Մասնագիտական ճանապարհ՝ ընտանեկան ավանդույթով

Մեր նախնիներն ունեցել են արհեստը, մասնագիտությունը սերնդեսերունդ փոխանցելու ավանդույթ: Եվ այն ունեցել է ժողովրդական դարավոր իմաստությամբ պատճառաբանված ներքին տրամաբանություն: Այսօր մասնագիտությունները դարձել են ավելի բազմազան, ընտրությունն՝ առավել այլընտրանքային, իսկ երիտասարդ սերունդը՝ մասնագիտության ընտրության հարցում առավել ազատ ու ավանդույթի կապանքներից  թոթափված: Բայց փաստերը շարունակում են խոսել հին ավանդույթի օգտին. իրենց ոլորտում առավելագույն հաջողության հասնում են այն մասնագետները, ովքեր չեն խախտում ընտանեկան ավանդույթը ու շարունակում են ծնողների նախանշած ուղին: Այդ ուղուն հավատարիմ մնացին նաև Համբարձումյանների ընտանիքում. այստեղ կրթվում է բժիշկների երրորդ սերունդը:

 

Լավ բժիշկը միշտ հետազոտող է

 

Էնդոսկոպիստ, ճառագայթաբան, ուռուցքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիագնոստիկայի գծով փոխտնօրեն Անդրեաս Համբարձումյանը պատմում է, որ հայրը՝ Մարտին Համբարձումյանը, բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո՝ մինչև իր կյանքի վերջն աշխատել է  բժշկական համալսարանի կենսաբանության ամբիոնում, եղել այդ ամբիոնի հեղինակավոր և ուսանողների կողմից սիրված դասախոսներից մեկը. «Նվիրված է եղել իր առարկային, սիրել է իր աշխատանքը, դասախոսական աշխատանքը, բայց միշտ զղջացել է, որ պրակտիկ բժշկությամբ չի զբաղվել ու ինձ ու եղբորս միշտ հորդորել է առաջնահերթ զբաղվել պրակտիկ բժշկությամբ»: Մայրը՝ Ռայա Ստեփանյանը, նույնպես ավարտելուց հետո մնացել է ինստիտուտում՝ ֆիզիոլոգիայի ամբիոնում: Բժիշկը և մանկավարժը այնպիսի մասնագիտություններ  են,  որոնց համար սերը դեպի մարդիկ պարտադիր հատկություն է. «Առանց այդ սիրո ո՛չ հայրս, ո՛չ մայրս  չէին կարողանա այդքան երկար տարիներ նույն նվիրվածությամբ ու եռանդով աշխատել: Այդ սերը փոխադարձ է եղել: Երբ մայրս արդեն 75-ն անց էր և ցանկանում էր թողնել աշխատանքը, նրա ազատման դիմումը չէին ստորագրում, չէին ցանկանում բաժանվել նրանից: Ես ու եղբայրս ենք բարեխոսել նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի մոտ, որ մայրիկին վերջապես ազատել են: Դա մեր ռեկտորի պրակտիկայում առաջին դեպքն էր, որ աշխատանքից ազատելու համար խնդրում էին»:  

Անդրեաս և Էդուարդ Համբարձումյանները հետևել են հոր հորդորին, զբաղվել են գլխավորապես պրակտիկ բժշկությամբ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում ունենալով հայկական բժշկության զարգացումը խթանող ձեռքբերումներ: Դրան նպաստել են նաև գիտական փորձերն ու աշխատանքները, որոնք Անդրեաս Համբարձումյանը սկսել է դեռ ուսանող տարիներին. նրան գրավել է հետազոտական գործունեությունը: Դեռ 3-4-րդ կուրսերից սկսել է հաճախել Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, որտեղ միկրոբիոլոգիայի ամբիոնում հետաքրքիր փորձեր է նախաձեռնել: Այնպես որ, մինչև 6-րդ կուրսի վերջը նա արդեն մի քանի տպագրված գիտական հոդված ուներ: Առաջին գիտական աշխատանքը կատարում է Վ. Ֆանարջյանի ղեկավարած ռենտգեն ինստիտուտում:

Անդրեաս Համբարձումյանը հետաքրքրվում էր լուսանկարչությամբ, լուսանկարում էր նաև կենդանիներին, որոնց մթության մեջ ու արագ տեղաշարժվելիս լավ լուսանկարելու համար այն տարիներին պահանջվում էր լավ որակի և բարձր գերզգայունությամբ ֆոտոժապավեն: Ա. Համբարձումյանը հայտնագործում է, որ նույն մեխանիզմը կարելի է ներդնել նաև այն ժամանակվա ռենտգեն սարքավորումներում. ավելացնել ժապավենների գերզգայունությունը, ստանալ բարձր որակի պատկեր և ավելի քիչ ճառագայթել հիվանդներին: Իհարկե  Ֆանարջյանին երիտասարդ ուսանողի գյուտը դուր է գալիս, և այն ներդրվում է ինստիտուտի պրակտիկայում: Անդրեաս Համբարձումյանը նաև բժշկական ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախագահն էր, կազմակերպում էր ուսանողական կոնֆերանսներ, նպաստում ուսանողական մակարդակի բարձրացմանը: Այսպես էլ սկսվում են բժշկությունում հետազոտություններն ու պրպտումները, որոնք հետագայում պիտի դառնային մենագրություններ, բժշկական մեթոդական ձեռնարկներ: Սկսվում է բժշկի գիտական աշխատանքը, որը զուգահեռվում է պրակտիկ հաջող գործունեությամբ: Բժշկական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած ուսանողը մեկնում է Գյումրի, որտեղ աշխատում է երեք տարի:

Երևան վերադառնալուց հետո էլ շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը: Նա ուռուցքաբանության գիտական կենտրոնում ստեղծում է էնդոսկոպիայի և էխոգրաֆիայի առաջատար բաժին, որտեղ կատարվում են էնդոսկոպիկ բոլոր հետազոտությունները, ներդրվում են նոր մեթոդներ, որոնց մասին գրվում և տպվում է ԽՍՀՄ պետություններում տարածվող բժշկական մեթոդական ձեռնարկներում: Բժշկական համալսարանում հիմնում է Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի դուստր էխոգրաֆիկ ուսուցողական կենտրոն: Զուգահեռ վերստեղծվում է ռադիոլոգիայի ամբիոնը: Իհարկե բոլոր ձեռքբերումների թվարկումը երկար կլինի: Ու դա այնքան էլ էական չէ, որովհետև առավել էական է աշխատանքը, որի հիմքում ծնողների ներդրած սերն է մասնագիտության հանդեպ: Այն արդեն փոխանցվել է  Համբարձումյանների երրորդ սերնդին. Անդրեաս Համբարձումյանի դուստրն ու որդին նույնպես բժիշկ են: Այս ընտանիքում ուսանել են մեծերի կարևորագույն դասը. մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:

 

Սերը դեպի բժշկման արվեստը հենց սերն է մարդկության հանդեպ

 

Բժշկական գիտությունների դոկտոր, վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Համբարձումյանը 11 տարի աշխատել է աշխարհի առաջնակարգ բժշկական հաստատություններում՝ արտամարմնային բեղմնավորման ասպարեզում այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Ռենէ Ֆրիդմանը (Ֆրանսիա), Մաշել Սայբելեն (ԱՄՆ), նա նաև Փարիզի, Բոստոնի և Հարվարդի համալսարաններին կից արված բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցիացիայի նախագահն է, «Արագիլ» հիմնադրամի նախաձեռնողներից, բազմաթիվ ամերիկյան և եվրոպական գիտական կազմակերպությունների մրցանակակիր: Ու այսօր ձեռքբերումների բարձունքից և հեռավորությունից նայելով՝ զարմանում է՝ այդ ե՞րբ են ծնողները հասցրել այդքան բան փոխանցել իրենց. «Այն, որ բժիշկ ենք դարձել, միանշանակ պարզ է, բժիշկների ընտանիքում ենք ծնվել, բժշկությունը եղել է  բնական միջավայր: Բժիշկ էին նաև հորեղբայրս, մորաքույրս,  նրանց երեխաներն են արդեն բժշկական համալսարան ընդունվում: Բայց դրա հետ մեկտեղ ծնողներիս հաջողվել էր սեր ներարկել նաև արվեստի հանդեպ, մեզ ընդգրկել երաժշտական ու այլ խմբակներում, զարգացնել բազմակողմանիորեն: Եղբայրս տարվել էր լուսանկարչությամբ, ցուցահանդեսներ էր կազմակերպում, ես ՈւՀԱ-ում ելույթներ էի կազմակերպում,  բանաստեղծություններ ու երաժշտություն էի գրում: Հիմա եմ մտածում՝ այդ ամենը ե՞րբ հասցրին սերմանել:  Ամեն օրվա աշխատանք է եղել, ու ինչ-որ տեղ հերոսություն եմ համարում այդ աշխատանքը: Նույն նվիրումով ու պատասխանատվությամբ այդ աշխատանքը ընթացել է նաև ինստիտուտում:  Նրանց սերնդի վրա է հենվել ինստիտուտը, ստեղծվել կրթական օջախ, որը հիմնվում էր բարոյականության վրա, ոչ թե ներկայիս աջ ու ձախ հնարավորությունների ու խորամանկությունների, ինչը մի որոշ շրջան դոմինանտ էր, հիմա նոր ուզում են թոթափվել դրանից»: 

Պտղաբերության կենտրոնի հիմնադիր- տնօրենը շնորհակալ է ծնողներից բազմակողմանի կրթության համար: Առանց դրա չէին ստեղծվի Է. Համբարձումյանի երաժշտական գործերը, չէր ստեղծվի «Երազ» բալետը, որը նրա բազմաթիվ պացիենտների երազանքների ու ցանկությունների խտացումն է. «Օրվա ընթացքում բժիշկը առնչվում  է բազմաթիվ ճակատագրերի հետ, ակամա դառնում նրանց անհաջողության, տխրության, հիասթափության ականատեսն ու մասնակիցը: Այդ ամենը հավաքվում է, ու մարդը սուբլիմացիայի որևէ  ձև է փնտրում դրանից դուրս գալու համար: Տարբեր բժիշկներ տարբեր միջոցներ են ընտրում՝ սկսած սպորտից մինչև արվեստի տարբեր ճյուղերում դրսևորումներ: Ինձանից այդ ամենը դուրս է գալիս երաժշտության ձևով»: 

Երկար տարիներ աշխատելով արտասահմանում, քաղելով պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանի դասերը, ով Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է, էդուարդ Համբարձումյանը, Հայաստան վերադառնալով, իր գործունեությամբ նպաստեց շատ կարծրատիպերի վերացմանը, իսկ Պտղաբերության կենտրոնի հիմնադրմամբ՝ ոլորտում նոր ու բարձր որակի ներդրմանը: Մարդու պտղաբերության կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին և հանդիսանում է տվյալ ոլորտի առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում: Այն միակն է Հայաստանում, որն ինքնուրույն է և ստեղծված է միայն արտամարմնային բեղմնավորման համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ շատ ամուսնական զույգերի են օգնել իրականացնել իրենց երազանքը. «Կարևոր է, որ այսօր անպտղությունը դիտարկվում է ոչ միայն ամուսնական զույգի ու բժշկի խնդիր, այլ նաև հասարակության խնդիր, որը պետական մակարդակում լուծման պահանջ է առաջադրում: Դրական է, որ մարդիկ էլ չեն խուսափում օժանդակ օգնությունից և չեն ամաչում խոսել արհեստական բեղմնավորումից: Մենք չենք խոստանում այն, ինչ հնարավոր չէ, մենք անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է»: 

Էդուարդ Համբարձումյանի ընտանիքում նույնպես բարի ավանդույթը շարունակվում է. որդին բժիշկ է, կնոջ հետ ղեկավարում է «VT dent»  ստոմատոլոգիական կլինիկան: 

Այսպես ծնողների նախանշած ուղիով քայլում է արդեն երրորդ սերունդը: Մասնագիտությունը դառնում է ապրելակերպ: Այլ կերպ հնարավոր էլ չէ, եթե տվել ես Հիպոկրատի երդումը ու ընտրել ամենապատասխանատու մասնագիտություններից մեկը՝ բժիշկ:

 

Երևակ ամսագիր