Լավ է կանխարգելել, քան բուժել

ՙՀայրը  երազում է երեխա, որին կցանկանար սաղմնավորված տեսնել։ Մայրը երազում է երեխա ու կրում նրան իր կրծքի տակ։  Եվ այդժամ թե մոր, թե երեխայի մեջ ապրում է նույն հոգին£ Իր լույս աշխարհ գալն է երազում նաև երեխան։ Եվ եթե նրանք երեքով չերազեին, ապա կյանքն աշխարհ չէր գա՚,- գրում էր Լեոնարդո դա Վինչին։ Կանաչ Հարկ Ծիածանային Պարտեզը Փարիզի Կանաչ Տան նմանակ պրոֆիլակտիկ մի հաստատություն է, որի ստեղծողն էր Ֆրանսիայում մանկական հոգեվերլուծության հիմնադիր, հոգեվերլուծող, դոկտոր Ֆրանսուազ Դոլտոն։ 1996թ. հուլիսի 13-ին ծնվեց Երևանի Ծիածանային Պարտեզը՝ մեր կենաց տոհմածառի մի երգեցիկ ճյուղը։

Ինչու ՞ հատկապես վաղ մանկական տարիքում հանդիպող խանգարումների կանխարգելման վայր, որպեսզի այսօրվա մեր երեխաները վաղը դառնան ամուր ու ստեղծագործ հոգու տեր տղամարդիկ և կանայք։ Աշխատող մայրերը վաղ տարիքում իրենց երեխային ստիպված են վստահել մանուկներ ընդունող հաստատություններին£ Նորածին երեխաների վաղ առանձնացումը մոից պատճառ է դառնում վերջինիս մեջ տագնապախռով հոգեվիճակի, իսկ մանուկի մոտ՝ հոգեմարմնական ախտանիշերի առաջացման£ Հաճախակի ծագող մարմնական այս հիվանդությունները բժշկական միջամտության և երեխային հիվանդանոց տեղափոխելու պատճառ են դառնում, ինչն  էլ ավելի է խորացնում մայր-երեխա հուզական կապի խզման պատճառով թե մոր, թե երեխայի մեջ բուն դրած ճնշվածության հոգեվիճակը։ Սույն հանգամանքը հաշվի առնելով, 1979 թ. դոկտոր Ֆրանսուազ Դոլտոն միտք հղացավ Փարիզում ստեղծել Կանաչ Տուն՝ ՙծնող-երեխա՚ ընդունման ու ժամանցի վայր, որը կոչված էր մեղմելու այդ խզումը և կանխարգելելու վաղ մանկական տարիքին հատուկ հոգեմարմնական հիվանդությունները՝  անքնություն, ախորժակի խանգարումներ, նյարդայնություն, շնչառության ու թոքերի հետ կապված խնդիրներ (ասթմա, հարբուխ, խրոնիկական բրոնխիտներ), մաշկային հիվանդություններ (էկզեմա, ալերգիաներ), աղիքային խանգարումներ (կոլիկներ, փսխումներ)։ Դյուրին բան չէ երեխայի կրած սթերսների պատասխանը հանդիսացող, նրա կողմից մեզ ուղղված  ծածկագրված այդ խոսքի վերծանումը։ Մարմնի այս խոսքն էլ ավելի է խորացնում ծնողի տագնապը. նա երեխայի հետ խորասուզվում է անբացատրելիության, ներանձնային և միջանձնային անվստահության անել կացության մեջ։ Այդ դժվարությունները լավ գիտակցող մանկաբույժները, դժբախտաբար, ծնողներին ու երեխային մխիթարելու համար, ստիպված ապավինում են դեղամիջոցներին (քնաբերներ, հանգստացնող հաբեր)։ Սակայն այդ լարվածությունը կյանքի հետագա տարբեր փուլերում սպառնում է զանգվածային բռնկումների:

Դիտումները, ցույց են տալիս, որ մոտ 10-12 անգամ Կանաչ Տուն այցելելուց հետո վերանում են ծծկեր երեխային բնորոշ մանկամսուրին հարմարվելու համաախտանշանները։ Սա նշանակում է, որ մոր  և երեխայի տագնապը երկուստեք ամոքվում է։ Աշխատող կանայք աշխատավայրում իրենց գործն առավել արդյունավետ են կատարում, եթե Կանաչ Տուն այցելելու հետևանքով երեխայից նրանց բաժանումը հոգեբանորեն ճիշտ է տեղի ունեցել, և հաղթահարվել է տագնապի հոգեվիճակը։

Կանաչ Տանը ծնողները կարող են խոսել իրենց ապրումների մասին, այլ ծնողների հետ զրույցներում իմանալ, թե ինչ դժվարություններ ունեն ուրիշ երեխաները, և դրանցից ելք գտնելու իրենց փորձը հաղորդել նրանց։ Սա թույլ է տալիս վերծանել ու ըմբռնել փոքրիկի՝ իր հարազատներին ուղարկած ազդանշանները։ Կանաչ Տանը ներկա հոգեբան-հոգեվերլուծողը օգնում է յուրաքանչյուրին ըմբռնել այն ոչ խոսքային ասույթների իմաստը, որն արտահայտում է երեխան  իր հոգեմարմնական հիվանդագին փոփոխություններով։ Կանաչ Տունը շատ բարձր են գնահատում նաև հայրերը։ Նրանք երեխաներով զբաղվելու մեծ ցանկություն ունեն. սա հայրերի նոր սերնդի բնորոշ գիծն է:

 Կանաչ Տները զերծ են մնում ընտանիքներին վերաբերող անվանական գրանցումներից: Ծնողին ու երեխային ընդունող աշխատակիցը նրանց միմյանցից չի  բաժանում, բացի ֆիզիկական ու հուզական ապահովության ստեղծումից, մանկավարժական բնույթի ոչ մի հրահանգ ծնողին չի տրվում։ Նա պահպանելով ծնողական դիրքորոշումը, կարող է միջամտել երեխայի վարքին։ Ավանդական հոգեբանական-խորհրդատվական հաստատություն չհանդիսացող Կանաչ Տանն աշխատակիցները բացահայտում են ոչ թե իրենց հոգեբանական ու բժշկական գիտելիքները, այլ սատարում են երեխայի ստեղծագործական աշխատանքին՝ մեկնաբանությունները թողնելով ծնողներին։ Մեր այցելուները չեն դիտվում որպես ՙվտանգված՚ ընտանիքներ, այլ, ընդհակառակը՝ թաքնված մեծ հնարավորություններ ունեցող անձնավորություններ։ Ընդունող աշխատակցի գործը Կանաչ Տանն այնքան էլ դյուրին չէ։ Այն ներառում է մարդկային հարաբերությունների մշակման փորձ և այնպիսի պահվածք, որը թույլ կտա գրավել կողմնակի դիրքը: Ահա թե ինչու, Ֆ. Դոլտոն կարևոր էր համարում, որ Կանաչ Տան աշխատակիցներն անցած լինեին իրենց անձնական հոգեվերլուծությունը և մեկ այլ տեղ աշխատանք ունենային։ Անձնակազմի յուրաքանչյուր անդամ, այլ տեղում մասնագիտությամբ աշխատելով պետք է այստեղ գա շաբաթական ընդամենը մեկ անգամ և աշխատի մեկ այլ աշխատակցի հետ համատեղ:

Կանաչ Տունը նախ և առաջ խոսքի վայր է և երեխայի, և ծնողի համար։ Խոսք, որ իրադրության մեջ գտնվող երրորդ անձի՝ վերլուծողի կողմից միջնորդված լինելով, երեխայի խորհրդանշական վարքի շնորհիվ հասկանալի է դառնում ծնողի համար և թույլ է տալիս վերապրել իր իսկ անձնային դժվարությունները, որոնք մանկության տարիներին հիմնականում արտամղված ու մոռացված են եղել։ Երեխայի առաջին իրավունքն ընդունված լինելն է՝ սկսած իր սաղմնավորման պահից, ընդունված որպես խոսքային բանականությամբ օժտված քաղաքացի, որպես խոսքի սուբյեկտ։ Նրա զարգացումը սկսվում է վաղ տարիքից, իսկ հասարակության ծաղկումն ու առողջությունը հիմնված է երեխայի հետ մեծահասակների ներդաշակ կեցության կառուցման : Կանաչ Տան նախաձեռնություններն ուղղված են բոլոր երեխաներին : Այն կանխարգելիչ հասատատություն է, ոչինչ չի ցուցադրում, այնտեղ տեսնելու ոչինչ չկա։ Երևանի Ծիածանային Պարտեզում մենք  թույլ ենք տալիս, որ փոքրիկ երեխաներն առողջ մեծանան և լավագույնս  սոցիալականացվեն:

Երևանի ՙԿանաչ Հարկ Ծիածանային Պարտեզը՚ իր գործունեության 20 տարիների ընթացքում հավատարիմ է մնացել Ֆ. Դոլտոյի հիմնադրույթներին, նպաստելով բազմաթիվ հայ ընտանիքներում ծնող-երեխա կապի ամրապնդմանը: Քսան տարի առաջ Փարիզի ՙԵրեխայի Իրավունքներ-Լը Հարպ (Քնար)՚ ընկերակցությունը կարողացավ ընծայել Հայաստանին այս հրաշքը, որին ապրեցնելու գործը հայ ժողովրդինն է: Ես երկար կյանք եմ մաղթում քեզ, մեր պատանի բարեկամ` Երևանի ՙԿանաչ Հարկ Ծիածանային Պարտեզ ՚ երեխաների վաղ սոցիալականացման կենտոն:

 

 Ուիլլի  ԲԱՐԱԼ

Երեխայի իրավունքներ - Լը Հարպ (Քնար)

ընկերակցության նախագահ

Հոգեվերլուծող