Անվտանգ հրավառություն ՝ բացառիկ լուծումներով

Կրա~կ... ու երկնքում պարում են կարմիրը, դեղինը, սպիտակը, կանաչն ու կապույտը: Մեկ վայրկյանում երկինքը գունազարդվում է, իսկ լուսարձակող կայծերը վայրկյաններ անց լուծվում են մթության հետ: Հրավառություն է: Երկնքում հայտնված բազմագույն ու տարատեսակ դեկորատիվ կրակները ստացվում են պայթուցիկ բաղադրություների այրման արդյունքում: Այրումն ուղեկցվում է աղմուկով, լույսով և ծխով։
Հրավառությունը՝ Feuerwerk, գերմաներեն կրակ (Feuer) և աշխատանք (werk) բառերի միասնությունն է: Այն հայտնագործվել է 12-րդ դարում Չինաստանում: Եվրոպայում առաջին անգամ հայտնվել է Իտալիայում` հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի կողմից, իսկ Հայաստանում հրագործական արվեստի հիմքերը դրվել են 1960-ական թվականներին: Ենթադրվում է, որ նախկինում օգտագործվում էին բամբուկի կանաչ ոստեր, որոնք կրակի մեջ գցելիս պայթում էին։ Դրանցով չինացիները վախեցնում էին չար ոգիներին տոների ժամանակ՝ մինչ հայտնաբերեցին վառոդը: Անմահության դեղը գտնելու հույսով դաոսյան գիտնականները խառնում էին սելիտրան, փայտածուխն ու ծծումբը։ Արդյունքում ստացվում էր սև փոշի, որ այրվում էր դանդաղ, բայց վառ լույսով։
Վերջին 8 տարում հայաստանյան երկինքը գունային երևակայությամբ հարստացնող «Հոլիդեյ Դիզայն» կազմակերպությունն առայժմ միակն է երկրում, որ առաջատար է իր լայնամասշտաբ հրավառություններով: Ընկերության գործադիր տնօրեն Հարություն Մնացականյանը հիշում է՝ մինչ այսօր հանրապետության պատմության մեջ ունեցած ամենալայնամասշտաբ, մասնագիտորեն դժվար իրագործելի աշխատանքը արվել է 2012 թ-ի ապրիլին, երբ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր համաշխարհային գրքի մայրաքաղաք: Հրավառությունն աննախադեպ էր իր տևողությամբ ու մասշտաբով՝ 28,5 կիլոմետր տարածքով: Այն ձգվում էր Մաշտոցի պողոտայից՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքից մինչև Մատենադարան, այդտեղից էլ՝ մինչև Մայր Հայաստան արձանը:
«Նմանատիպ հրավառության կազմակերպումը նույնիսկ զարգացած երկրներում շատ անհասանելի ու լուրջ է համարվում»,- հպարտությամբ հիշում է տնօրենը:
Հրագործական սարքավորումները, ըստ նշանակության և օգտագործման պայմանների, բաժանվում են երկու խմբի.
- կենցաղային նշանակության, որոնց օգտագործումը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն, և օգտագործման հրահանգը ճշտությամբ կատարելու դեպքում ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը,
- տեխնիկական կամ հատուկ նշանակության՝ պրոֆեսիոնալ, որոնց օգտագործումը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, օգտագործողների համապատասխան որակավորում և տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:
Բոլոր դեպքերում ընկերությունն օգտագործում է միայն սերտիֆիկացված հրագործական սարքավորումներ` արտադրված աշխարհի լավագույն ընկերությունների կողմից: Կիրառվում է նաև բոլոր տեսակի հրագործական սարքավորումների հեռակառավարվող էլեկտրաայրում անվտանգության համաշխարհային ստանդարտներին համապատասխան:
Հարություն Մնացականյանի ներկայացմամբ՝ հրավառություն անցկացնելու համար նախապես զննվում է տեղանքը, քանի որ կան հստակ չափանիշներ հրագործական սարքավորումների անվտանգ կիրառման վերաբերյալ:
«Հրագործության մեջ հաճախորդի ցանկությունը կազմում է 30 տոկոսը: Նա պարտավոր չէ հասկանալ անվտանգության կանոնները»,- բացատրում է ընկերության տնօրենը: Նրա խոսքով՝ առաջին հերթին հաշվի է առնվում հանդիսատեսի անվտանգությունը, ապա հակահրդեհային անվտանգության կանոնները և հրագործի անվտանգությունը: Կենցաղային նշանակության հրավառության դեպքում հանդիսատեսի ու հրավառության միջև պետք է լինի առնվազն 30 մետր հեռավորություն: Նշենք, որ մասնավոր միջոցառումների ժամանակ հիմնականում գործում է կառավարության կողմից սահմանված կանոնակարգը, ըստ որի՝ ամռանը հրավառություն կարող է կատարվել մինչև երեկոյան ժամը 23:00-ն, իսկ ձմեռային ժամերին՝ 22:00-ն:
Հրավառությունը չի վախենում անձրևից ու ամպրոպից, կարող է իրականացվել եղանակային ցանկացած պայմաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քամու ուժգնությունը գերազանցում է 7մ/վայրկյանը: «Հոլիդեյ դիզայն» ընկերությունն էլ իր հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս տեքստում նշում է այդ մասին, քանի որ անկախ հաճախորդի ցանկությունից, քամու ուժգնացման դեպքում կարող է չիրականացնել հրավառությունը ու լուծել պայմանագիրը:
Ընկերության մասնագիտական կազմում 4 հրագործ ձևավորողներ են՝ բարձր կարգի էլեկտրատեխնիկայի մասնագետներ: Մնացականյանն էլ, լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինքնուս է հրագործության ոլորտում: Հասկացել է, որ մարդ կարող է ինքնուրույն տիրապետել այս արհեստին, եթե ունի համապատասխան ունակություն ու ցանկություն: Հենց ինքն էլ վերապատրաստում է իր աշխատակիցներին: Ասում է, որ հայերն, ի տարբերություն մյուս ազգերի ներկայացուցիչների, այս գործում առավել զգույշ են ու պատասխանատու, ինչի վառ արդյունքն է այն, որ մինչ օրս որևէ հրագործ չի տուժել աշխատանքի ժամանակ:
«Հոլիդեյ դիզայն» ընկերությունը Հայաստանում միակն է, որ իրականացնում է հրավառության 3D մոդելավորում: Այս տարբերակն առավել ակնառու է տենդերների համար: Այն հիմնականում զուգորդվում է սինքրոն երաժշտությամբ և հենց երաժտության ոճից, տեմպից և տևողությունից է կախված օգտագործվող հրագործական սարքերի քանակը և հետևաբար՝ բյուջեն»,- մեկնաբանում է Հարություն Մնացականյանը: Մեր ընկերության փորձը, պրոֆեսիոնալիզմը և օգտագործվող սարքավորումների զինանոցը թույլ է տալիս կազմակերպել և անցկացնել (սցենարի պատրաստումից մինչև ցուցադրում) ցանկացած մեծության և բարդության հրավառություն կամ երաժշտական հրաշոու (մանկական միջոցառումներից մինչև պետական նշանակության միջոցառումներ).
Իսկ եթե խոսենք ընկերության հնարավորությունների մասին ընդհանրապես, ապա դրանք շատ ավելին են, քան կարող է պահանջել հայաստանյան սպառողը: Ընկերությանը խնդիրների առաջ է կանգնեցնում մաքսային նոր քաղաքականությունը՝ 18,6 %-ով ավելացել է մաքսազերծումը: Սրան հակառակ «Հոլիդեյ դիզայն»-ը բազմաթիվ առաջարկներ է ստացել արտերկրից՝ մասնավորապես Լատվիայից՝ մեծ գումարների դիմաց այնտեղ տեղափոխվելու: Գայթակղությունը մեծ է, առաջարկները՝ շատ, սակայն հայրենիքում մնալու և գործելու պատճառներն ավելի շատ են:
«Երևակ» ամսագիր