Աչքի լույսի անտեսանելի գողը. գլաուկոմա
Գլաուկոման հիմնականում զարգանում է առանց ակնհայտ կամ հատուկ ախտանշանների: Կարող են լինել որոշ ընդհանուր գանգատներ. աչքի ծանրության զգացում, կարմրություն, երբեմն՝ տեսադաշտում լողացող պղտորումներ, սև կետ քթային հատվածում, դիսկոմֆորտ: Բայց այդ նշանները մարդիկ սովորաբար վերագրում են հոգնածությանն ու բժշկի չեն դիմում, բայց դրանք կարող են նաև գլաուկոմայի նախանշաններ լինել:
«Ցանկացած գանգատի դեպքում պետք է դիմել բժշկի, որովհետև գլաուկոման ոչ մի ակնհայտ, տեսանելի ախտանշան չունի: Ու ցանկալի է, որ հենց գլաուկոմայի մասնագետը հետազոտի, որովհետև վաղ գլաուկոմայի նշանները ընդհանուր հետազոտությամբ երբեմն հնարավոր է չնկատել: Մեր ամենամեծ պարծանքն այն կլինի, որ հիվանդներն հենց այս փուլում գան և կանխարգելվի հիվանդությունը, որովհետև այդ դեպքում նրանք կպահպանեն իրենց տեսողությունը»,- վաղ կանխարգելման կարևորությունն է շեշտում Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը: Առաջնային գլաուկոման պայմանավորված է PEX6 գենով: Եթե այն առկա է, ապա օրգանիզմը հակված է գլաուկոմայի: Չկա առաջնային գլաուկոմայով տառապող անձ, որը այս գենը չունենա, բայց կան մարդիկ, ովքեր այս գենն ունեն, բայց նրանց օրգանիզմում գլաուկոմա այդպես էլ չի զարգանում: Դրա համար պետք է նպաստող ինչ-որ գործոն լինի՝ սոցալական վիճակ, նյարդային լարվածություն, նյութափոխանակության խախտում և այլն:
Կոնկրետ հնարավոր չէ ասել, թե ինչի արդյունքում այն զարգացավ: Երկրորդային գլաուկոման զարգանում է որպես այլ հիվանդության հետևանք: Դա կարող է լինել շաքարային դիաբետ, չբուժված կատարակտաներ, երկարատև դեղորայք, օրինակ՝ դեքսամետազոն կաթեցնելը, արյան բարձր ճնշումը և այլն: Անկախ նրանից գլաուկոմայի որ տեսակն է, վաղ կանխարգելումը կարևոր է, որովհետև բոլոր դեպքերում այն համարվում է անդառնալի հետևանքներով հիվանդություն. բժիշկն ու հիվանդը պայքարում են եղածը պահպանելու համար.
«Եթե չբուժեցիր այսօր՝ քանի տեսնում է, վաղը պիտի բուժես օրգանը՝ որպես օրգան պահպանելու համար: Այսինք՝ այն կատարակտա չէ, որ փակվեց, կամ ցանցաթաղանթի շերտազատում չէ, որ չտեսավ ու չտեսավ: լաուկոմա նշանակում է աչքի բարձր ճնշում, այն հեղուկով լի պարկ է, որը փուչիկի նման լցվում, լցվում է ու մի օր պիտի պայթի: Այդ է պատճառը, որ չբուժելու դեպքում ստիպված ես լինում հեռացնել աչքը: Եթե աչքը արդեն չի տեսնում, այդ դեպքում էլ աշխատում ենք այնպես անել, որ չհեռացնենք, իսկ եթե դեռ տեսնում է, պահպանենք այն, ինչպիսին որ կա այդ փուլում: Երբ հիվանդը հետազոտվեց ու դրվեց «գլաուկոմա» ախտորոշումը, ուրեմն՝ տեսողությունը պիտի մնա այն աստճանում, որում բժիշկն այն տեսել է»:
Այդ է պատճառը, որ անչափ կարևորվում են գլաուկոմայի համար իրականացվող պրոֆիլակտիկ ստուգումները: Մանավանդ որ այդ հետազոտությունները շատ ավելի էժան են և վաղ հայտաբերման դեպքում արագ ու հեշտ կանխելի, եթե համեմատենք գլաուկոմայի ուշ փուլերի հետ, երբ վիրահատական միջամտությունը պարտադիր է, իսկ կորցրած տեսողությունն՝ անդառնալի:
Հայաստանում գլաուկոմայով հիվանդները շատ են: Շատ են և նախնական փուլում վիրահատվողները, և չտեսնող աչքերի վիրահատությունները: Վերջինն իհարկե տխուր ցուցանիշ է: Առաջնային գլաուկոման միշտ արտահայտվում է երկու աչքում, մեկում՝ ավելի շուտ, մյուսում՝ ավելի ուշ, ու երկրորդ աչքը սովորաբար պահպանվում է, որովհետև առաջին աչքի խնդրի պատճառով հիվանդն արդեն եղել է բժշկի հսկողության ներքո, ավելի լավ է պատկերացրել հետևանքները, հետևել է բժշկի ցուցումներին ու կանխել է մյուս աչքի կորուստը.

«Շատ կարևոր է գլաուկոմայի դեպքում բժշկի ցուցումներին ճշգրիտ հետևելը,-ասում է ակնաբան Լիլիթ Ոսկանյանը:- Գլաուկոմայի դեմ կաթիլները օրինակ, ինչպես շաքարային դիաբետի դեպքում ինսուլինը, պետք է ընդունել անընդհատ, ըստ բժկի ցուցումների փոփոխել: Ու պետք է վերջապես հասկանալ, որ այդ ամենն արվում է ոչ թե տեսողությունը բարելավելու, այլ եղած վիճակը պահպանելու համար, որովհետև վնասված տեսողական նյարդը վերականգնել անհնար է»:
Պետք է հիշել՝ գլաուկոման կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է:
