Վախթանգ Հարությունյան. Կարող ես ներսդ նայել` մեջը մի թշվառական է քնած...

Անթիվ սխալներից կերտեց մի կյանք,
Մի կյանք` վաղուց դարձած խաբկանք,
Որ ստեղծեցի անուրջներից:
Ինչքան անցած ու հին մտքեր լսեմ,
Ու թող այս պահը ինձ մնա,
Չեմ ցանկանում դառնալ ես ետ:
Ժամանակին, որ գողացա տաճարներից 
Ու ստեղծեցի տուն ինձ համար,
Ափսոս, խաբկանք էր դա նորից…
Մի պատմություն կա թշվառի մասին: Ազնվականն անցնելիս մի փոս է տեսնում, նայում է` մեջը մի թշվառական է քնած: Սպիտակ շորերով իջնում է փոսը, և ցեխի մեջից փորձում նրան դուրս հանել: Թշվառն ասում է. ՙԹող ինձ, հիմար, ես այստեղ ապրում եմ՚: Մենք շատ հաճախ հայտնվում ենք այդ իրավիճակում: 

Հաճոյանալն ու մարդուն բթացնելը շատ ավելի հեշտ է, քան նրան արթնացնելը և ուշադրությունը սևեռելը դեպի սեփական արատները: Երբ չես կարողանում ինքդ քեզ քննադատել, ուրեմն` չես կարող հեղինակային երգ լսել, անիմաստ է, կողքովդ կանցնի այդ երգը: Մարդը այնպես պիտի նայի իր ներսը, որ կարողանա ընկալել ուրիշինը: Եվ երբ ներս ենք նայում, հասկանում ենք, որ ախտահանման կարիք ունենք թե մեր սեփական մտքերի, և թե մեր արարքների: Ու հեղինակային երգի ողջ իմաստը ինքնամաքրվելն է, որ հետո էլ ասես`գիտես, հասարակության իմ բաժին արատը ես հաղթահարեցի: Հեղինակային երգը հայելի է մեր հասարակության համար, թե ինչպիսին ենք մենք, այդ թվում` ես:

92 թիվն էր, Վերնիսաժում ընկերոջս հետ զբոսնում էի, տեսա` մի մարդ կիթառ է նվագում, դիմացը պաստառ կա, գրված է` ՙՀամերգ մոմի լույսով՚: Գնեցինք երկու տոմս, և Ճարտարապետների տանը հայտնվեցինք այդ համերգին: Կազմակերպիչը Արարատ Բոբիկյանն էր: Այնտեղ ծանոթացա Էդվարդ Զորիկյանի, Արմեն Մովսիսյանի, Վահրամ Թաթիկյանի, Վահան Արծրունու հետ, նաև իմ սերնդակիցների: Արարատի հետ ընդհանուր մի բան ունենք. նա բեմը ազատ էր թողնում, ինչպես հիմամենք: Մի կարևոր բանաձև ես վերցրել եմ Արարատից: Մենք, բացի սև շորերով, չոլկայով տղաներից, ունենք հետաքրքիր սերունդ, որը բովանդակային երգ է սիրում: Պիտի օրերից մի օր նա գա, և մենք տեղներս զիջենք: Այդ խնդիրը երկու տարի առաջ ընկերներով քննարկել ենք: Ես հիմա գիրք եմ պատրաստվում հրատարակել, որտեղ հավաքված են բոլոր արժեքավոր հեղինակային երգերը, մի կիթառի կատարմամբ ակորդներով: 

Հեղինակային երգը գրեթե ձև չունի, այն միայն բովանդակություն է, խտացված բովանդակություն: Եթե բանաստեղծական երեք տողը մի երգի մեջ մի տասն անգամ կրկնվում է, ուրեմն` ակումբը կամաց-կամաց պիտի փոխի իր չափորոշիչները, դառնա պոպուլյար երգի մի վայր: Գուցե ծայրահեղ եմ, բայց այն հասարակությունը, որ այսօր ունենք, ծայրահեղ չլինելու, իրերին իր անուններով չկոչելու արդյունքն է:

Արվեստում կարևորում եմ երկու տարր, մեկը անկեղծությունն է, երկրորդն է` ջանալ անկեղծությունը սրբատաշ վիճակում ներկայացնել, երբ չես պատկերացնում ինչպես ներկայացնել, ապա ասելիքդ ասելիք չէ, ինչքան էլ անկեղծ լինի: Ինքնակրթության բոլոր տարրերից հետո ազատ ես աձակում ինքդ քեզ: Իհարկե դա երկսայրի սուր է, մի կողմից դու անկեղծ ես, մի կողմից անկեղծությունը դիմացինիդ ես տալիս, դա կարող է շրջվի և մտնի ներսդ թրի տեսքով: Դու քո արատն ես բաց անում, քո սրտի ցանկությունն ու թաքուն անկյունները բաց ես անում: Այդ առումով այս ժանրը հետաքրքիր է որպես երևույթ: 

Ինչն է պատճառը, որ հեղինակային այս սերնդի երգիչները այնպես ճանաչված չեն, ինչպես նախորդ: Ամեն մի ժամանակաշրջան իր խնդիրներն է բերում: Այն տարիներին, երբ չկար էլեկտրականություն, ոչինչ չկար, կար բովանդակություն, մարդկանց ոգևորությունը, հավատը վաղվա օրվա հանդեպ շատ մեծ էր: Բայց հիմա չգիտես ինչու, այս անբովանդակալի, սպառողական ապրելաձևը երկար տևեց: Մենք արդեն սովոր ենք արտադրողին ասել` դու թանկ ես արտադրում, ես Չինաստանից կբերեմ: Սպառողական հասարակություն ձևավորելով` մենք արարչագործությունից ենք հեռանում: Եթե ևս երկու սերունդ էլ գլորվեց նման սպառողական մտածելակերպով, մենք ոչինչ չենք ունենա:

Ինչ է իրականում արվեստը: Ես շատ վաղուց այդ բանաձևն ունեմ: Այն, ինչը գրվում է այսօր, բայց վաղվա համար: Ես 20 տարվա երգ ունեմ, այսօր էլ է ապրում երգը: Եվ հեղինակային երգի իմաստը դա է, որ ժամանակի մեջ պրոբլեմը ավելի շուտ է նկատում, քան հասարակությունը: Մոտ 15 տարի առաջ հրավիրեցին եկեղեցում համերգ տալու: Թվում է, թե ամեն ինչ նորմալ անցավ, բայց եկեղեցու պաշտոնյաներից մեկը հրավիրեց իր մոտ Արարատյան թեմ: Մի երգ էի երգել` Փայտի կտորն աստվածացնում` անմահ լույսին ուրանալով… Ինձ այլևս չկանչեցին… Արվեստում չկա կոմպլիմենտարիզմ: Ոչ ես կարող եմ խաբել, ոչ էլ օգնել նրան, ով ուզում է խաբվել:

Երևակ ամսագիր