Ռազմաբժշկական ծառայություն.գնահատում են մասնագետները
ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական Բենիկ Հարությունյան
-Ի՞նչ ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը Հայաստանում:
-Հայաստանի Հանրապետության ռազմական բժշկության պատմությունը սկսվում է բանակի հետ: 1992 թ. ՀՀ Նախագահի հրամանով ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և նրա կառույցում ռազմաբժշկական ծառայությունը, որը մի տարի անց վերակազմավորվել է վարչության: Եվ ի պատիվ մեր ժողովրդի, մեր քաղաքական, պետական անկախությունը կերտող բոլոր այրերի, պետք է ասեմ, որ այս ընթացքում մեր հայկական բանակը կայացել, զարգացել, դարձել ժամանակակից և հանդիսանում է հանրապետության անկախացման շրջանի ամենամեծ ձեռքբերումնից մեկը: Բնականաբար նույն բարձր մակարդակում է նաև ռազմաբժշկական ծառայությունը, որը լիարժեքորեն կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: Բայց, անշուշտ, կյանքը քարացած չէ: Ե՛վ կյանքն է զարգացում ապրում, և բնականաբար բանակը, խնդիրները փոխվում են, և դրան համապատասխան դինամիկ կերպով տրամաբանական զարգացում է ապրում ռազմաբժշկական ծառայությունը: Բավական է ասել, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ստեղծվել են երկու հոսպիտալներ Երևանում և կայազորային հոսպիտալներ՝ Սիսիանում, Ջրականում (Ջաբրայիլ), Վարդենիսում,Վանաձորում և Բերդում: 1993-ին ստեղծվել է ՀՀ զինված ուժերի հակահամաճարակային և սանիտարական ծառայությունը: Եվ պետք է ասեմ, որ ռազմաբժշկական ծառայությունը իր առջև դրած խնդիրները պատվով է կատարել, չենք ունեցել համաճարակային բռնկումներ, բացառությամբ մալարիայի փոքր դեպքերի Հորադիզում 1993-1994 թթ. և թոքախտի սահմանափակ դեպքերի, որոնք ներմուծվել էին քաղաքացիական ոլորտից: Վիրավորների 72-75 տոկոսը լիարժեք բուժօգնություն է ստացել և վերադարձրել ճակատ: Դա գերազանց ցուցանիշ է և հպարտանալու առիթ է տալիս: 1993-1995 թվականներին գլխավորել եմ ռազմաբժշկական վարչությունը, որը պատերազմի տարիներին ստանձնել էր պարտականությունների ու խնդիրների հսկայական բեռ:
Մեր վարչության ուսերին էր ծանրացել հոսպիտալների կազմավորման, դեղորայքի տրամադրման, վիրավորների բուժսպասարկման օպերատիվ կազմակերպման, քաղաքացիական հիվանդանոցներում վիրավորների հոսպիտալացման, համաճարակների կանխարգելման և բազում այլ խնդիրներ: Վարչությունը սերտորեն համագործակցում էր թե՛առողջապահության նախարարության, թե՛ այլ պետական և արտասահմանյամ կազմակերպությունների հետ, ինչն օգնում էր ավելի արդյունավետ բաշխել ուժերն ու արագ արձագանքել: Առողջապահության նախարարության հետ համագործակցել ենք, համատեղ ծրագրեր ենք մշակել, համատեղ պրակտիկ գործունեություն ենք ապահովել, որովհետև այն ժամանակ մինչև հոսպիտալների ձևավորումը քաղաքացիական հիվանդանոցներն էին վիրավորներին ընդունում և պրակտիկ բուժում իրականացնում: Մենք այդ ընթացքում ապահովել ենք սնունդն ու դեղորայքը: Քաղաքացիական բուժաշխատողների՝ այդ ժամանակ կատարած մեծ գործն անհնար է ուրանալ: Խաղաղ պայմաններում էլ ռազմական բժշկությունը շարունակում է իր փուլային զարգացումը: Այն հիմնականում կենտրոնանում է կանխարգելիչ և սանիտարա-հիգիենիկ միջացառումների կազմակերպման վրա, նաև զարգացնում իր նեղ մասնագետական և գիտական ճյուղը: 1994 թ-ից Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը, որը պրակտիկ ռազմական բժիշկներ ու գիտնականներ է պատրաստում՝ հենվելով ռազմական բժշկության կանխարգելիչ ուղղվածության, պատերազմի ընթացքում կուտակած պրակտիկ հմտությունների, ռազմական հիգիենայի և բուժական գործունեության մեր սեփական և միջազգային փորձի վրա:
- Քաղաքացիական պայմաններում մարդը բժշկի և հիվանդանոցի ընտրության հնարավորություն ունի, զինվորականը՝ ոչ: Արդյո՞ք մրցակցության բացակայությունը չի ստիպի տեղում դոփել:
-Բացարձակ: Նախ՝ ռազմական և քաղաքացիական բժշկական ծառայությունները սերտորեն համագործակցում են: Մի շարք նեղ մասնագիտական ծառայություններ հավասարապես սպասարկում են երկու համակարգերին: Այնուհետև հանրապետության առողջապահության համակարգի հեռանկարային զարգացումը տեսնում ենք երկու ծառայություների մի շարք մասնագիտացված ուղղությունների ինտեգրման մեջ: Որովհետև մեր երկիրը մեծ չէ՝ բնակչության և բանակի կազմի առումով, և զինվորների ու նրանց ընտանիքի անդամների բուժման գործն առավել օպտիմալ ու հարմար պայմաններում իրականացնելու համար ուժերի միավորումը շատ կարևոր է: Այդ նպատակով իրականացվում են համապատասխան մասնագետների պատրաստման, միջազգային կենտրոններում նրանց վերապատրաստման, փորձի փոխանակման համատեղ աշխատանքներ, այդ ամենը՝ ներդաշնակ համահունչ ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացնելու:
-Շատ կարևոր է զինվորների առողջության պահպանումը բանակում: Ի՞նչ վիճակում է այդ գործի կազմակերպումը:
-Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հիմնականում քաղաքացիական և ռազմական առողջապահական համակարգերի համագործակցությամբ կարողանում ենք կառավարելի պահել և համաճարակային մեծ խնդիրներ չունենալ: Ճիշտ է՝ պատահում է, օրինակ, ջրծաղկի բռնկում, որը անկառավարելի ինֆեկցիա է և հիմնականում քաղաքացիական միջավայրից է անցնում զինվորականներին: Իսկ այն վերացնել չենք կարող, քանի որ շփումը զինվորի ու նրա հարազատների հետ չենք կարող արգելել: Երբեմն տարածում են ստանում նաև սեզոնային ինֆեկցիաները՝վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունները, որոնք անցյալ տարի թոքաբորբային բարդություններ տվեցին: Ռազմական բժշկության ծառայությունը առողջապահության քաղաքացիական համակարգի մասնակցությամբ պատվով կատարեց իր վրա դրված խնդիրը և այն հաղթահարեց մինիմալ կորուստներով: Մեծ թվով թոքաբորբով զինվորներ են եղել և ունեցել ենք երկու կորուստ: Իհարկե, լավ կլիներ, որ ոչ մի կորուստ չունենայինք, յուրաքանչյուր կորուստ մեծ ցավ է, ողբերգություն թե՛ բանակի, թե՛ հարազատների համար, բայց այդպիսի քանակի դեպքում երկու կորուստը միջին ցուցանիշներից շատ ցածր է: Պետք է ասեմ, որ հիմնականում նեղ մասնագիտական ծառայությունները ձևավորված են, ունենք բարձր որակավորմամբ նեղ մասնագետներ: Զորամասային առաջնային օղակներում և տարածքային հոսպիտալներում զբաղվում են ընդհանուր, պրոֆիլակտիկ բնույթի, ոչ նեղ մասնագիտական բուժում պահանջող պաթոլոգիաների բուժմամբ: Առանձին դեպքերում, եթե հարկ է լինում, դիմում են քաղաքացիական բուժկենտրոնների օգնությանը: Երբեմն, եթե պատահում են նեղ մասնագիտական մոտեցումներ պահանջող դեպքեր, կա՛մ համատեղ լուծումներ ենք գտնում, կա՛մ տեղափոխում ենք քաղաքացիական մասնագիտացված կենտրոններ բուժումը կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ ռազմական բժշկության՝ խնդիրների արձագանքման և բուժման մակարդակը բավական բարձր է: Եթե հաշվի առնենք մեր բանակի թվակազմը, խնդիրները, բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժումը ու համակարգի արդյունավետությունը համեմատենք ավելի հարուստ, ավելի մեծ կադրային, ֆինանսական հնարավորություններ ունեցող երկրների ռազմաբժշկական ոլորտի հետ, կհամոզվենք, որ մեր ռազմական բժշկությունը ոչ միայն չի զիջում, այլև զարգանում է ժամանակակից պահանջներին համապատասխան:
- Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան ի՞նչ կարող է փոխել այս ոլորտում, ի՞նչ ակնկալիքներ կան ասոցիացիայից:
-Ողջունում եմ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի և նրա հանդեսի կազմավորումը: Առհասարակ հասարակական կազմակերպությունները կոչված են համապատասխան պետական կառույցներից իրենց վրա վերցնել մի շարք ֆունկցիաներ, ինչը հեշտացնում է խնդիրների լուծումը, ավելի բաց է դարձնում համակարգի աշխատանքները և նպաստում քաղաքացիական հասարակարգի ձևավորմանը: Եթե այս տեսանկյունից էլ նայենք Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի ձևավորմանը, այն կրկնակի կարևոր է դառնում: Ասոցիացիան ավելի կընդլայնի համագործակցության դաշտը, ավելի բաց կդարձնի համակարգը նաև արտասահմանյան կազմակերպությունների համար, իսկ այսօրվա պայմաններում, որքան համագործակցության դաշտը մեծ ու բաց լինի, այնքան արդյունավետությունը առավել նշանակալի կլինի: Մյուս կողմից դա առանձնահատուկ ասոցիացիա է, իսկ նրա հանդեսը հարթակ է, որը մասնագիտական, կազմակերպչական, գիտական և այլ խնդիրների բաց քննարկման և իրազեկման լայն հնարավորություն է ստեղծում:
Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիային և նրա հանդեսին բարի երթ եմ ցանկանում:
Արտաշես Փարսադանյան
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, գնդապետ,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Հայ իրականությունում ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել ռազմական բժշկությունը:
- Ռազմական բժշկությունը հայ իրականությունում գոյություն ունի շատ վաղ ժամանակներից, երբ կազմավորվել են զինված ուժերը, զուգահեռ միշտ եղել են բուժօգնություն ապահովող մասնագետներ: Սկզբնական շրջանում նրանք քրմերի դասից էին, այնուհետև ի հայտ եկան հեքիմները: Իսկ ռազմաբժշկական կառույցը որպես այդպիսին հայկական բանակում առաջին անգամ ի հայտ է եկել նախորդ դարի սկզբին` առաջին
հանրապետության ստեղծման ժամանակ: Կար անկախ պետականության, կար սեփական բանակ, հետևաբար և ձևավորվեցին ռազմաբժշկության էլեմենտները. կազմվում էր բուժանձնակազմ, հիմնվում էին լազարեթներ, փոքրիկ հոսպիտալներ: Հետո երբ Հայաստանը խորհրդայնացվեց, հայկական ռազմաբժշկությունն արդեն գործում էր Սովետմիության կանոնավոր զորքերի շրջանակներում: Հայ զինվորական բժիշկները սովետական բանակում միշտ գտնվում էին լավագույնների շարքերում: Հայկական ռազմաբժշկությունը մեծ զարգացում ապրեց հատկապես Հայրենական պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում առաջ եկան պրոֆեսորներ, գիտնականներ, պրակտիկ վիրաբույժներ: Ունեցել ենք գեներալ Բուռնազյան, որը սովետական բանակի գլխավոր մասնագետներից էր, գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի և այլն: Պետք է նշեմ, սակայն, որ հայկական զինվորական բժշկության հիմնական ձևավորումն ու զարգացումը տեղի է ունեցել արցախյան ազատամարտի ժամանակ: Երբ անկախացումից հետո ձևավորվեցին զինված ուժերը, այդ ժամանակ էլ արդեն որպես կայուն կառույց ստեղծվեց ռազմաբժշկական ծառայությունը: Պատերազմի ընթացքում բազմաթիվ հայ նվիրյալ զինվորական բժիշկներ, ովքեր կայացել էին սովետական բանակում, եկան Հայաստան և իրենց ներդրումն ունեցան: Նրանց հետ միասին իրենց ջանքերը ներդրեցին նաև քաղաքացիական բժիշկները, անգամ ինստիտուտների բարձր կուրսերի ուսանողները մտնում էին ջոկատների կազմ և բուժօգնություն ցույց տալիս կռվող տղաներին: Դա ռազմաբժշկական ծառայության սաղմնավորման փուլն էր: 1992-ի հունվարի 28-ին եղավ հրաման, որով ի թիվս այլ վարչությունների, բանակի կազմում ստեղծվեց նաև ռազմաբժշկական վարչությունը:
- Ռազմաբժշկական վարչությունն ի՞նչ ձեռքբերումներ ու առաջըթնաց է ունեցել:
- Հայոց բանակում ռազմաբժշկական ծառայությունը գոյություն ունի արդեն 22 տարի: Իր կայացման ընթացքում անցել է մի քանի փուլ: Այսօր կարելի է ասել, որ արդեն ձևավորված կառույց է: Նույնիսկ կասեի` լավ ձևավորված կառույց, քանի որ հիմքերը դրվել են մեծ աշխատանքների գնով: Բանակի ռազմաբժշկական ծառայությունը պաշտպանության նախարարների և ԶՈւ գլխավոր շտաբի կողմից միշտ ստացել է աջակցություն տարբեր հարցերում. կադրերի պատրաստում, տեխնիկական հագեցում, շենքային պայմանների ապահովում, կանխարգելիչ բժշկության զարգացում և այլն: Հատկապես 2006-2011թթ. ռազմաբժշկությունն ունեցավ թռիչքաձև զարգացում. համալրվեց ակադեմիական կրթություն ունեցող կադրերով, բարելավվեցին շենքային պայմանները, կառուցվեցին նոր հոսպիտալներ: Օրինակ, երբ ես ստանձնում էր վարչության ղեկավարումը, կար արհեստական շնչառության մի քանի սովետական ապարատ, այն էլ` ոչ պիտանի: Ֆրանսիական մի ապարատ էլ կար, բայց դարձյալ լավ չէր աշխատում: Մենք անմիջապես սկսեցինք ոչ թե տեխնիկական վերազինում, այլ վերափոխում: Զրոյից ամեն ինչ վերափոխվեց, հասավ մի կետի, որն այդ ժամանակ համարվում էր գագաթնակետ Հայաստանի դեպքում: Բացի շենքային պայմանների բարելավումից մենք կարողացանք զբաղվել նաև գիտական գործունեությամբ: Մեզ մոտ աշխատում էին գիտությունների 29 թեկնածու, 6 դոկտոր: Նրանցից մի քանիսը իրենց ատենախոսությունները պաշտպանել էին հենց մեզ մոտ: Մեր լավագույն բժիշկները հանդես եկան գյուտարարությամբ, նորագույն բժշկական մեթոդների ներդրմամբ: Մեծ առաջընթաց ունեցանք որդաբուժության բնագավառում: Որդաբուժությունը, իհարկե, նորություն չէ, բայց որդերի բուծման և վերքերի բուժման մեր ներդրած եղանակը եզակի էր: Մեր բժիշկներից Աշոտ Զոհրաբյանն է մշակել այդ մեթոդիկան. տնական ճանճերի միջոցով ստանում ենք նոր խմբի ճիճուներ, որոնք դնում ենք երկարատև չբուժվող վերքերի վրա: Ճիճուները սնվում են քայքայված, ոչ պիտանի հյուսվածքներով՝ մինչև վերքի մաքրվելը: Հենց հասնում են առողջ հյուսվածքներին, դադարեցնում ենք: Սա լիցենզավորված գյուտ է, ստացել է միջազգային ճանաչում: Կարևոր գյուտ է նաև ոսկրային դեֆեկտների վերացման գործում պրոֆեսոր Յուրի Պողոսյանի կողմից ներդրված դիակային փոշիացված ոսկրանյութի օգտագործման մեթոդիկան: Այդ բուժամեթոդը շատ արդյունավետ էր հատկապես պատերազմական շրջանում, երբ հրազենային վնասվածքից առաջացած ոսկրային դեֆեկտները շատ էին հանդիպում:
- Համագործակցության ի՞նչ հիքմեր են դրվել արտասահմանյան գործընկերների հետ:
- Արտաքին կապերի ուղղությունը ևս նշանակալի զարգացում է ապրել: Համագործակցություն է հաստատվել գրեթե բոլոր եվրապական երկրների հետ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ: Մեր միջազգային կապերը ծառայեցրել ենք մեզ համար լավ կադրեր պատրաստելու գործին: Հատկապես կուզեի առանձնացնել համագործակցությունը Գերմանիայի հետ, որն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրվել: Առաջին գերմանացի գեներալը, որը եկել է Հայաստան, եղել է Բանդենկովը: Նրա այցից հետո մեր կապերն ավելի ընդլայնվեցին և հասան բարեկամության մակարդակի: Մեզ հրավիրեցին Գերմանիա: Իմ պաշտոնավարության ժամանակ երբ գնացի Գերմանիա, առաջին խնդիրս էր ուսումնասիրել այնտեղի ուսումնական դաշտը: Ակտիվորեն յուրացրեցինք գերմանական ռազմաբժշկության առավելությունները: Մեր կադրերից շատերը կրթվեցին այնտեղ: Հիմա մեր ռազմաբժշկական վարչության լավագույն կադրերը գրեթե բոլորն էլ ավարտել են գերմանական ռազմաբժշկական հաստատություններ:
- Հետագա զարգացումն ապահովելու համար ի՞նչ խնդիրներ ունի լուծելու մեր բանակի բուժծառայությունը:
- Ես կարևորում եմ տեխնիկական հետագա վերափոխումների շարունակականության ապահովման հարցերը: Հետագա զարգացման համար արմատական քայլեր են պետք հատկապես կադրային հարցերում: Բժշկությունը չի կարող հենվել թերի զարգացած բժիշկների վրա: Ես մի անգամ էլ եմ նշել, որ հայկական բանակը, հայկական ռազմական բժշկությունը չի կարող միջակություն ունենալ, սա այն երկիրը չէ, որտեղ միջակությունով առաջ գնաս ու միջակության ձախողումները կոծկես: Հնարավոր բան չէ: Սա այն ազգն է, որը ամեն ինչի վրա ուշադրություն է դարձնում: Հիմա գիտե՞ք ինչն է անհանգստացնում որակ ապահովելու հարցում. փոխարինող կադրերն արդյո՞ք կարող են իրենց վրա վերցնել եղած ժառանգությունը և առաջ գնալ: Այ սա կարևոր խնդիր է: Փոխարինող կադրը միշտ պետք է պատրաստ լինի, որպեսզի տեղում չդոփի: Բոլոր դեպքերում ես խնդիրն այդպես եմ դնում: Մեր ռազմական բժիշկները պետք է կազմակերպչական մասից դուրս գան, դառնան բուժող բժիշկներ, այլապես մեր կորուստները միշտ շատ կլինեն: Մեզանում բուժական խնդիրն է կարևոր, փոքրաթիվ ժողովուրդ ենք, համալրման խնդիր ունենք:
- Տարածաշրջանի մակարդակով ի՞նչ դիրքեր է զբաղեցնում մեր ռազմաբժշկական ծառայությունը:
-Տարածաշրջանի մակարդակով մեր և՛ բանակը, և՛ զինվորական բժշկությունը առաջնակարգ դիրքեր են զբաղեցնում: Ընդ որում, դա միայն մեր գնահատական չէ: Ես մասնակցել եմ շատ միջազգային ֆորումների, այդ թվում և ՆԱՏՕ-ում անցկացվող, ու միշտ զգացել եմ, որ մեր արտերկրյա գործընկերները ձգտում են ուսումնասիրել մեր փորձը, մեր կառուցվածքային տարրերը, արդյունավետությունը: Պատահական չէ, որ գերմանական և ամերիկյան կողմերը միշտ ներկա են եղել մեր անցկացրած զորավարժություններին: Օրինակ` 2012-ի աշնանը մեծ զորավարժություն անցկացրեցինք, աշխարհի 6 երկրից ներկայացուցիչներ կային: Մենք ցույց տվեցինք, թե ինչպես ենք պատերազմական իրադրությունում մեր վիրավորին առաջնագծից տարհանում մինչև բուժհիմնարկ, որ նա մնա կենդանի, բուժվի և շարք վերադառնա: Իրենք բոլորն էլ ընդունեցին այդ սխեմայի կատարելությունը և փորձեցին իրենց մոտ էլ ներդնել դա:
- Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիայից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:
- Ողջունելի է նման հասարակական կազմակերպության ստեղծումը: Կարծում եմ դա մեծ աջակցություն կլինի ռազմական գործող բժշկությանը և արդեն զորացրված զինվորական բժիշկների հետ տարվող աշխատանքներին: Ասոցիացիայի արտասահմանյան կապերը հնարավորթյուն կտան լավ մասնագետներ պատրաստելու: Նրա դերը կարևորում եմ նաև հասարակության հետ կատարվելիք աշխատանքներում: Անելիքներ շատ կան: Ռազմական բժշկության մեջ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Ամեն մի օրը ռազմական բժշկի համար մի սցենար է, որը կարող նրանից կյանք խլել: Ահա այդքան խոր հոգեբանական իրավիճակներ են զարգանում: Շատ ժամանակ դա ճիշտ չի հասկացվում հասարակության կողմից: Ասոցիացիայի խնդիրը կլինի սա պարզաբանել, իրականությունը վերհանել: Արդյունքում հանրությունն ավելի լավ կպատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմական բժշկությունը: Ըստ իս` Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած կազմակերպությունը որպես միջնորդ օղակ ավելի կմեծացնի ժողովուրդ-բանակ-ռազմական բժշկություն կապը: Կնպաստի նաև զինվորական և քաղաքացիական բուժծառայությունների կապերի զարգացմանը:
