Սակայն, ես չեմ տեսնում, որ մենք աշխույժ աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ «Գազպրոմը» դեմ էր նաև այդ նախագծին, քանի որ Ռուսաստանի ընդհանուր շահն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դուրս մնա ինտեգրացիոն նախագծերից: Որքան Հայաստանը մեկուսացված լինի, այնքան ավելի ռուսամետ կլինի: Այսինքն՝ սրանք այն նախագծերն են տարածաշրջանային առումով, որ մենք չենք կարողացել ամբողջությամբ իրագործել: Այս ծրագրերի մասին շեշտում եմ, քանի որ դրանք ռեալիստական են: Ինչ վերաբերում է Իրանի հետ երկաթգծին, ապա չեմ կարող միանշանական քննադատել իշխանություններին, քանի որ հասկանալի է՝ դա մեծ գումարներ պահանջող ծրագիր է, պարզապես պետք է նաև ակտիվություն ցուցաբերել: Մյուս ծրագիրը, որը չի ի-րականացվել և որի մասին շատ քիչ են խոսում, այն է, որ Իրանը ցանկություն ուներ Հայաստանի հարավում նավթամշակման փոքր գործարան կառուցել: Իրանը գտնվում էր ուժեղ սանկցիոն ռեժիմի տակ և հետևաբար ձեռնտու էր Հայաստանի հետ նման նախագծի իրականացումը, սա-կայն դա էլ չիրականացավ ներհայաստանյան սուբյեկտների շահերի բախման արդյունքում: Խոսքս էներգակիրներ ներմուծողների մասին է: Եվ բառացիորեն մի քանի ամիս առաջ Իրանն ու Վրաստանը համաձայնագիր ստորագրեցին Վրաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին՝ շուրջ 800 աշխատատեղով: Եվրամիության մասով էլ պետք է նշել մի կարևոր հանգամանք, որ նրանք միշտ խրախուսել են տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը: Օրինակ նրանք որոշումներ էին ընդունել, որ չեն աջակցելու այն բանկերին, որոնց տված գումարներով իրականացվող ծրագրերը շրջանցելու էին Հայաստանը: Այ-սինքն՝ Արևմտյան գործընկերներն, ըստ էության, արել են իրենցից կախված առավելագույնը Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարներին նպաստելու համար, սակայն մենք ընտրեցինք ուրիշ ճանապարհ՝ հրաժարվելով խորացնել համագործակցությունը:

ԵԱՏՄ-ին անդամակցությունը որքանո՞վ կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսական գրավչությունը տարածաշրջանային երկրների հետ համագործակցության տեսանկյունից:

Տեսականորեն ԵԱՏՄ-ն կարող է Հայաստանին լրացուցիչ գրավչություն հաղորդել նույն այլ երկրների հետ համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերում, օրինակ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փորձենք Իրանի հետ ծրագրեր անել: Սակայն խնդիրն այս-տեղ այն է, որ ԵԱՏՄ-ն, որպես կառույց, կայացած ու գործող մեխանիզմ չէ: Եվ այստեղ խնդիրը զուտ այն չէ, որ նորաստեղծ կառույց է, ինտեգրացիան խորը չի: Խնդիրն այն է, որ կառույցի ներսում չեն աշխատում խաղի կանոնները, որոնց փոխարեն շատ ուժեղ են չգրված օրենքները: Գործառնական տեսանկյունից ԵԱՏՄ-ն արդյունավետ չի, քանի որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացում կարևոր է նաև լիդերը: Օրինակ՝ Եվրամիության լոկոմոտիվ երկրներն են Գեր-մանիան և Ֆրանսիան. եթե այս երկրները հաջողակ չլինեին, այդ ինտեգրացիայից ոչինչ չէր ստացվելու: Մեր կառույցի դեպքում Ռուսաստանն է լիդերը, որը չի կարողանում արդյունավե-տություն ապահովել, քանի որ նախ և առաջ չունի օրինակելի տնտեսություն, հետևաբար պարզ է, որ ԵԱՏՄ-ն՝ որպես կառույց չի աշխատելու: Իսկ եթե տեսականորեն մենք վերցնենք, որ այդ կառույցը որևէ արդյունավետություն ունի, ապա մենք կարող ենք ինչ-որ օգուտներ ստանալ: