Աչքի վիրահատություններ առաջատար տարածաշրջանում
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` գլաուկոմայով հիվանդների թիվը մեր երկրում տարեցտարի աճում է. 2014թ. 15 տարեկանից բարձր բնակչության շրջանում գրանցվել է 8996 հիվանդացություն, այն դեպքում, երբ նախորդ՝ 2013թ. գրանցված է եղել 8446, իսկ 2012-ին՝ 7601: Այս տվյալները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, որովհետև, ինչպես հայտնի է, գլաուկոման երկրորդ տեղն է զբաղեցնում տեսողության լրիվ կորստի հանգեցնող աչքի հիվանդություններում. 6-20% դեպքերում այն հանգեցնում է կուրության: Եվ ամենասարսափելին այն է, որ գլաուկոմայով հիվանդների 50%-ը չի էլ կասկածում, որ հիվանդ է, և առաջին անգամ բժշկի է դիմում այն ժամանակ, երբ տեսողական նյարդը 40%-ով վնասված է լինում: Սակայն մյուս կողմից էլ Հայաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է հպարտանալ գլաուկոմայի բուժման մեջ գրանցած ձեռքբերումներով, որոնց հետ հաշվի է նստում նաև միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների հանրությունը: Այդ ձեռքբերումների և Հայաստանի՝ գլաուկոմայի վիրահատական ժամանակակից միջամտությունների մոդել և գերազանցության կենտրոն լինելու մասին է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բ.գ. թ., դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյանի խոսքը:
Հայաստանը գլաուկոմայի վիրահատական նոր մեթոդների ներդրման առաջատար
Ի սկզբանե Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կոչվել է տրախոմատոզ-գլաուկոմատոզ պրոֆիլակտիկ դիսպանսեր, որը ստեղծվել է 1978թ. Սերգեյ Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ: Գլաուկոմայի վաղ ախտորոշումն ու կանխարգելումը այն տարիներին շատ էին կարևորվում, որովհետև չկային բուժման և վիրահատության արդյունավետ միջոցներ, և հիվանդությունը համարվում էր անբուժելի, որը հանգեցնում էր տեսողության կորստին: 1982 թ. գլաուկոմայի բաժանմունքն առանձնացավ: Միայն մի կարճ ժամանակահատված բաժանմունքը միավորվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնի հետ, և արդեն 2001թ. մայիսից սկսեց գործել որպես առանձին բաժանմունք:
Լիլիթ Ոսկանյանն այստեղ աշխատում է 1991 թվականից: Ռոջեր Հովհաննիսյանի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության և Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համագործակցության շրջանակներում վերապատրաստվել է Կալիֆորնիայի համալսարանում՝ աչքի խցիկի անկյան շունտավորմամբ արվող վիրահատությունների ուղղությամբ: Արդյունքում 2007 թվականից այդ վիրահատությունները սկսել են կատարել նաև Հայաստանում, և մեր երկիրն՝ ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, դարձել է միակը ԱՊՀ երկրներից, որտեղ հաջողությամբ կատարվում են շունտավորմամբ գլաուկոմայի վիրահատությունները: «Այս ոլորտում միջազգային մակարդակում առկա բուժման բոլոր նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները հնարավոր եղավ ներդնել մեր բաժանմունքում,- ասում է Լիլիթ Ոսկանյանը: -Համագործակցության և մեր բժիշկների հմտության շնորհիվ այս ծառայությունը արագ զարգացավ և այսօր առաջատար դիրք ունի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Դա նախևառաջ մեր արտասահմանյան գործընկերների կարծիքն է: Նրանք հաճախ են լինում մեր բաժանմունքում, հետաքրքրվում մեր փորձով»:
Բուժիչ և ախտորոշիչ գերժամանակակից սարքավորումներով վերազինված բաժանմունքում դեղորայքային և լազերային միջամտություններով բուժվում և ախտորոշվում են գլաուկոմայի բոլոր տեսակները: Սակայն բաժանմունքին համաշխարհային ճանաչում և բարձր վարկանիշ են ապահովել այն վիրահատությունները, որոնք եզակի են Հայաստանում և տարածաշրջանում. կատարակտայի և գլաուկոմայի կոմբինացված վիրահատություններ, «Ահմեդ» փականի իմպլանտացիա, առաջնային/աչքի խցիկի շունտավորում, որը իրականացվում է աշխարհի մի քանի երկրներում, մանկական և երիտասարդական) գլաուկոմայի բուժում:
Աշխարհի ամենափոքր վիրահատական սարքի խոշոր արդյունքները
1990-ականների սկզբին հայկական ակնաբուժությունը ոլորտի զարգացումը ապահովելու, միջազգային բժշկագիտական ասպարեզ դուրս գալու խնդիր ուներ, որի լուծմանը էապես նպաստեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությունը: Համագործակցության շրջանակներում Հայաստանում վիրահատություններ սկսեցին կատարել արտերկրյա շատ բարձրակարգ ակնաբույժներ: Նրանց թվում էր նաև գլաուկոմայի աշխարհահռչակ փորձագետ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր Ռիչարդ Հիլը՝ «Այ-ստենտ» գյուտի հեղինակը: «Այ-ստենտ» տրաբեկուլար միկրոիմպլանտը առաջարկում է գլաուկոմայի զարգացումը կանխարգելող նոր, հեղափոխական մեթոդ: Այն ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է: «Գլաուկոմայի ժամանակ աչքը լցվում է ավելորդ ներակնային հեղուկով, որին ժողովուրդը «սև ջուր» անունն է տվել: Այն կուտակվում է, փքվում և ճնշում գործադրում տեսողական նյարդի վրա, որը սկսում է վնասվել, թուլանալ: Իսկ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի վնասման դեպքում նրա վերականգնումն անհնարին է: Շունտավորմամբ մենք բացում ենք անոթն ու ապահովում հեղուկի արտահոսքը: Սա գլաուկոմայի ամենաարդյունավետ վիրահատական միջամտությունն է: Այն ոչ մի բարդություն չունի: Միակ խնդիրն այն է, որ եթե աչքի հետին հատվածում ինչ-որ խոչընդոտ է առկա, ներակնային ճնշումը կարող է լիարժեք չիջնել: Բայց այդպես լինում է 7-20% դեպքերում»,- պարզաբանում է Լիլիթ Ոսկանյանը: Շունտավորումը ժամանակակից մեղմ, անվնաս, 1-1,5 րոպեանոց վիրահատական միջամտություն է աչքի խցիկի անկյունում, որտեղ, ինչպես սրտանոթում, շունտ է տեղադրվում: Խոսքը 3-4 մմ սարքի մասին է, որը տեղադրվում է միկրոսկոպի միջոցով: Տրամագիծը, որտեղ պետք է շունտը տեղադրվի, ընդամենը 75 միկրոմետր է: Այդ վիրահատություններն այսօր Հայաստանում արվում են մեծ արդյունավետությամբ: Եվ արդեն այն մակարդակում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, գալիս են մեր բաժանմունք՝ այստեղ կայացած փորձին ու հմտություններին ծանոթանալու համար»:
Աչքի լույսի անտեսանելի գողը. գլաուկոմա
Գլաուկոման հիմնականում զարգանում է առանց ակնհայտ կամ հատուկ ախտանշանների: Կարող են լինել որոշ ընդհանուր գանգատներ. աչքի ծանրության զգացում, կարմրություն, երբեմն՝ տեսադաշտում լողացող պղտորումներ, սև կետ քթային հատվածում, դիսկոմֆորտ: Բայց այդ նշանները մարդիկ սովորաբար վերագրում են հոգնածությանն ու բժշկի չեն դիմում, բայց դրանք կարող են նաև գլաուկոմայի նախանշաններ լինել: Վաղ կանխարգելումը շատ կարևոր է, որովհետև այն համարվում է անդառնալի հետևանքներով հիվանդություն. բժիշկն ու հիվանդը պայքարում են եղածը պահպանելու համար. «Եթե չբուժեցիր այսօր՝ քանի տեսնում է, վաղը պիտի բուժես օրգանը՝ որպես օրգան պահպանելու համար: Այսինքն՝ այն կատարակտա չէ, որ փակվեց, կամ ցանցաթաղանթի շերտազատում չէ, որ չտեսավ ու չտեսավ: Գլաուկոմա նշանակում է աչքի բարձր ճնշում, այն հեղուկով լի պարկ է, որը փուչիկի նման լցվում, լցվում է ու մի օր պիտի պայթի: Այդ է պատճառը, որ չբուժելու դեպքում ստիպված ես լինում հեռացնել աչքը»: Այդ է պատճառը, որ անչափ կարևորվում են գլաուկոմայի համար իրականացվող պրոֆիլակտիկ ստուգումները: Մանավանդ որ այդ հետազոտությունները շատ ավելի էժան են և վաղ հայտնա--բ-երման դեպքում արագ ու հեշտ կանխելի, եթե համեմատենք գլաուկոմայի ուշ փուլերի հետ, երբ վիրահատական միջամտությունը պարտադիր է, իսկ կորցրած տեսողությունն՝ անդառնալի:
Պետք է հիշել՝ գլաուկոման կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է:
«Երևակ» ամսագիր
