Պետություն և մտավորականություն .ո՞վ ո՞ւմ հեռացրեց իրենից. Սամվել Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հկ նախագահ
Գաղտնիք չէ, որ մեր ազգային տեսակի հանունների հասցեատերը դարերի ընթացքում, գոնե վերջին 1700 տարիների ընթացքում, պետությունն ու հայրենիքը չեն եղել: Գոնե ինձ համար ակնհայտ է: Երբ ասում ենք՝ որևէ ազգ չի հասկացել, որ պետք է փայփայի և ամեն զոհաբերության պատրաստ լինի հանուն այդ արժեքի, նախևառաջ նկատի ունենք, որ պետք է այդպես դատեն, այդ կերպ կշռեն այդ ազգի մտավորականները: Երևույթներն ուղղակիորեն կապված են միմյանց հետ: Միջազգային մի կազմակերպության տվյալների համաձայն՝ մեր ազգաբնակչության 40 տոկոսը ցանկանում է լքել իր հայրենիքը պետականության պայմաններում: Ես ուղղակի այդքան շատ տեղեկություններ չունեմ, բայց չեմ էլ կարողանում պատկերացնել, որ այդչափ անհայրենիք որևէ երկրորդ ազգ կարող է գտնվել Երկիր մոլորակի վրա, հայրենիքի հարկը այդ չափ չգիտակցող: Հեռանում ենք մեր հայրենիքից՝ օգտվելու համար ուրիշների կերտած ազատություններից: Սա ամոթաբեր է, խայտառակություն է ուղղակի: Սա ողբերգություն է, և մեր մտավորականության ողբերգությունն է նախևառաջ:
-Ինչպե՞ս է օգտագործում իր մտավորականին մեր պետությունը:
-Պետությունը կամ մտավորականները, կամ վերջին դռնապանը հայ մարդիկ են: Մտայնությունը համընդհանուր է: Սա կոնկրետ մի ազգային տեսակի, աշխարհընկալման, գաղափարի տարբեր դրսևորումներն են: Այսինքն՝ ես երբեք չեմ առանձնացնում, թե այս կամ այն իշխանությունը վատն է: Խորհրդարանում կամ կառավարության որևէ օղակում գտնվող անհատները, մեր հայելին են: Մենք մեզ հայելու մեջ մի անգամ նայե՞լ ենք: Դա մենք ենք: Լավն ենք՝ մենք ենք, վատն ենք՝ նույնպես մենք ենք: Մենք 1700 տարի աղոթել ենք հանուն խաչի, հանուն Քրիստոսի, հանուն հայրենիքի չենք աղոթել և չենք ապրել հանուն հայրենիքի, իսկ խաչն ու Քրիստոսն աշխարհի ցանկացած անկյունում կարելի է ապահովել: Հենց դրա համար էլ ցուպը ձեռքին ազգ ենք դարձել, աշխարհի ամեն մի անկյունում եկեղեցի ենք կառուցել և ցրիվ եղել ու անէացել: Բայց որևէ ազգ միայն իր հայրենիքում կարող է գոյատևել: Ապագան հայրենիքում է, բայց 40 տոկոսը մեր ազգաբնակչության երազում է հեռանալ, և մնացածներն էլ իրենց աշխարհի դժբախտ ազգերի հաշվին են դասում: Չէ՛, մենք անհայրենիք ենք, այսինքն՝ անպատկան, պատկանելություն չունենք, արմատ չունենք, արմատը չենք զգում: Երբ մենք արմատը զգանք և համապատասխան վարքուբարքով ապրենք, այսինքն՝ հպարտությամբ, բոլորովին ուրիշ իրավիճակ կունենանք, բոլորովին ուրիշ: Այսօր ամբողջ Ադրբեջանը հայ մշակույթի հուշարձանների եղեռնագործությամբ է զբաղված: Մեկ դատական հայց Հայաստան պետությունը չի ներկայացրել մինչև հիմա: Եթե հանուն հայրենիքիդ չես ապրում, հայրենիքում ստեղծված մշակութային ժառանգության նկատմամբ էլ, նորմալ է, որ անտարբեր լինես: Կապված են երևույթները: Եվ մենք, որ պիտի հեղեղած լինեինք միջազգային ատյանները, և Ադրբեջանն էլ մտածեր՝ էլ ինչ կերպ կարող է պաշտպանվել, այսօր ստիպված ենք պաշտպանվել. Ադրբեջանն է հարձակման դիրքերում: Երբ մտնում ենք Երևան քաղաքի որևէ գերեզմանատուն, մերօրյա՝ ժամանակակից գերեզմանատուն, տեսնում ենք, թե ինչ աստիճան անհարգանք ենք դրսևորում մեր իսկ պապերի նկատմամբ, թե ինչպես են տեղ ազատելու համար գլորված պապերի կամ պապուպապերի տապանաքարերը… Եթե դուք վանդալիզմով նոր հուշարձան եք կառուցում, ձերը նույն ճակատագրին կարժանանա: Դա անխուսափելի է: Սրանից երևում է, որ մենք կեղծ արժեքներով ենք առաջնորդվում:
-Իսկ գուցե պետությունը, մտավորականությանն օգտագործելով, հե՞տ բերի բարձրարժեքները:
-Պետությունը, կառավարական տարբեր կառույցները հենց այն անձերից են կազմված, որոնք, ինչպես վերջին քաղաքացին կամ գյուղացին, անհարգանք են դրսևորում սեփական մշակույթի նկատմամբ: Նույն մարդիկ են՝ մեկը մի աթոռի վրա է, մեկը՝ ավելի բարձր աթոռի, մյուսը՝ ավելի ցածր, մյուսն էլ որևէ աթոռ չունի: Անհարգանք… սա հայի նկարագիրն է:
Մտավորականությու՞նն էլ:
Տարբերություն չկա: Չեմ ուզում անհատների մասին խոսել: Ես մեծամասնության մասին եմ խոսում: Մենք բյուրեղ, ոսկի անհատներ ունենք՝ ամեն մեկը իր ոլորտի մեջ: Փոքր թիվ են: Անհատներ ունենք, որ համաշխարհային մակարդակով իրենց գործի մեջ հանճար են: Նրանց մասին չի խոսքը: Բայց քաղաքից-քաղաք ինչ-որ մի ճանապարհ անցեք, պատուհանից նայեք, տեսեք՝ ինչ է կատարվում ճանապարհների եզրերին. կիլոմետրերով աղբ, կիլոմետրերով: Դրանք մեքենաների լուսամուտներից են թափված: Սա ցույց է տալիս, որ, մեծ հաշվով, հասարակությունը չի սիրում իր հայրենիքը: Ինչպե՞ս կարող է մեկը հայրենիքը սիրել ու ապականել: Համատեղելի չեն, չէ՞: Որևէ, նույնիսկ արդեն ոչ մի գողտրիկ անկյուն, բնության ինչ-որ մի գեղեցիկ վայր չի մնացել, վաղուց ենք այդ տեղերն ապականել: Հայտնվել ենք կեղծ արժեքային համակարգի մեջ, կեղծ արժեքներով ենք առաջնորդվում, և արդյունքը լինում է խոզանոց հայրենիք, հասարակություն, որ երազում է լքել իր ապականած հայրենիքը և օգտվել ուրիշների քրտինքով կերտած ազատություններից: Հիմա գալիս ենք հարցին՝ լավ, ի՞նչ կարող ենք անել: Կնքեցինք ստորագրեցինք, որ փչացած ազգ ենք, փաստերով ապացուցեցինք: Լավ ի՞նչ կարող ենք անել: Այն փոքրաթիվ անհատները՝ մտավորականներ կամ ոչ մտավորականներ, ուղղակի քաղաքացիներ, հասարակության անդամներ, ովքեր գիտակցում են, տեսնում են, ցավում են այս ամենով, չպետք է մեծ բաներից սկսեն: 3 միլիոնից 1 միլիոնը ծխող է: Դա նշանակում է՝ հայաստանաբնակ հայությունն ամեն օր մեկ միլիոն դոլար մոխրացնում է աչքի առաջ: Մեկը, որ իր ներսն է ապականում, դրսի հո՞գսը պիտի քաշի, դո՞ւրսը պիտի մաքրի՞, մաքուր պահի: Ամեն վայրկյան մեկ միլիոն ծխող, մեկ տուփ. դա անում է 20 միլիոն գլանակ: Դրա կեսը հաստատ փողոցներն են նետվում՝ ուր պատահի: Եվ հիմարագույն ազգ ենք: Հեռուստացույցով քանի անգամ հաղորդումներ տեսա՝ մարդը քրտնել է, խոտը հնձել-բերել, կապել, ու՝ սիգարետը բերանիցս ընկավ, վառվեց... Անասունները մնացին առանց խոտ: Ծխող մարդու հիմարագույն վիճակ: Ես գտնում եմ, որ մեր ազգն իր պարտքերը չի գիտակցում: Քանի՞ ազգի են ցեղասպանության ենթարկել: Շատ քիչ: Մենք այնքան սխալ ենք ապրել, որ հնարավոր ենք դարձրել մեզ հետ այդ կերպ վարվել՝ մեզ ենթարկել ցեղասպանության: Սա պետք է ընդունենք, որ նախևառաջ մեր մեղքն է: Ուղղակի նորմալ ազգը թույլ չէր տա, որ իր հետ այդպես վարվեն, բայց տեղի է ունեցել արդեն: Գոնե դրանից հետո չպե՞տք է հասկանանք, որ ցեղասպանությամբ հայրենազրկված մի ազգ, ազգի սերունդներ, որ հրաշքով ողջ մնացին, պարտքեր ունեն: Մենք վիթխարի պարտքեր ունենք: Մենք ունենք հասարակություն՝ հայաստանաբնակ հայություն, որ նաև այդ ազգային պարտքերի տերը չէ: Սրանք նորից շղթայակապ երևույթներ են: Այն կառույցները, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն, ինչ-որ ձևերով ճանապարհներ հուշեն, ուղղորդեն, առաջնորդեն դեպի լույսը, ծխող մարդկանցից են կազմված: Նրանք անհրաժեշտ մտքի լույսը չունեն: Հանկարծ չմտածեք, թե ի՞նչ է՝ ուշքն ու միտքը ծխելն է, մենք ուրիշ դարդ չունե՞նք: Բայց իսկապես այդ մարդիկ իրենց խավար մտքով չեն կարող ցույց տալ ճիշտ ճանապարհը, ապրեցնող ճանապարհը: Արցախյան ազատամարտի ժամանակ այն, ինչ արեցին Մոնթե Մելքոնյանը և Լեոնիդ Ազգալդյանը, հրամանատարներ, ովքեր չէին ծխում և խստիվ արգելել էին իրենց զինվորներին, և նրանց զինվորներն ընդունում էին դա, և պատերազմի ընթացքում ամենամեծ, դրական, լուրջ արդյունքները հենց այս հրամանատարների գլխավորությամբ գործող ջոկատներն արձանագրեցին: Պատահական բաներ չեն:
-Պետությունը մտավորականին ե՞րբ է արժևորում և ու՞մ:
-Պետությունը մտավորականին արժևորում է այն չափով, որ չափով իրեն հասկանալի է, և հասու է կատարած աշխատանքը,որ չափով ինքն ունի անհրաժեշտ մտքի լույսը՝ կշռելու, դատելու, գնահատելու համար:
Իսկ ունե՞ն:
-Ունեն այն չափով, որ չափով գնահատում են:
-Կոչումներն ու պարգևները գնահատակա՞ն են, թե՞ առնելու միջոց: Ո՞նց են ընտրում, ի՞նչ չափանիշով:
Ես էլ եմ ստացել 1-2 պարգև: Հիմա իմ օրինակի վրա եմ ուզում հասկանալ, չեմ կաշառվել (խմբ.՝ ծիծաղում է): Վերջինը մշակույթի նախարարության ոսկե մեդալը ստացա, և կոնկրետ աշխատանքների համար էր, որ շեշտվեց, չգիտեմ…
-Անտեսվելու մեջ մտավորականը իր դերը, մեղքը ունի՞:
-Իր գործին նվիրված մտավորականը չի նայում երբևէ՝ պետությունը նկատում է, չի նկատում, խրախուսում է, չի խրախուսում: Խրախուսի՝ ավելի լավ. մի գործի մեջ, որ մարդը պտտում է, գուցե ավելի արագ կպտտի: Պարգևատրումները, որ նյութական կողմեր չունեն, ուղղակի քաջալերելու, խրախուսելու, մարդու արածը արժևորելու դեր են կատարում, անշուշտ:
-Ի՞նչ հարաբերություններ պետք է սարքի մտավորականը իշխանությունների հետ:
-Սերտ: Հնարավորինս:
-Ինչպե՞ս:
-Դե, դժվար է, մանավանդ, երբ պետք եղած ընկալումները չկան, թերանում են, ի վիճակի չեն նկատելու, արդեն բախվում ես այդ պատին: Մտավորականը կարող է շատ լավ գաղափար, մի կարևոր առաջարկ ունի, բայց տեղ չի հասնում: Մեզ մոտ դա մի քիչ ավելի շեշտված է երևի, որովհետև մեր ազգային տեսակի հետ է կապված. միմյանց ձեռք մեկնել, մեկը մյուսի հաջողությամբ ուրախանալ, ողջունել, հրել դեպի առաջ, առաջում եղածն էլ ձեռք մեկնի ավելի բարձրացնի… մեզ խորթ երևույթներ են սրանք, մեզ մոտ ավելի շատ նախանձն է, տակը փորելն է: Մենք մեր տեսակի զոհն ենք:
Մենք չունենք ազգային պետություն, մենք չունենք ազգային իշխանություն: Չունենալով ազգային իշխանություն և պետություն՝ մենք պետք է համակերպվենք, որ ազգի համար պետական նշանակություն ունեցող նախագծերի համար հեշտ կանաչ լույս չի վառվում:
-Ինչպե՞ս օգտագործել իշխանությանը:
-Բացատրելով, համոզելով, հասկացնել փորձելով, ներկայացնելով: Դա է ճանապարհը: Այդ ուղղությամբ, օրինակ, անձամբ ես որոշ արդյունքների հասել եմ: Մեր գրասենյակն արդեն 5-րդ տարին է՝ պետական աջակցությամբ է գործում: Դա հենց շնորհիվ այն աշխատանքի, որ և կատարվել է, և թե ներկայացվել: Պետք է մի դուռ բախես. կարող է՝ ընթացք չստանա, բայց կարող է և ընթացք ստանա:
«Երևակ» ամսագիր