Կրթություն. Էլեոնորա Թումանյան
Կրթական համակարգում կարևոր բարեփոխում էր ավագ դպրոցի ներդրումը: Բայց այս համակարգի հանդեպ անհրաժեշտ է ձևավորել վստահություն, քանի որ այն դեռևս կայանալու խնդիր ունի: Մի կողմից` մենք դժվարությամբ ենք ընդունում ցանկացած նորը, մյուս կողմից` դեռ լիարժեք պատկերացում չի ձևավորվել կրթության երրորդ աստիճանի` ավագ դպրոցի առաքելության կարևորության և նպատակների վերաբերյալ: Իննամյա կրթությունը շատերին միանգամայն բավարար է, ովքեր ամենևին կարիք չունեն ուսումը ավագ դպրոցում շարունակելու: Այս նույն սխալը գործում էին նաև խորհրդային շրջանում. բարձր դասարաններում ուսումը շարունակում էին այնպիսի երեխաներ, ովքեր անելիք չունեին այդտեղ, բայց փոխարենը հաջողությամբ կարող էին իրենց տեղը գտնել այլ ասպարեզներում: Մեր ազգին բնորոշ հատկանիշներից է ձգտումը դեպի բարձրագույն կրթությունը: Բայց սա, իր դրական կողմով հանդերձ, շատ անգամ հակառակ ազդեցությունն է թողնում, երբ չեն խորանում երեխայի նախասիրությունների մեջ: Ծնողները նախ նրանց ստիպում են գնալ ավագ դպրոց, որտեղից էլ, բավարար գիտելիքներ ձեռք չբերած, պարտադրում են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել` ցանկացած գնով: Եվ այստեղ դպրոցն իր առաքելությունն ունի. աշխատել ծնողի հետ` երեխային ճիշտ կողմնորոշելու համար:
Խնդիրն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Դպրոցի բարեփոխումների և զարգացման ծրագրերի հաջողությունն ու արդյունավետությունը մեծապես պայմանավորված են մանկավարժների մասնագիտական պատրաստվածությամբ, բարձրակարգ կրթական նվաճումները կյանքի կոչելու պատրաստակամությամբ: Ուստի` բարեփոխումներ կատարելիս պետք է դիտարկել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ուսուցչի կարիքները, արժեքային համակարգը և պատրաստվածության աստիճանը: Աշխատանքային սովորական պայմաններում ուսուցիչներն իրենց հանգիստ են զգում, բայց վախենում են ցանկացած նորամուծությունից: Ուսուցիչների մեծամասնությունը պետք է գիտակցի, որ ուսուցման գործընթացի բարելավման գործում նոր գաղափարների անհրաժեշտություն կա: Հանրակրթական դպրոցներում ուսուցիչները լիովին պատրաստ չեն դասավանդելու 17-18 տարեկան պատանիների և աղջիկների: Սա իսկապես խնդիր է. փորձում ես պահպանել աշակերտի կերպարը, երբ նրանք արդեն այդ կերպարից դուրս են եկել: Բացի այդ, եվրոպական արժեքներին ինտեգրումը առաջին հերթին այս սերունդի մեջ է ձևավորվում, նրանք շատ հաճախ ուզում են նմանվել արտասահմանյան «high school»-ի աշակերտներին` ազատ շփվել, ազատ հագնվել, ազատ հաճախել: Իսկ դրան պատրաստ չէ ուսուցիչը, մանավանդ խորհրդային տարիներից դասավանդող ուսուցիչը: Եվ հարց է` նա սխա՞լ է, թե՞ ճիշտ: Փաստորեն, անջրպետ է առաջացել ուսուցչի և աշակերտի միջև: Այսօր աշակերտների հետ պետք է շփվել իբրև հավասարը հավասարի հետ` ապահովելով ուսուցման և դաստիարակության ներդաշնակ միջավայր, պահպանելով սովորողների իրավունքները պետական կրթական չափանիշներին համապատասխան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդհատ մշակվում են ուսուցման ժամանակակից բազմաթիվ մեթոդներ, և մանկավարժական կազմի` ներկայումս կիրառվող մեթոդները չեն կարող տալ ցանկալի արդյունք. անհրաժեշտ է ուսուցիչներին պարբերաբար ներգրավել վերապատրաստման` համակարգչային գիտելիքների ձեռքբերման, անգլերենի իմացության ամրապնդման դասընթացներին: Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ մանկավարժների ինքնակրթության համար: Ինչպե՞ս կարող է ուսուցիչը դասավանդել ամեն ինչ իմացող երեխային միայն չոր ու ցամաք իր գիտելիքով: Որևէ թվային տեխնոլոգիա չի կարող փոխարինել գրքին, բայց որպեսզի այսօր երեխաները մոտենան գրքին, նախ ուսուցիչները պետք է մոտենան ինտերնետին: Այս հարցում մենք իսկապես մեծ բաց ունենք:
Դպրոցի հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարձրացնել համակարգչայնացման մակարդակը. ավելացնել համակարգիչների, ինտերակտիվ գրատախտակների և այլ սարքավորումների քանակը: Կարևոր է բարձրացնել «ինֆորմատիկա» առարկայի դասավանդման որակը: Պետք է ներդնել հետաքրքրաշարժ և նորարար ուսումնական մեթոդներ, մշակել և ավելացնել էլեկտրոնային ուսումնական պաշարները: Դպրոցին շատ անհրաժեշտ են արդիական ուսումնական լաբորատորիաներ և այլն:
12-ամյա կրթության հարցը քննենք մեկ այլ տեսակետից ևս: Որքան էլ համակարգը լավն է, այն ունի չհստակեցված խնդիր, որը շատ է խանգարում: Խոսքը դասագրքերի մասին է, դրանք դեռևս կատարյալ չեն, ընթացքի մեջ են: 12-րդ դասարանում ևս երեխան պետք է գիտելիք ձեռք բերի: Բայց մենք մի ամբողջ կիսամյակ թեմաների կրկնություն ենք անցնում: Մինչդեռ դպրոցում ուսուցումը պետք է լինի դինամիկայի մեջ: Հաջորդը` ես ամենևին պարտադիր չեմ համարում գնահատականի համակարգը դպրոցում: Պետք է մշակել այն մտածելակերպը, որ աշակերտները գալիս են գիտելիք ստանալու, և ոչ թե ուղղակի դպրոցի շենք, որտեղ իրենց գնահատականն արդեն նշանակված է: Ավագ դպրոց աշակերտները պետք է գան հստակ նպատակով և մասնագիտական կողմնորոշմամբ: Այդպիսիք քիչ չեն, բայց շարժվել նույն ուսումնական ծրագրով` շատերի համար ծանր է ու ձանձրալի: Եվ եթե ավագ դպրոցը կարող էր տալ լիարժեք գիտելիքներ կոնկրետ մասնագիտական ուղղվածությամբ` բուհ ընդունվելու համար, ապա իրականում դա տեղի չի ունենում, և արդյունքում բոլորը դժգոհ են մնում: Երեխայի հետ խորացված պետք է աշխատել այն առարկայից, որի ունակությունները նա ունի: Պետության հզորության երաշխիքը լավ մասնագետն է, ուստի այդ կարևոր գործը պետք է սկսվի հենց ավագ դպրոցից:
Երևակ ամսագիր
