Մշակույթը որպես աշխատող բիզնես. Վահրամ Սահակյան
Մեր երկրում չի կարող լինել բիզնես՝ շոուի առումով, որովհետև մենք քիչ ենք. դա է ամբողջ խնդիրը: Մենք ոչ թե վատն ենք կամ լավն ենք, այլ քիչ ենք: Մենք ցաք ու ցրիվ եղած ժողովուրդ ենք` հիվանդագին հատկանիշներով, որոնցից առաջինը ազգայնամոլությունն է: Կարող է՝ սևամորթ մարդը իր մտավոր ունակություններով տարբերվում է հայից, որովհետև նրա պապերը 200 տարի առաջ Աֆրիկայում ապրում էին ջունգլիներում, բայց հիմա նրանք ավելի նորմալ պայմաններում են ապրում, քան թե դու, որ ունես 4 հազար տարվա մշակույթ: Ինչ-որ արժեք ունի՞ դա: Չունի: Դա կերևար մեր վրայից, եթե մենք այսօր իրար թարս չնայեինք, ամեն երգիծական խոսքից չվիրավորվեինք: Կուլտուրա չկա, քաղաքացի չկա, քաղաք չկա, քաղաքապետ չկա: Խառնիխուռն է: Ես ասել եմ, և դրանով ոչ վախեցնում եմ, ոչ էլ վատ եմ զգում, հայերեն ոչ մի տող չեմ գրելու: Ես հիմա փորձում եմ կապվել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ. հրատարակիչ է պետք, հրատարակչություն է պետք: Այս շուկայում գրեմ՝ ինչի՞ համար, որ 3 տարվա մեջ 500 հոգի գիրք առնե՞ն: Ինձ պետք չի այդ շուկան: Հետո արդեն ճաշակը խարխլված է: Մարդկանց 50%-ը նայում էր «Մեա կուլպա» կամ «Խաթաբալադա», երկու տարի հետո էլ եկող չէր լինում: «Մեա Կուլպան» նայում են նույն մարդիկ, մարդ կա՝ 5-6 անգամ արդեն նայել է: Դա չի նշանակում, որ դահլիճը միշտ լիքն է: Ես չեմ ուզում գցել «Մեա Կուլպայի» արժեքը, բայց նույն մարդիկ են գալիս:
Ինչի՞ց է դուրս գալիս շովինիզմը՝ մենք, մենք, մենք հայ ենք, ստեղծարար ոգի ունենք... Թքել եմ ձեր ստեղծարար ոգու վրա, եթե դուք մի հաղորդում չեք կարողանում նկարել, ձերը:
Ես չեմ ուզում խոսել որևէ ազգային հարցի մասին, ես զզվում եմ արդեն: Ես կարդում էի Անդրանիկ Զորավարի նոթերը, ասում է. «Ես պիտի սկզբում այս ազգի կեղտի, 50 տոկոսի, ոնց որ Նժդեհն արեց, արյունը թափեի, նոր անցնեի թուրքերին: Որովհետև կեղտոտ արյունը դարերի ընթացքում էության մեջ է մտնում»: Նույնն էլ Շառլ Ազնավուրն է ասել: Թուրքիայից հողերն եք ուզում, որ ի՞նչ անեք: Գնալու եք, մի օբյեկտ էլ էնտեղ սարքեք, մի Հարսնաքար, ու իրար գզեք: Ու ինչի՞ եք ասում` էս հրեաները... հրեաները իրենց համար շատ էլ լավ ազգ են: Կամ ի՞նչ է նշանակում՝ ամերիկացի դոդ գլուխ, ոչ տրադիցիաներ ունեն, ոչ էլ... Մեկը հարցնի՝ դու՛ք ինչ տրադիցիա ունեք. սկեսուրը հարսին է ծեծում, մեկը կույս է, կույս չէ: Սա՞ է նպատակը: Եթե սա է, ուրեմն …
Երևակ ամսագիր
