Աշխարհի ամենափոքր վիրահատական սարքի խոշոր արդյունքները

1990-ականների սկզբին հայկական ակնաբուժությունը ոլորտի զարգացումը ապահովելու, միջազգային բժշկագիտական ասպարեզ դուրս գալու խնդիր ուներ: Այն լուծվեց Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և Ռոջեր Հովհաննիսյանի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության համագործակցության շնորհիվ: Համագործակցության շրջանակներում  Հայաստանում վիրահատություններ  սկսեցին կատարել արտերկրյա շատ բարձրակարգ ակնաբույժներ:

Նրանց թվում էր նաև գլաուկոմայի աշխարհահռչակ փորձագետ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր Ռիչարդ Հիլը՝ «Այ-ստենտի» գյուտի հեղինակը: «Այ-ստենտ» տրաբեկուլար միկրոիմպլանտը առաջարկում է գլաուկոմայի զարգացումը կանխարգելող  նոր, հեղափոխական մեթոդ:

Այն ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է.

«Գլաուկոմայի ժամանակ աչքը լցվում է ավելորդ ներակնային հեղուկով, որին ժողովուրդը «սև ջուր» անունն է տվել: Այն կուտակվում է, փքվում և ճնշում գործադրում տեսողական նյարդի վրա, որը սկսում է վնասվել, թուլանալ: Իսկ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Շունտավորմամբ մենք բացում ենք անոթն ու ապահովում հեղուկի արտահոսքը: Սա գլաուկոմայի ամենաարդյունավետ վիրահատական միջամտությունն է: Այն ոչ մի բարդություն չունի: Միակ խնդիրն այն է, որ եթե աչքի հետին հատվածում ինչ-որ  խոչընդոտ է առկա, ներակնային ճնշումը կարող է լիարժեք չիջնել: Բայց այդպես լինում է 7-20 տոկոս դեպքերում »,- պարզաբանում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը, ով այս վիրահատությունների գծով 1999թ. Կալիֆորնիայի համալսարանում մեկ տարի վերապատրաստական խորացված կուրս անցելուց հետո աչքի խցիկի շունտավորման բացառիկ փորձը ներդրեց   Հայաստանում.

«Շունտավորումը ժամանակակից  մեղմ, անվնաս, 1-1,5  րոպեանոց վիրահատական միջամտություն է աչքի խցիկի անկյունում, որտեղ, ինչպես սրտանոթում, շունտ է տեղադրվում:  Խոսքը 3-4 մմ սարքի մասին է, որը տեղադրվում է  միկրոսկոպի միջոցով: Տրամագիծը, որտեղ պետք է շունտը տեղադրվի, ընդամենը 75 միկրոմետր է:

Այդ վիրահատություններն այսօր Հայաստանում արվում են մեծ արդյունավետությամբ: Եվ արդեն այն մակարդակում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, գալիս են մեր բաժանմունք՝ այստեղ կայացած փորձին ու հմտություններին ծանոթանալու համար»:

Աչքի խցիկի անկյան շունտավորումը բժշկագիտությունում համարվում է համեմատաբար նոր ուղղություն, և Հայաստանը՝ որպես ամենամեծ թվով շունտավորում կատարած և լավագույն արդյունքները ցուցաբերած երկիր, հետաքրքրում է միջազգային վարկանիշ ունեցող ակնաբույժներից շատերին: Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքը սկսել է գործել 2001 թվականից ու այս 14 տարիների ընթացքում հասցել է համաշխարհային ճանաչում ստանալ, որպես տարածաշրջանում գլաուկոմայի շունտավորմամբ զբաղվող միակ հաստատություն. «Ես ուղղակի հպարտ եմ, որ Հայաստանի անունն աշխարհում հոլովվում է որպես առաջիններից ու այն քչերից մեկը, որտեղ իրականացվում են այսպիսի վիրահատություններ: Ու առավել հպարտ եմ  հիվանդների դիմելիության համար, որովհետև այսօր մենք 100 % տեսնող աչքի շունտավորում ենք անում: Իսկ դա նշանակում է, որ հիվանդը վստահում է մեզ, որ նրան կարողացել ենք հասցնել այն կարևոր ինֆորմացիան, որ  որ այսօր չվիրահատվելու դեպքում վաղը կարող է անդառնալիորեն  կորցնել տեսողությունը»,- ասում  է նա: