Իրական բարեգործի պատվին.Միքայել Արամյանց.

Ի՞նչ են այ­սօր հիմ­նա­կա­նում են­թադ­րում բա­րե­գոր­ծու­թյուն ա­սե­լով. մեղ­քե­րի «­թո­ղու­թյուն», փո­ղե­րի լվա­ցում, ո­րոշ ե­րկր­նե­րում՝ հար­կե­րի թեթ­ևա­ցում և խիստ հազ­վա­դեպ՝ իս­կա­պես բա­րի կամ­քի դրս­ևո­րում: Սակայն հայոց պատ­մու­թյու­նը պահ­պա­նել է հայ իս­կա­կան բա­րե­գործ­նե­րի այն­պի­սի ա­նուն­ներ, ո­րոնք կա­րող են օ­րի­նակ լի­նել մե­րօ­րյա հա­րուստ­նե­րի հա­մար: 

Թբիլիսիի թիվ 1 քաղաքային հիվանդանոցը կառուցվել է 1910թ.: Այն եղել է իր ժամանակի եվրոպական չափանիշներով կյանքի կոչված հիվանդանոցային մեծ համալիր` վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան և մանկական բաժանմունքներով: Հիվանդանոցը միաժամանակ կարող էր սպասարկել 120 հոգու, հետազոտումն ու բուժումը անվճար էին, այստեղ է Գերմանիայից բերվել Կովկասում առաջին ռենտգեն ապարատը: Շենքի նախագծումից առաջ ճարտարապետ Պ. Զուրաբյանը գործուղվել է Մոսկվա, Վիեննա, Բեռլին` ուսումնասիրելու ժամանակի հիվանդանոցային կառույցները: Սա իհարկե հիվանդանոցի հիմնադրման մասին սովորական պատում է, արտասովոր միայն մեկ հանգամանքում. հիվանդանոցը բարեգործության ծնունդ էր, բարեգործը մեկը` մեծահարուստ Միքայել Արամյանցը. հենց նրա ֆինանսավորմամբ են կառուցվել շենքը, համալրվել անհրաժեշտ գույքով, վճարվել հիվանդանոցի ծախսերը և բժիշկների աշխատավարձը: Երախտապարտ ժողովուրդը սերնդեսերունդ փոխանցում է հիվանդանոցի ոչ պաշտոնական անունը` այն հիշելով որպես Արամյանցի հիվանդանոց: Ցավոք Արամյանցի հիվանդանոցը 2012թ. հիմնահատակ ավերվել է: Բայց դեռ չի ավերվել մեծ բարեգործի մասին հիշողությունը. Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցը, տեսնելով Վահե Աթանեսյանի Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ գիրքը, ասում է. Մեծ մարդ է եղել, մինչև հիմա նրան հիշում են: Հիշում են, որովհետև Մ. Արամյանցի բարեգործությունների շնորհիվ ուրախության և հույսի արցունքներ են հայտնվել տասնյակ մարդկանց աչքերում: Եվ պատահական չէ, որ այսուհետ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցը պետք է կոչվի Միքայել Արամյանցի անունով: Տարածաշրջանում բժշկության զարգացման գործում իր խոշոր վաստակն ունեցած հայ բարեգործի անունը այս կերպ անմահացնելով` վեր ենք հանում ոչ միայն բժշկության, այլև արվեստի, գիտության, կրթության, ազգային կյանքի տարբեր ոլորտներում իր լուման ներդրած մարդու մի կերպար: 

 

 

Մ. Արամյանցը եղել է Թիֆլիսի Հայ բարեգործական ընկերության անդամ, և ընկերության շրջանակներում բազմաթիվ էին նրա կատարած նվիրատվություններն ու հանգանակությունները: Նա եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Քսան տարի շարունակ նա Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր բուհեր ուսանողներ է գործուղել: Մ. Արամյանցի բարեգործություններն ուղղվում էին նաև ազգային կյանքի հրատապ խնդիրների լուծմանը: Նա ֆինանսավորել է ՀՅԴ` Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարին վերաբերող զանազան ծրագրեր: Հայոց ազգային խորհուրդը Արամյանցի տանն է գումարել իր ժողովները, և 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը տեղի է ունեցել հենց Միքայել Արամյանցի տանը` Թիֆլիսի Սերգիևսկի 4 հասցեում: Եվ վերջապես Բոլնիսի մոտ՝ Ալղեթի գետի ափին, Լեաճբատ տեղանքում, հայ փախստականների համար անվանի գյուղատնտես Կոստանդին Շահնազարյանի նախագծով գեղեցիկ տներով մեծ համայնք է ստեղծել 80 ընտանիքների համար: Գյուղացիները գյուղը մեծ բարեգործի անունով կոչել են Արամաշեն: Գյուղը խորհրդային տարիներին հիմնովին ավերվել է:

Արամյանցը նաև հայ առաքելական եկեղեցուն է վերադարձրել վրաց իշխան Բարաթովից գնած՝ Հաղպատի վանքին պատկանող տարածքը: Նա՝ որպես Հայ ազգագրական ընկերության նախաձեռնող ու հոգաբարձու, օժանդակել է Անիում Նիկողայոս Մառի պեղումներին, նաև Հայաստանի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներին ու ուսումնասիրություններին, պատմական արժեք ներկայացնող իրերի հավաքագրման աշխատանքներին, և այսօր Ազգագրական ընկերության հիմքով ունենք Հայաստանի պատմության պետական թանգարանը: 

Մեծահարուստ Միքայել Արամյանցի պատմությունը սկսել է իր վաստակած 3000 ռուբլի դրամագլուխով շաքարի, մետաքսի, բրդի առևտուր անելով: Հետո գուշակելով նավթարդյունաբերության հեռանկարները` իր կապիտալը տեղափոխել է Բաքու, որտեղ նրա գլխավոր գործընկերն է եղել Ալ. Մանթաշյանը: Շուտով Արամյանցը տեղափոխվել է Թիֆլիս, և սկսում է թիֆլիսյան կյանքի շրջանը` ավելի շատ բարեգործություններով, քան բիզնեսով աչքի ընկնող: Բացի նավթահորերից Արամյանցին էին պատկանում Թիֆլիսում երկու եկամտաբեր հյուրանոցներ, մի քանի խանութներ, Կիսլովոդսկի հանքային ջրերի ամենամեծ տաղավարը: 1912-1915թթ. Թիֆլիսում Արմայանցի կառուցած Մաժեստիկ` այժմյան Մարիոթ-Թբիլիսի հյուրանոցը ոչ միայն Վրաստանի, այլ ամբողջ Կովկասի շքեղաշուք շինություններից մեկն է: Հյուրանոցը կառուցել է անվանի ճարտարապետ, հետագայում ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ, Վրաստանի վաստակավոր շինարար Գ. Տեր-Միքելովը, ով Արամյանցի ճաշակը գոհացնելու համար 2 տարի ճամփորդել է Եվրոպայում և եվրոպական ոճի այդ ճոխ կառույցը կանգնեցրել այժմյան Ռուսթավելու պողոտայում: 2000թ. այն Վրաստանում ճանաչվել է որպես 20-րդ դարի լավագույն շինություն: Արամյանցն է կառուցել նաև Պալաս հոթելը, որը ԽՄ տարիներին ծառայել է նախ կինոթատրոն, ապա` Վրաստանի պետական թատերական ինստիտուտ: 1915թ. այս շինությունն արժանացել է Լավագույն ֆասադ մրցանակին: Նման տիպի կառույցներ հիմնելու համար պետք էր ունենալ նաև ներքին բարձր կուլտուրա, ճաշակ և լայն աշխարհաճանաչողություն, ինչն արտահայտվում էր ոչ միայն բարձրակարգ շինությունների ճարտարապետությունում, այլև բարեգործություններում, որոնք արվում էին առանց բարձրաձայնելու` առատաձեռնություն ցուցաբերելով հանգանակությունների ժամանակ, օրինակ ծառայելով այլոց: Թիֆլիսյան հասարակությունը, քաղաքային իշխանությունները հավուր պատշաճի են գնահատել նրա բարեգործությունները` Արամյանցին շնորհելով Թիֆլիսի պատվավոր քաղաքացու կոչում, որն այդ ժամանակներում դժվար վաստակվող և մեծ պատասխանատվություն ունեցող կոչում էր:

 Ախթալայում ընտանեկան հանգստի համար Արամյանցը կառուցել էր շվեյցարական ոճի դղյակ, որի շուրջը հիմնել էր մեծ ագարակ` եկամտաբեր տնտեսությունով: Կալվածքի հյուրերն այն անվանում էին Հայկական Շվեյցարիա, իսկ հյուրերն էին ազգի մեծերն ու արվեստի հայտնի գործիչները` Խրիմյան Հայրիկը, Ալ. Մանթաշյանցը, Հ. Թումանյանը, Ալ. Շիրվանզադեն, Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը և ուրիշներ: Այսօր մեծ բարեգործից Հայաստանին մնացած միակ ժառանգությունն է այդ բացառիկ կալվածքը, որը կարող էր դառնալ տուրիստական հետաքրքիր կենտրոն, բայց մատնված է անդառնալի մոռացության: 

Միքայել Արամյանց բարի անունն ու օրինակը վերհանելու փորձ է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցը մեծ բարեգործի անունով կոչելը: Մի կողմից այն կպարտավորեցնի հիվանդանոցի ղեկավարությանը առաջնորդվել այն բարձր հայրենանպաստ սկզբունքներով, որոնք որդեգրել էր Արամյանցը, մյուս կողմից էլ շատ-շատերը հայտնի հիվանդանոցի անվանափոխությունը իրենց համար բացատրելիս կծանոթանան Միքայել Արամյանցի կենսագրությանն ու կբացահայտեն մեծ բարեգործի, հայտնի գործարարի կերպար, որին կնախանձեին հայտնի ու հաջողակ դառնալու մասին այսօր գրքեր գրող շատ գործարարներ:

Երևակ - Առողջապահական համակարգ