Սրտացավ սպասարկում պետպատվերի շրջանակներում

«Բելլա Դենտ» ատամնաբուժական կենտրոնը Երևան քաղաքի նախկին 9-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկան է: Անցնելով ստոմատոլոգիայի զարգացման բոլոր փուլերով՝ կարողացել է առանձնացնել ամենակարևոր կետերն այդ աշխատանքում: Երևակի զրուցակիցն է «Բելլա Դենտ» ատամնաբուժարանի տնօրեն  Բելլա Էդուարդի Մնացականյանը:

-Մասնավոր ընկերության պահանջներն ու չափանիշները էապես տարբերվում են պետականից:  Ինչպիսի՞ն էր այդ անցումը:

- Խորհրդային տարիներին ստեղծված բուժհիմնարկներն ունեին որոշակի տիպային առանձնահատկություններ: «Բելլա Դենտ»-ը 1991թ. ստեղծված պոլիկլինիկա է և բավականին հագեցված է եղել այդ տարիներին հարմար սարքավորումներով: Սակայն սեփականաշնորհումից հետո մենք կանգնեցինք փաստի առաջ. հասկացանք, որ հին տեխնիկայով չենք կարող աշխատել, և մեզ անհրաժեշտ են նոր սարքավորումներ, նաև նոր կահավորանք:  Այժմ մենք ունենք թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, իմպլանտացիայի, վիրաբուժական բաժանմունքներ, ռենտգեն կաբինետ, իսկ ատամնատեխնիկական լաբորատորիայում կատարվում են ժամանակակից պրոթեզավորման բոլոր տեսակները: Ունենք հրաշալի մանրէազերծման կաբինետ: Պոլիկլինիկայում աշխատում են բարձրագույն բժշկական կրթություն ունեցող 14 բժիշկներ, ովքեր հինգ տարին մեկ անգամ գնում են վերապատրաստման, նաև՝ հաճախ իրենց սեփական ցանկությամբ մասնակցում են արտասահմանում գործող վճարովի վերապատրաստումների: Բժիշկների մեծ մասն ինձ հետ աշխատում են արդեն 10, 20, նույնիսկ 30 տարի, այսինքն՝ երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ են:

Այսօր ինձ համար լուրջ գնահատական է այն, որ մենք կարողացանք գործել մինչ օրս՝ հաղթահարելով ժամանակի փոփոխվող պահանջները և այսօրվա շուկայի բազմազանությունը: 20 տարվա ընթացքում պատահական ստուգումների արդյունքում դեռ ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Ինձ համար սա շատ կարևոր ցուցանիշ է:

-Յուրաքանչյուր տնտեսություն ունի իր խնդիրները: Ինչպիսի՞ խոչընդոտների եք առնչվում ատամնաբուժական կլինիկան կառավարելիս:

-Ատամնաբուժարանն, իհարկե, ունի բազում խնդիրներ, որոնք հիմնականում նյութական խթանիչների հետ են կապված: Հարկային ծանրաբեռնվածությունը մեծ է: Շատ կցանկանայի, որ Հայաստանում գործող բանկային, վարկային քաղաքականությունը մի փոքր մեղմանար, որպեսզի մենք ավելի հեշտությամբ աշխատեինք: Բայց չեմ բողոքում: Կա սկզբունք. կարողանում ես՝ աշխատիր, չես կարողանում՝ փակվիր: Պարզապես մենք փորձում ենք նույնիսկ այս դժվարությունների մեջ ստեղծել անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով մտնում է մեր կլինիկա, մեզնից  հեռանա նորից մեզ մոտ հաճախելու ցանկությամբ: Ի դեպ, սա իմ կարգախոսն է:

-Որպես նախկին պետական պոլիկլինիկա՝ «Բելլա Դենտ»-ը պահպանու՞մ է պետական պատվերի քաղաքականությունը:

-Մեր աշխատանքի կարևոր բաղադրիչը պետպատվերով սպասարկումն է: Պետական գործակալության պատվերով մենք սպասարկում ենք Երևան քաղաքում բնակվող քաղաքացիների սոցիալապես անապահով 21 խումբ: Ես դրա համար ոչ միայն իմ հնարավորությունների, այլ նաև իմ հոգու՛ մեծ բաժինն եմ դնում:

Ի տարբերություն պետպատվերով աշխատող այլ հաստատությունների՝ մենք այսօր չունենք գրանցված և հերթագրված հիվանդներ: Շատ արագ կազմակերպում ենք բոլոր գործողությունները: Ես երևի կարող եմ մի քիչ հպարտանալ իմ այս ձեռքբերումով:

Ես հատկապես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում, մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ծնողներին, որոնց երեխաները ծառայում են հայկական բանակում. նրանք ևս պետպատվերի շրջանակներում իրավունք ունեն պրոթեզավորվելու: Ինձ համար հայրենասիրությունը սա՛ է:

Մեզ մոտ գործում է ճկուն զեղչային համակարգ, նաև՝ պարբերաբար ակցիաներ ենք կազմակերպում, որոնց հետևում են մեր այցելուները: Շատ հաճախ, երբ մենք զգում ենք, որ մարդիկ վճարունակ չեն, վճարները կամ մինիմումի ենք հասցնում, կամ երբեմն անվճար ենք բուժում: Հասկանում ենք, որ մարդը հնարավորություն չունի, բայց մարդը ցա՛վ ունի: Թող մեկը, երկուսն էլ գնան առանց վճարելու. ի՞նչ է եղել: Հո մենք դրանով չաղքատացա՞նք: Բա մեր մարդկային խիղճը որտե՞ղ է: Վերջին հաշվով՝ մենք բժի՛շկ ենք:

 

 

Երևակ ամսագիր