ՏՏ.իրական հնարավորություններ տնտեսության համար.Հարություն Գրիգորյան
Mylivekit.com նախագծի հիմնադիր տնօրեն
Լինելով ծրագրավորող և բացառիկ նախագծի հիմնադիր՝ մասնավորապես կարծում եմ, որ պետք է ապահովել մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացումը և էլեկտրոնային հասարակության կայացումը: Արդիական խնդիր եմ համարում լավ մասնագետների բացակայությունը և նրանց հեռացումը, ցանկացած մասնագետի փոփոխություն վնասում է ծրագրին, որը դու կատարում ես տվյալ պահին. տարբեր մասնագետների մոտեցումը մեկ նախագծին արդեն վնաս է այդ գործին: Մեր հայ մասնագետներին բնորոշ է այն մոտեցումը, որ առավել նախընտրում են կատարել արտասահմանյան պատվերներ, քան տեղական ընկերությունների պատվերները, ինչը արդարացվում է շատ ցածր աշխատավարձի առկայությամբ: Եթե ունես ընկերություն, ունես աշխատուժ, բնականաբար, պետք է վճարես այդ մարդկանց, պարտադրված ընդունում ես դրսի պատվերը, որն առավել եկամտաբեր է: Թերևս սա է պատճառը, որ տեղական ընկերությունները չեն զարգանում և մեծ կախվածություն են ունենում արտաքին պատվիրատուներից, քանի որ մեր մասնագետները, կատարելով դրսի պատվերներ, ժամանակ չեն ունենում սեփական ծրագրերի վրա աշխատելու: Այսօր արտաքին շուկայում մենք ընդգրկված ենք էժան աշխատուժի ցուցակում, անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպը՝ զարկ տալով տեղական ընկերությունների զարգացմանը: Պետք է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը կնպաստի մասնագետների որակավորմանը: Եթե հույսդ դնես միայն բուհի տված գիտելիքների վրա, ոչնչի չես հասնի, այն ուղղակի քեզ ներշնչում է, հիմք է դնում, պետք է շարունակես սովորել, այդ հիմքը վերցնելով զարգացնելով՝ դառնաս մասնագետ: Այսօր ոչ մի ակնկալիք չկա մեր կրթական համակարգից, որովհետև բուհում դասավանդող դասախոսների աշխատավարձերը այնքան ցածր է, որ ոչ մի լուրջ մասնագետ նման գումարներով իր ժամանակը չի վատնի դասախոսելու վրա: Ինքս վեբ ծրագրավորում եմ դասավանդում և դա անում եմ առաջին հերթին ոչ թե գումարի համար, այլ պատրաստում եմ սեփական կադրեր մեր ընկերություններում և նախագծերում ընդգրկելու համար:
Մեր երիտասարդներն ունեն ստեղծագործ և ճկուն միտք, պարզապես չունեն հնարավորություն և ինքնավստահություն: Իմ կոչը հետևյալն է՝ պետք չէ սահմանափակվել, պետք է նորարարություններ անել, իրականացնել բոլոր ծրագրերը՝ չվախենալով բարդություններից: Բոլոր հայտնի կայքերն ու ծրագրերը ունեցել են նմանատիպ խնդիրներ, բայց հիմա նրանք հասել են անհաս բարձունքների: IT-ն անվերահսկելի ոլորտ է, որն էլ նրա առավելությունն է, և դա պետք է օգտագործել:
Երևակ ամսագիր
