Ռուսական կուտ - հայկական խաբկանք

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի Հայաստան կատարած այցերի արդյունքում որոշվել են ռազմատնտեսական համագործակցության ուղղություններն ու ժամկետները: Ըստ պայմանավորվածությունների, Հայաստանում մասնավորապես կարտադրվեն ռուսական ռազմական «Կամազ» բեռնատարների մասեր:

Հիշվում է, որ 1990-ականների վերջին կային բավական իրական խոսակցություններ, ըստ որոնց ամերիկյան ավտոարդյունաբերության հսկա Ջեներալ Մոթորսը Հայաստանում պետք է ավտոգործարան բացեր: Այն ժամանակ ԱՊՀ-ում Ջեներալ Մոթորսի ներկայացուցիչը Լեւոն Հայրապետյանն էր, հայտնի «Գանձասարի Լեւոնը»:

Սակայն, ռուսներն արագ կանխեցին դա. Հայաստան ժամանեց Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը «Մոսկվիչ» գործարանի տնօրենի հետ, եւ պայմանագիր կնքվեց Երեւանում «Մոսկվիչ» մեքենաների մասերի արտադրություն հիմնելու մասին: Այդ ժամանակ Լուժկովը հսկայական ծրագրեր էր կազմել «Մոսկվիչ» ավտոմեքենաների «վերածնման» ուղղությամբ, նույնիսկ արտադրվեցին մի քանի նոր մոդելներ: Սակայն, ոգեւորությունն արագ մարեց, իսկ «Երեւանյան պայմանագիրն» այդպես էլ մնաց թղթի վրա: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ հնարավոր է վերածնել ամեն ինչ, բացի «Մոսկվիչ» ավտոմեքենայից:

Սակայն, դա երկրորդական խնդիր էր, գլխավորը Ջեներալ մոթորսի մուտքը Հայաստան կասեցնելն էր, որին ծառայեցվեց Լուժկովի «ավտոակցիան»: Դժվար է ասել, թե դրանում ով ինչ դեր ունեցավ, եւ որքան էր «մասնակիցների» շահագրգռության աստիճանը եւ բնույթը: Ջեներալ մոթորսը Ռուսաստանում հիմնեց ավտոարտադրություն, իսկ Հայաստանը տուժեց թե քաղաքականապես, թե տնտեսապես:

Պետք է նշել, որ Ջեներալ մոթորսը պարզապես ավտոարտադրություն չէ. այն ինչ որ առումով արեւմտյան բարձրտեխնոլոգիական քաղաքակրթության խորհրդանիշն է: Եւ բնական է, որ ռուսները չէին կարող թույլ տալ այդ խորհրդանիշի մուտքը Հայաստան: Իսկ «Մոսկվիչը» պարզապես հայերին «իրենց տեղը ցույց տալու» համար էր:

«Կամազն», իհարկե, «Մոսկվիչ» չէ: «Կամազի» թիմը գրեթե ամեն տարի հաղթում է Փարիզ-Դաքար ավտոարշավը, սակայն դա չի օգնում սերիական արտադրության աճին եւ արտահանմանը: Համենայնդեպս, «Կամազը» որակյալ մեքենա է, այսպես ասած՝ տարածաշրջանում «ամենամարտունակը»: Հայաստանում ռազմական «Կամազի» մասերի արտադրության համաձայնությունը, եթե այն իհարկե չմնա թղթի վրա, նշանակում է, որ ռուսները փորձում են փոխել հարաբերությունների բնույթը Հայաստանի հետ: Ճիշտ է, այդ հարաբերություններն առայժմ հեռու են բարձրտեխնոլոգիական հիմքից, բայց դե հայկական էլիտայի ներկայիս որակների պայմաններում «տանելի» են: Դրանից ավելիին ռուսներն ու հայերն առայժմ թերեւս ի վիճակի չեն:

Հայկ Արամյան

Լրագիր.ամ