Որտե՞ղ կրթել...Ինչպե՞ս. Օֆելյա Պետրոսյան

Կրթությունը հասարակության հիմքն է: Երբ այն տարատեսակ օտարամուտ փորձարկումների է ենթարկվում, յուրաքանչյուր սխալ իրողություն խարխլում է հասարակության հիմնաքարը: Այս կապակցությամբ զրուցում ենք «Տաթև» ոչ պետական դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանի հետ։


-Տիկին Պետրոսյան, որո՞նք են կրթական համակարգը թուլացնող գործոնները:


-Այսօրվա կրթական համակարգի համար նոր ձևավորվող մոդել է 12-ամյա դպրոցը։ Արդի դպրոցում խնդիրները շատ են, բոլորին չես անդրադառնա։ Օրինակ՝ ովքե՞ր են մեր առաջին դասարանցիները. իրենց խաղ-մանկությունից դժվարությամբ կտրված, կենսաբանական որոշիչ կազմավորման գործընթացում գտնվող 5-6-ամյա մանուկներ, որոնց համար մատուցվող գիտելիքները հաճախ բավական դժվարամարս են։ Էլ չեմ խոսում առանձին դպրոցների այն մոտեցման մասին, երբ երեխային առաջին դասարանում միաժամանակ  մի քանի օտար լեզու է մատուցվում։ Խե՜ղճ փոքրիկ. դե արի ու տարբերակիր այդ հնչյունների ու տառերի հեղեղը…   
Լուրջ դժվարություններ է ստեղծել նաև ավագ դպրոցը։ Ես դեմ եմ դպրոցների տարանջատմանը հիմնական և ավագ դպրոցների: Առաջացող խնդիրները բազմաբնույթ են։ Ավագ դպրոցի 10-րդ դասարանը ձևավորվում է տարբեր դպրոցների` խիստ տարբեր կրթական ուղի անցած սովորողներից։ Բացի այդ, նրանք տարիքային այն փուլում են, երբ ինքնահաստատվելու, նոր միջավայրում իրենց ես-ը դրսևորելու խնդիր ունեն: Հոգեբանական լուրջ գործոններ են ստեղծվում. տևական ժամանակ է պետք  սովորող-նոր դպրոց, սովորող-նոր ուսուցիչներ, սովորող-նոր դասընկերներ հարաբերությունների ձևավորման համար, որը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ուսման որակին։ 10-ամյա խորհրդային դպրոցն ավանդույթներ ունեցող, հիմնավոր գիտելիքների և իմացության դպրոց էր, և բնավ պատահական չէ, որ այն այժմ լուրջ ուսումնասիրությունների կիզակետ է դարձել։
Երբ սովորողն իր դպրոցական ուղին անցնում է մեկ կրթօջախում, շատ հարցեր այլ ձևով են լուծվում։ Ի լրումն սրա՝ ոչ պետական դպրոցը մեծ առավելություն ունի. դասարանում սովորողների քիչ թվաքանակը երեխային լավ ճանաչելու, նրա բարոյահոգեբանական դաշտն ամբողջովին ուսումնասիրելու և նրա հետ անհատական աշխատանք կատարելու լայն հնարավորություններ է ընձեռում։  Սա սկսվում է հենց առաջին դասարանից. պատկերացրեք աշխատատար տառուսուցումը 30-40 և 10-12 երեխայի հետ: Գործընթացը շարունակական է հիմնական և ավագ դպրոցներում։ Արդյունքում ավելորդ են դառնում կրկնուսույցների հետ պարապմունքները և ծնողների մտահոգություններն այդ ուղղությամբ։ Նույն դպրոցում սահուն ընթացքով երեխան ստանում է խոր, հիմնավոր գիտելիքներ։ 


 -Այսօր դիմորդները գրեթե 100 տոկոսով բուհ են ընդունվում. դա դպրոցական կրթության որակի ցուցի՞չ է:


-Դպրոցի առաքելությունը երեխայի բուհ ընդունվելը չէ։ Դպրոցը երեխային պետք է տա համակողմանի գիտելիքներ և դրանով իսկ՝ ինքնադրսևորման ու մասնագիտական ճիշտ կողմնորոշման լայն հնարավորություն։ Եվ, ի վերջո, հանրակրթության որակը բուհ ընդունվելու իրողությամբ չափելը սխալ է: Կգա ժամանակ, երբ մեզ մոտ էլ, ինչպես արտերկրում, բուհական ընդունելության քննություններ չեն լինի. կկարևորվի մնայունը՝ գիտելիքը։ 


-Ովքե՞ր են դասավանդում ձեր դպրոցում, ի՞նչ մոտեցումով եք ընտրում մանկավարժներին։


-Այսօր ավելի ու ավելի դժվար է դարձել դպրոցը որակյալ մասնագետներով զինելը: Մրցութային մի քանի փուլ հաղթահարելով՝ ընտրվում են ամենաարժանավորները՝ իրենց գործին նվիրյալները: 


-Հանրակրթական պարտադիր ծրագրից բացի ի՞նչ առարկաներ և մոտեցումներ եք կարևորում հիմնավոր կրթություն ստանալու համար:


-Հիմնավոր կրթությունը խարսխելով խոր, համակողմանի գիտելիքի վրա՝ ունենք մի շարք առաջնահերթություններ։ Նախ ստեղծել ենք բարեկարգ, խնամված, անվտանգ ուսումնական միջավայր, որի խոսուն վկայությունը երեխաների ջերմ վերաբերմունքն ու անթաքույց սերն է դպրոցի նկատմամբ։  Ամեն կերպ խթանում ենք ընթերցասիրությունը, գրքի հետ կապը։ Այդ նպատակով  կազմակերպվում են ընթերցանության, ասմունքի դասեր, գրքերի քննարկումներ, ներկայացումների դիտումներ, որոնց ընթացքում ականատես ենք լինում երեխաների ստեղծագործական ունակությունների յուրօրինակ բացահայտումների։ Կարևորում ենք տրամաբանական մտածողությունը խթանող առարկաները: Մեծ նշանակություն ենք տալիս գեղագիտական դաստիարակությանը. ֆիզկուլտուրայի, երաժշտության, կերպարվեստի, տեխնոլոգիայի դասերը վարում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Բացի այդ, խիստ հաճախադեպ են բովանդակալից միջոցառումներն ու էքսկուրսիաները, այցելությունները թանգարաններ։Դպրոցի կրթական գործընթացը կազմակերպվում է երկարացված օրվա աշխատակարգով։ Արտաուսումնական ժամերին կատարվում են դասապատրաստում և պարի խմբակի պարապմունքներ։ Օրվա հրամայականն է դարձել բնության ու կենդանական աշխարհի հետ շփման ապահովումը։ Այսօրվա երեխան կարծես դադարել է բնության մասնիկը լինել. համակարգիչն ու հեռախոսն իրենց ոչինչ չասող խաղերով այդ դաշտում հզոր անջրպետ են ստեղծել՝ խորացնելով դաժանությունը, կոպտությունը, անհանդուրժողականությունը։ Մեր դպրոցի 5-9-րդ դասարանցիները կանոնավոր այցելում են  ձիարշավարան, ինչը ոչ միայն սպորտաձև է, այլև վերադարձ դեպի բնություն։ 


-Կրթել երեխային մեզ մոտ հաճախ ընկալվում է միայն գիտելիք տալ, արդյո՞ք այդպես է:


-Մեր հասարակությունում կիրթ մարդու ձևավորման կարիք ունենք: Այդ առումով գիտելիքն անհրաժեշտ, բայց բավարար նախապայման չէ։ Դաստիարակության խնդիր ունենք, որը հաճախ գալիս է հենց ընտանիքից և ենթակա է բազում ազդեցությունների՝ խեղված եթեր և այլն:


-Ի՞նչ արժեհամակարգ է անհրաժեշտ ձևավորել այսօրվա սերնդի համար:  


-Դժվար է մեկ-երկու հատկանիշով այդ արժեհամակարգը բնութագրել: Այդուամենայնիվ, կան առաջնահերթություններ. ազգասիրություն, հայրենասիրություն, արժանապատվություն, աշխատասիրություն, պատվախնդրություն, ընտանիքի ճիշտ մոդելի ըմբռնում… Արժեքային ճիշտ համակարգի ձևավորումն ամենօրյա գործընթաց է, հետևողական, մանրակրկիտ աշխատանք։ Ընդհանուր առմամբ՝ այսօր ազգային դաստիարակության բաց կա կրթական համակարգում, և դրանով պայմանավորված՝  ազգային ինքնության պահպանումն ու մրցունակ գիտելիքներով զինված հայի կերպարի կերտումը մեր գերնպատակներից է դարձել։շ


-Ի՞նչ սերունդ է տալու ձեր դպրոցը, ինչպիսի՞ մարդիկ են այստեղից դուրս գալու:


-«Տաթև» դպրոցում կրթություն ստացած երեխան պետք է լինի հասարակության լիիրավ անդամ, պատվախնդիր հայորդի: Սա է մեր դպրոցի առաքելությունը: