Պրոֆիլակտիկ զննումները կկանխեն կուրությունը

Ժամանակակից կյանքի տեմպը և նորագույն տեխնոլոգիաները  իրենց հետ բերում են տեսողության մեծ ծանրաբեռնվածություն: Դրան գումարվում են վատ էկոլոգիան, սթրեսները, որոնք հաճախ դառնում են տեսողական տարբեր խնդիրների պատճառ: Ինչպես պաշտպանվել տեսողության ժամանակակից սպառնալիքներից և պահպանել աչքի լույսը. պատասխանները Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար,  բ.գ.թ., ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Գեորգի Գրիգորյանի խոսքում:

Հնարավոր չէ չօգտվել համակարգչից ու բջջային հեռախոսից, դրանք պարտադիր անհրաժեշտություն են ժամանակակից կյանքում: Ինչ անել դրանց բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:

Մեր աչքերը սովոր չեն այն ծանրաբեռնվածությանը, որ նրանց պարտադրում ենք: Խոսքը այն երրորդ տարածության մասին է, որ ստեղծել է համակարգիչը հեռվի և մոտիկի միջև: Եվ ինչու՞ միայն համակարգիչը, նաև գիրքը, հեռուստացույցը,  բջջային հեռախոսները: Իհարկե չենք կարող դրանք բացառել, որովհետև ինֆորմացիայի հիմնական աղբյուր են: Բայց կարող ենք գոնե հետևել տեսողական հիգիենայի կանոններին` մեր աչքերը չծանրաբեռնելու և տեսողությունը պահպանելու համար: Դա վերաբերում է հատկապես դպրոցահասակ երեխաներին, որոնք ծանրաբեռնված են դասերով ու երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև: Այսօր քիչ են խոսում գրասեղանի ճիշտ լուսավորվածության, ճիշտ նստելու, ճիշտ տառատեսակով տպագրվող դասագրքերի մասին: Այնինչ դրանք հրատապ հարցեր են, որովհետև մեր դպրոցականների ստվար հատվածը դպրոցն ավարտում է տեսողական խնդիրներով: Խորհրդային Միության տարիներին դպրոցներում ակնային ակտիվ  պրոֆիլակտիկ զննումներ էին կատարվում: Դրանք պետք է վերականգնվեն՝ դպրոցականների ակնային խնդիրները վաղ հայտնաբերելու համար: Այնինչ դպրոցական ծրագրի ծանրաբեռնվածությունը, համակարգիչը, հեռախոսները, վատ սնունդը, A և D վիտամինների պակասը սննդակարգում հանգեցնում են երեխաների օպտիկայի խախտմանը: Մի կողմից այդ ամենը դարի շունչն է, չենք կարող դրանք անտեսել, մյուս կողմից էլ չենք կարող անտեսել դրանց բացասական ազդեցությունը տեսողության վրա:  Պետք է պարզապես սահմանափակել համակարգչի, հեռուստացույցի  առջև անցկացվող ժամանակը: Եվ ամենակարևորը, չպետք է մոռանալ պարբերաբար ակնաբույժի մոտ պրոֆիլակտիկ ստուգումների գնալու մասին:

Կխնդրեի` ավելի մանրամասն խոսեք պրոֆիլակտիկայի կարևորության մասին:

Հայտնի փաստ է, որ  տեսողական խանգարումների 85 %-ը հնարավոր է կանխել ժամանակին բժշկական հետազոտություն անցնելու դեպքում: Ժամանակակից ակնաբուժությունը ակնային շատ հիվանդություններ  հայտնաբերում է ձևավորման փուլում, երբ այն դեռ բացասական ազդեցություն չի ունեցել տեսողության վրա: Այդ ստուգումները պարտադիր են, հատկապես 40 տարեկանից հետո, երբ գլաուկոմայի` ներակնային ճնշման բարձրացման ռիսկը մեծանում է: Ակնային հիվանդությունների ակտիվացմանը մեծ տարիքում կարող են նպաստել նաև ընդհանուր հիվանդությունները, հատկապես շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները: 

Արդյո՞ք ակնային հիվանդությունների տարածմամբ է պայմանավորված, որ կոտրվել է ակնոց կրելու բարդույթը:

Ոչ միայն:  Ակնոց կրելը նաև մոդայիկ է դարձել: Ճիշտ է` դեռ կան մարդիկ, ովքեր ակնոց են գնում որտեղից պատահի, անգամ երբեմն առանց ստուգելու տեսողությունը: Այդպես նրանք միայն կավելացնեն իրենց գլխացավերն ու տեսողական դիսկոմֆորտը, էլ չեմ խոսում տեսողութունը վատթարացնելու և ավելի լուրջ ու թանկարժեք բուժման անհրաժեշտության առաջ կանգնելու հավանականության մասին: Իհարկե ակնոցը կարելի է փոխարինել ոսպնյակով, ինչը նույնպես շատ տարածված երևույթ է մեր իրականությունում: Բայց այն էլ ունի իր բարդությունները, և միշտ ոսպնյակ կրելու որոշումը պետք է պարտադիր քննարկել ակնաբույժի հետ:

Ձեր բաժանմունքը նաև զբաղվում է ռազմական վնասվածքների ռեաբիլիտացիայով:  

Մեր բաժանմունքը ավելի շատ ընդհանուր վիրաբուժական բաժանմունք է, որը զբաղվում է բոլոր տեսակի վիրաբուժական միջամտություններով` կատարակտայի, վիտրեորետինալ պաթոլոգիայի, օկուլոպլաստիկ վիրահատություններ: Բաժանմունքը արցախյան պատերազմի տարիներից զբաղվում է նաև ռազմական վնասվածքների ռեաբիլիտացիայով: Ցավոք, ապրում ենք ռազմական գոտում և Կենտրոնական զինվորական հոսպիտալից մեզ մոտ երբեմն ուղեգրվում են  նաև աչքի ականապայթյունային վնասվածքներով զինվորներ: Բոլոր դեպքերում մեր բաժանմունքը ցուցաբերում է բարձրակարգ մասնագիտացված վիրաբուժական միջամտություն ժամանակակից տեխնոլոգիաներով:

 

«Երևակ» ամսագիր