Բժշկի մեծ ներդրումը հայկական բանակում

Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառությունը կենցաղում, աշխատանքում և ուսման մեջ ժամանակակից մարդուն  թելադրում է լավ տեսնելու ցանկություն: Ու քանի որ այսօրվա կենցաղը, էկոլոգիան ու տարատեսական հիվանդությունները նպաստում են աչքի տարատեսակ խնդիրների ու ախտահարումների զարգացմանը, գնալով մեծանում է ակնաբուժական ծառայություններից օգտվողների թիվը: Հայկական ակնաբուժության զարգացման մակարդակը թույլ է տալիս ազգաբնակչության համար ապահովել ժամանակակից չափորիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություն: Ավելին՝ ակնաբուժական ծառայությունը հատուկ կենտրոնացմամբ գործում է նաև հայկական բանակում: Հայկական ակնաբուժության ներկա վիճակի և զինված ուժերում այս ծառայության կայացման մասին "Առողջապահական համակարգի" կզրուցի ակնաբույժ, Ս. Մալայանի անվան կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի ակնաբույժ Հովսեփ Միհրանի Միրոյանի հետ: Հովսեփ Միրոյանը բժշկական գիտությունների դոկտոր է, մեծ ներդրում է ունեցել հայկական բանակում ակնաբուժական ծառայության կայացման գործում և հանդիսանում է ՀՀ Զինված Ուժերի ակնաբուժական ծառայության ղեկավարը: Պարգևատրվել է "Անդրանիկ Օզանյան" մեդալով: 

-Զարգացման ի՞նչ մակարդակում է այսօր հայկական ակնաբուժությունը:   

-Հայաստանում ակնաբուժությունը զարգացման բավական բարձր մակարդակում է գտնվում: Այստեղ իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական լայնածավալ գործունեություն:  Մենք իրականացնում ենք վիրահատական այն բոլոր միջամտությունները, որոնք կատարում  են ամբողջ աշխարհում՝ տեխնիկական, տեխնոլոգիական ու մասնագիտական նույն հագեցվածությամբ: Հայաստանն այս ոլորտում մրցակից կարող է համարվել շատ երկրներին: Դրանում իհարկե մեծ դերակատարություն ունի Մալայանի անվան կենտրոնի համագործակցությունը ամերիկահայ բժիշկների հետ, որի արդյունքում ստեղծված «Հայական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության շնորհիվ   ակնաբուժական բարձրորակ ծառայությունները հասանելի դարձան ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերի բնակչության համար: 

 -Իսկ կա՞ն աչքի վիրահատություններ, որոնց համար ՀՀ քաղաքացին ստիպված պետք է մեկնի արտերկիր: 

 -Արտերկրում վիրահատվելը, ցավոք, առավելություն է դիտվում մեր քաղաքացիներից շատերի համար: Դա դեռ ԽՄ տարիներից կարծրացած մտածելակերպ է, լավ արդյունքի համար մեկնում են Գերմանիա, Իսրայել, Ֆրանսիա, կամ որևէ այլ զարգացած երկիր: Իհարկե սրանք բժշկությունում առաջատար երկրներ են, բայց որքան էլ անիրական թվա, Հայաստանը չի զիջում այս երկրների ակնաբուժության մակարդակին, չենք զիջում ոչ ներդրված տեխնոլոգիաների, ոչ  հագեցվածության, ոչ առավել ևս մասնագետների առումով: 

-Ակնային ի՞նչ հիվանդություններ են վերջին շրջանում առավել տարածված, և նկատվու՞մ է  դրանց երիտասարդացում: 

-Ակնային շատ հիվանդություններ են տարածված: Անգամ որոշ հիվանդությունների համար արդեն էնդեմիկ զոնա է: Օրինակ՝ կերատոկոնուսը, որը հանդիպում է հիմնականում հայերի և հրեաների մեջ և լուրջ խնդիր է համարվում ժամանակակից ակնաբուժությունում ընդհանարապես: Զգալիորեն մեծացել են նաև շաքարային դիաբետի հետ կապված ակնահատակի փոփոխությունները: Իհարկե աշխատանքներ կատարվում են այդ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու և բուժելու ուղղությամբ, բայց քանի որ շատ են տարածված, դժվար է ավելի արդյունավետ կազմակերպել: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում ակնաբուժության մեջ ամենաշատ տարածված հիվանդություներից է կատարակտան: Տարիքային նվազագույն շեմը, երբ սկսում էր այն զարգանալ, համարվում էր 65 տարեկանը: Այսօր այն զգալիորեն երիտասարդացել է, ի հայտ է գալիս արդեն ավելի հաճախ 55 տարեկանից: Բայց շատ ավելի երիտասարդացել ու հաճախադեպ է դարձել կարճատեսությունը, որը տեսողական գերլարվածության հետևանք է: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են մեզ դիմում այս խնդրով: Պատճառն իհարկե համակարգիչն ու հեռուստացուցն են, դրանց առաջ անցկացրած ժամանակի չարաշահումն է: Համակարգչով աշխատելու կամ զբաղվելու ընթացքում պետք է ժամանակ առ ժամանակ դադար տալ, գոնե մի քանի րոպեով հայացքը փոխել էկրանից, հանգստացնել աչքերը: 

-Ի՞նչ սխալ սովորություններ կան տարածված, որոնք վնասում են տեսողությանը: 

-Իմ թիվ մեկ ցանկությունն է, որ մեր ժողովուրդը ավելի շատ մտածեր իր առողջության մասին, հատկապես երբ խոսքը երեխաների առողջության և տեսողության պահպանման մասին է: Հաճախ ծնողը չի էլ նկատում, որ իր երեխան վատ է տեսնում, և հիվանդությունը կարող է սրվել այնպիսի տարիքում և այնպիսի փուլում, որ բժշկությունը չի կարողանա կամ շատ քիչ կկարողանա օգնել: Վատ սովորություն է ժամանակին բժշկին չդիմելը: Պատրվակ են բերում զբաղվածությունը կամ ֆինանսի անբավարարությունը և սպասում են մինչև դանակը հասնի ոսկորին:  

Վատ սովորություն է նաև պատահական տեղից ակնոց գնելը: Նախ ակնոցի նշանակումը պետք է լինի բժշկի խորհրդատվությունից ու հետազոտությունից հետո: Ավելին՝ ակնոցը պետք է պատրաստել տալ մասնագիտացված օպտիկաներում, այլ ոչ թե գնել պատրաստին: 

Բժշկի պետք է դիմել անկախ նրանից՝ գանգատը խիստ է արտահայտված, թե թույլ: Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել պարբերաբար հետազոտվելը: Երեխաները պետք է հետազոտվեն պարտադիր, որովհետև այդ տարիքում կարող են գանգատներ չլինել, բայց ձևավորվեն խնդիրներ, որոնց հետագա զարգացումը տեսողական լուրջ խանգարումների պատճառ կդառնա: Իսկ մեծահասակների դեպքում ցանկալի է, որ 40 տարեկանից հետո ձեռք բերեն ակնաբույժին այցելելու օգտակար սովորությունը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մեծ մասն այս տարիքում ակնոց կրելու խնդրի առաջ է կանգնում ու պետք է կրի իր օպտիկային համապատասխան ճիշտ ակնոց: 

Ցավոք մեր երկրում պրոֆիլակտիկա գրեթե չկա: 

-Միգուցե պատճառը անվստահությու՞նն է բժշկի հանդեպ: 

-Վստահության կորուստ իրոք կա, ու պատճառը լրատվամիջոցներն են: Մարդիկ հիմնականում փնովումներ ու դատապարտումներ են լսում այս կամ այն բժշկի մասին: Դրական փորձ չի ներկայացվում, չենք լսում, որ այս բժիշկը այսքան կյանք փրկեց, այսքան տեսողություն վերականգնեց:  Այսօր շատ հազվադեպ է բժիշկը ՙշնորհակալություն՚ բառը լսում: Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, հիվանդությունն էլ կարող է զարգանալ անկանխատեսելի հունով, ամեն ինչ չէ, որ հնարավոր է բուժել, և բժիշկն էլ ամենակարող աստված չէ: Բժիշկը միշտ ձգտում է օգնել, լավ արդյունք ունենալ: Բայց դեպքեր են լինում, որ, որքան էլ լավ մասնագետ լինի, հիվանդությունն իր գործը մինչև վերջ անում է:

-Ակնաբուժությունը բավական բարդ մասնագիտություն է: Ինչու՞ հենց այն ընտրեցիք:

-Մեծացել եմ բժիշկների ընտանիքում. հայրս վիրաբույժ էր, մայրս՝ ակնաբույժ: Ակնաբուժությունը իր նրբությամբ ու բարդությամբ գրավել է վաղ տարիքից: 1997-2000թթ. կլինիկական օրդինատուրայում բժշկական պրակտիկաս անցա Մալայանի հիվանդանոցում: Աշխատակազմը, իմ ուսուցիչները՝ Ա. Ս. Մալայանը, Գ. Լ. Գրիգորյանը, Ա. Ա. Շաքարյանը, Ն. Դ. Գզգզյանը և ուրիշներ, նպաստեցին, որ ավելի շատ սեր, փորձ ու հմտություններ ձեռք բերեմ այս  մասնագիտության մեջ: Այնուհետև բանակում ծառայել եմ որպես ակնաբույժ: Իմ ծառայության շրջանում է հիմնվել ԶՈՒ ակնաբուժական ծառայությունը, որը ղեկավարում եմ առ այսօր: Իմ օրոք են ստեղծվել նաև Վարդենիսի և Սիսիանի  հոսպիտալների ակնաբուժական ծառայությունները, բարելավվել է Ստեփանակերտի հոսպիտալի ակնաբուժական ծառայությունը: 

Ինչ վերաբերում է մասնագիտության բարդությանը, իրոք այդպես է: Աչքը մեր օրգանիզմի ամենաբարդ օրգանն է, որի հիվանդություններն ու խնդիրներն էլ են խիստ բազմազան ու բարդ: Ու չնայած բժշկությունը զարգանում է, ներդրվում են վիրահատության ու բուժման նոր մեթոդներ ու գործիքներ, որոնք հեշտացնում են ակնաբույժների աշխատանքը, բայց ամեն անգամ վիրահատարան մտնելիս պետք է պատրաստ լինես նոր ու անսպասելի դեպքի, որը նոր լուծում է պահանջում ակնաբույժից: Հենց այստեղ է որ կարևորվում է պրակտիկ փորձը, որքան այն հարուստ լինի, որքան շատ դեպքերի հետ բժիշկը առնչված լինի, այնքան արագ ու ճիշտ կկողմնորոշվի իր գործողություններում: Հենց այստեղ է, որ կարևորվում են վերապատրաստումները տարբեր երկրներում, փորձի փոխանակումները ինչպես մեր՝ տեղի փորձառու ակնաբույժների, այնպես էլ արտասահմանի մեր գործընկերների հետ: Մալայանի ակնաբուժական կենտրոնում այդ փորձն առկա է: Հենց դա է մեր լավագույն արդյունքների հիմքը, արդյունք, որն ընդունում են նաև արտասահմանի  մեր գործընկերները: