Սպորտից մինչև անվտանգ երթևեկություն

Շունչդ համարյա կտրվում է սպասելով՝ անվնաս տեղ կհասնի՞, թե՞ ոչ: Լեռնային վտանգավոր ոլորանների, արագընթաց գետերի, տիղմի հաստ շերտերի, անապատների ավազների միջով հարյուրավոր կիլոմետրեր կտրելու համար դժվար է ասել՝ ավելի շատ համարձակությու՞ն է պետք, նվաճելու ծայրահեղ ձգտու՞մ, թե՞ այլ բան, որը գիտե միայն ավտոսպորտով զբաղվող և մեքենայի ղեկին նստած մարզիկը: Այդ մրցավազքը դիտելու հետաքրքրությունն ամբողջ աշխարհում հսկայական մասշտաբների է հասնում: Հայաստանում մենք ոչ բարդ ու դժվարանցանելի տեղանքների պակաս ունենք, ոչ էլ խելահեղության: Արդյո՞ք դա բավարար է զարգացած ավտոսպորտ ունենալու համար. փորձենք հասկանալ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի հետ:
-Ավտոսպորտի նկատմամբ հետաքրքրությունը արդյո՞ք արկածախնդրությունն է:
-Ավտոսպորտի և դրա մրցաձևերի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է մեքենայի հնարավորություններն ու շքեղությունը ներկայացնելու, նրա սլացքն ու մանևրի վարպետությունը ցուցադրելու ցանկությամբ: Այստեղ մեքենան սովորական փոխադրամիջոցից վերածվում է մրցապայքարի դուրս եկող շքեղ ու արագընթաց միջոցի: Ու ստեղծվում է դինամիկ ու հետաքրքիր կյանք մեքենայում և մեքենայից դուրս… Մարդիկ մեծ ոգևորությամբ են գալիս, քանի որ ներկայացումը, իրոք, շատ դիտարժան է:
Բայց սա սպորտաձև է իր բոլոր կանոններով: Ցանկացած միջոցառում իրականացնելու համար մենք պարտադիր ստեղծում ենք կազմկոմիտե՝ բաղկացած տվյալ սպորտաձևի մասնագետներից: Կազմկոմիտեն ամեն մի փուլի համար առանձին մշակում է կանոնակարգ:
Կարող եմ ասել, որ տարեցտարի Հայաստանում մեծանում է ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ, ստեղծվում են ավտոսպորտով հետաքրքրված ակումբներ ու միություններ:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան համախմբում ու կոորդինացնում է Հայաստանում գործող 15 ավտոմոբիլային ակումբների աշխատանքը: Ակումբներն ինքնուրույն գործունեություն ծավալելու իրավունք ունեն, բայց Հայաստանի առաջնություն անցկացնելու միակ իրավունքը պատկանում է ֆեդերացիային:
-Իսկ գործնականում ի՞նչ է տալիս այն:
-Այնքան մանրուքներ ու նրբություններ կան, որոնք ոչ մի տեղ չեն սովորեցնում: Իսկ մենք ունենք մասնագետներ, ովքեր կարող են սովորեցնել մանևրել ցանկացած տիպի մեքենայով ամենափոքր հատվածում անգամ: Նույնիսկ ուզում ենք համապատասխան դասընթացներ կազմակերպել, որոնց հանդեպ, ամենակարևորը, մեծ հետաքրքրություն կա, քանի որ այդ հնարքներին տիրապետելը շատ օգտակար է այսօրվա քաղաքային երթևեկության պայմաններում: Եթե ունենք սպորտի լավ վարպետներ, ապա ինչու՞ նրանց գիտելիքներն ու փորձը չօգտագործենք:
Մենք նույնիսկ նախատեսում ենք մրցումներ կազմակերպել տաքսի ծառայությունների միջև. թող գոնե տիրապետեն էլեմենտար մանևրներին: Դա նաև բավական շահավետ կլինի իրենց բիզնեսի տեսանկյունից, առավել ևս երբ վարորդները կստանան Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի սերտիֆիկատը: Սա էլ է մեր գործառույթը, որը կապ չունի սպորտի հետ, բայց իր նշանակությամբ կարևոր է:
-Կին վարորդներն իրենց վարպետությամբ սովորաբար զիջում են, իսկ ֆեդերացիայի կազմու՞մ:
-Կանանց ակումբը յուրատեսակ է, այն միայն սպորտային ակումբ չէ, այլև հարմարավետ պայմաններում երթևեկության կանոնների ու տեխնիկական սպասարկման վերաբերյալ գիտելիքները խորացնելու մեծ հնարավորություն է ընձեռված: Կին վարորդներն այսօր շատ են, և տեսնում ես, որ նրանք խնդիր են ունենում հատկապես կայանման կամ խցանման ժամանակ, ու փողոցում սկսվում է խառնաշփոթ: Մենք կանանց մասնակցությամբ միջոցառումներ ենք անցկացում, ասենք, երթևեկության կանոններին ծանոթացնելու կամ վարորդական ունակությունները ստուգելու նպատակով: Եվ անգամ նրանց պարգևատրում ու ոգեշնչում ենք:
-Անվտանգության խնդիրը ավտոմրցարշավներում ամենակարևորներից է, այդ թվում՝ երթևեկության անվտանգությունն ընդհանրապես: Մենք ինչպե՞ս ենք պահպանում այդ նորմերը:
-Ավտոմրցարշավ անցկացնելը բավականին լուրջ ու բարդ աշխատանք է, որը սկսվում է այն անցկացնելու թույլտվություն ստանալուց մինչև բոլորի՝ մարզիկների ու հանդիսատեսի անվտանգությունը ապահովելը: Յուրաքանչյուր միջոցառման համար ապահովագրվում է մարզիկի կյանքը և առողջությունը: Բացի այդ մեքենաները պարտադիր տեխզննման են ենթարկվում. դրանք պետք է հարմարեցված լինեն մրցարշավի պահանջներին՝ նախատեսված միայն սպորտի համար: ՀԱՖ-ը իրավունք ունի արգելել որևէ ակումբին ավտոմրցում անցկացնել, եթե այն չի համապատասխանում պահանջված չափանիշներին:
Միջոցառումների շրջանակներում մենք համագործակցում ենք ճանապարհային ոստիկանության հետ և այնպիսի կազմակերպությունների, որոնք կարող են շահագրգիռ լինել այդ հարցում:
Սակայն մեր հատուկ ուշադրության կենտրոնում ոչ միայն մրցարշավների անվտանգության և վարորդական վարպետության հարցերն են, այլև երթևեկության անվտանգության խնդիրն ընդհանրապես: Ամրագոտիների կիրառության հիմքը Համաշխարհային ավտոմոբիլային ֆեդերացիան (FIA) դրեց: Հայաստանում ֆեդերացիան այդ հարցը առաջ քաշեց, և երբ դրա համար գումար ներդրվեց FIA-ի կողմից, մեր կառավարությունը ևս քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ: Բայց սա ՀԱՖ-ի միակ ձեռքբերումը չէ: Միջազգային ֆորումների ու կոնգրեսների ժամանակ համագործակցության բավական լուրջ հեռանկարներ են ստեղծվում: Օրինակ՝ միջոցառումներ ենք իրականացնում ՄԱԿ-ի կողմից հռչակված «Ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրի շրջանակներում: Համաշխարհային ավտոմոբիլային ֆեդերացիան բավական ակտիվ է և իր ծրագրերին մասնակից է դարձնում իր անդամներին, այդ թվում` Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային:
Մենք ուշադիր հետևում, ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ խնդիրներ կան, դրա վերաբերյալ ինչ առաջարկություններ կարելի է ներկայացնել, ինչի արդյունքում հնարավոր է մի շարք ծրագրեր ֆինանսավորվեն:
-Ինչքանո՞վ են մեր մարզիկները լուրջ ու հեռանկարային վերաբերվում սրան որպես սպորտաձև:
-Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ունի խոստումնալից ավտոմարզիկներ, և վստահ եմ՝ հեռու չէ այն օրը, երբ սպորտի այս տեսակը մեզ հաջողություններ կբերի: Իսկ ոչ պրոֆեսիոնալ ավտոմրցույթին մասնակցությունը միայն ցանկության հարց է:
-Սովորաբար Հայաստանում մարզիկները որոշակի հաջողություններից հետո հեռանկար այլ երկրներում են փնտրում:
-Մենք ունենք հայազգի մարզիկ, ով հրաժարվել է Ռուսաստանի կողմից տրվող սպորտային արտոնագրից և պատվով կրում է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունքը:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից տրվել է արտոնագիր մեկ մարզիկի, ով Գերմանիայում Հայաստանի դրոշի տակ է ելույթ ունենում: Խոսքը հեռանկարային երիտասարդ Արթուր Գորոյանի մասին է: Նա Հայաստանի դրոշն ու մեր ֆեդերացիայի լոգոն փակցնելու իրավունքն անմիջապես ձեռք բերեց: Իրականում Արթուրի հետ կապված մեծ հույսեր ունենք:
-Ավտոմրցարշավների հետաքրքրությունը մեքենաների տեսակով ու արտաքին տեսքով է նաև պայմանավորված: Մենք, հուսով եմ, չենք խեղճանում այդ հարցում:
-ՀԱՖ-ն ունի 100-ից ավելի ավտոմեքենաների ցանկ, որոնք ունեն ռետրո մեքենայի կարգավիճակ, կան նաև բացառիկ մեքենաներ, որոնցից մեկը Հայաստանում է` ջրընթաց աուֆիմյան: Ունենք հնաոճ մեքենաների չափազանց հետաքրքիր հավաքածու, որոնք հիմնականում ցուցադրությունների համար են, բայց դրանցով նաև ավտոերթ է կազմակերպվում: Այդպիսի մեքենա ունեցողը հպարտանալու տեղ ունի, նա միջոցառման ժամանակ ՀԱՖ-ի կողմից ստանում է մասնակցության սերտիֆիկատ, ինչը տվյալ մեքենայի պատմությունն է հարստացնում: Վերջերս մենք կազմակերպեցինք հնաոճ և պատմական մեքենաների ցուցադրություն, և արձագանքը շատ մեծ էր: Երբ տեսնում ես այդքան գեղեցիկ մեքենաներ, անկախ քեզանից դրական էմոցիաներ են առաջանում, ժպտում ես:
Այս տարի քաղաքապետարանի պաշտոնական հրավերով ֆեդերացիան մասնակցեց Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Մենք Մաշտոցի պողոտայում ցուցադրություն կազմակերպեցինք 40-ից ավելի մեքենաներով: Ներկա էին քաղաքապետը, նախագահը: Մեր ներկայացումից հետո թե՛ ֆեդերացիայի նախագահը, թե՛ մյուս բոլոր մասնակիցները ստացան հատուկ շնորհակալագրեր:
-Եթե պատկերենք ֆեդերացիայի գործունեության դինամիկան, ապա ի՞նչ տեսք ունի այն:
-Ամեն մի միջոցառում, նախորդի հետ համեմատած, որակապես տարբերվում է և ավելի դիտարժան դառնում՝ ամեն անգամ հանդիսատեսի ավելի մեծ թիվ հավաքելով: Մեր առջև խնդիր ենք դնում մեկ տարվա ընթացքում 10-15 միջոցառում իրականացնել: Իսկ ոչ ռեալ խնդիրներ մեր առջև չենք դնում: Մենք այսօր չենք կարող հավակնել Հայաստանում ավտոսպորտը բարձրացնել այն մակարդակին, որ կարողանանք մասնակցել «Ֆորմուլա 3» մրցույթին: Դա ոչ այնքան մեր վարպետության հետ է կապված, որքան ֆինանսկան միջոցների, որը մեր երկիրը չունի: Մենք փորձում ենք գոնե մեր հասարակության մեջ առկա պահանջարկը բավարարել:
<Երևակ> ամսագիր