Ծննդօգնություն.ի՞նչ ակնկալել պետությունից
Ծննդօգնության ոլորտի բարեփոխումները կարող են միանգամից զգալ ցանկացած ընտանիքում, որտեղ փոքրիկ է ծնվում: Բայց դեռ ի՞նչ անելիքներ կան, ու ի՞նչ կարող է ակնկալել ծննդաբերել պատրաստվող կինը: Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ Ռազմիկ Աբրահամյանը:
-Պարոն Աբրահամյան, ի՞նչ փուլում է այսօր Հայաստանում ծննդօգնությունը:
-Վերջին տարիներին Առողջապահության նախարարության վարած քաղաքականության շնորհիվ մենք զգալի հաջողություններ ունենք ծննդօգնության ոլորտում. մասնավորապես կարևոր էր հավաստագրի ներդրումը և՛ հղիների, և՛ ծննդաբերների, և՛ նորածինների համար: Վերանորոգվել և արդիական սարքավորումներով հագեցվել են մարզային բազմաթիվ ծննդօգնության հիմնարկներ: Այն այսօր գերակա ուղղություն է մեր հանրապետությունում, և հղիների հսկողությունը, գինեկոլոգիական հիվանդություննների ամբուլատոր հետազոտությունը, ծննդաբերությունը (բնական ուղիներով և կեսարյան հատման ճանապարհով), հետծննդյան շրջանի խնամքը, ինչպես նաև անհետաձգելի գինեկոլոգիական խնդիրների բուժումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում: Ամենաարդիական ախտորոշիչ և բուժական սարքավորումները հնարավորություն են տալիս ցուցաբերելու ժամանակակից հնարավորություններով ծննդօգնություն: Դրա արդյունքում բարելավվել են ծննդօգնության ամենակարևոր ցուցանիշները. եթե 2001թ. մայրական մահացության ցուցանիշը եղել է 43/100.000 կենդանի ծնունդի նկատմամբ, ապա այսօր այն նվազել է կրկնակի և անգամ ավելին՝ հասնելով՝ 19,4-ի, ինչը կրկնակի քիչ է, քան ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը: Մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել եվրոպական զարգացած երկրների ցուցանիշներին: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել՝ Առողջապահության նախարարության, ի դեմս նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի, հատուկ մոտեցումը մայրական մահացության խնդրին և «մազից կախված» դեպքերին: Նախարարին կից ստեղծվել է հատուկ խորհուրդ, որը պարբերաբար քննարկում և վերլուծում է համակարգի բոլոր թերությունները, եթե կան, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
-Այս ոլորտի լուրջ մարտահրավերներից է անպտղությունը: Այս հարցում ի՞նչ ձեռքբերումներ և անելիքներ կան:
-Շատ ուրախալի ցուցանիշ է անպտղության հաճախականության նվազումը դարձյալ կրկնակի և ավելի անգամ: Եթե 2000-ականներին երկրորդային չբերությունը կազմել է մինչև 26 տոկոս, ապա այսօր այն նվազել է մինչև մոտ 11 տոկոս, և դա շնորհիվ ժամանակակից ախտորոշիչ և բուժական կենտրոնների առկայության:
Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի օժանդակությամբ ստեղծվեց «Արագիլ» հիմնադրամը, որի շնորհիվ հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ են երջանկացել: Առանձնահատուկ հաջողություն է այն, որ այսօր մեր հանրապետությունը հնարավորություն ունի խնամելու նորածիններին՝ սկսած 500 գրամ քաշից, երբ դեռ մի քանի տարի առաջ 1000 գրամն էր այդ շեմը: Այս խնդրի լուծմանը նպաստեց ժամանակակից սարքավորումների հագեցվածությունը ծննդօգնության հիմնարկներում, ինչը հնարավոր դարձավ հատկապես «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և Birth-Link-ի օգնությամբ:
-Անդրադառնանք նաև վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի գործունեությանը: Ի՞նչ գործառույթ է այն իրականացնում:
-Ինչ վերաբերում է մեր ինստիտուտին, ապա այն համարվում է հանրապետության ամենամեծ ծննդօգնության հիմնարկներից մեկը և հիմնականում սպասարկում է ռիսկային խմբի հղիներին ու ծննդաբերներին: Ինստիտուտն ունի բազմապրոֆիլային բաժանմունքներ՝ ամբուլատոր հղիների հսկողություն, բարձր ռիսկի խմբի հղիների երկրորդ մանկաբարձական բաժանմունք, օպերատիվ և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքներ, մանկական գինեկոլոգիա, բազմաթիվ կլինիկական լաբորատորիաներ: Բոլոր բաժանմունքները, այդ թվում՝ ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիան (էխոսկոպիա), աշխատում են շուրջօրյա: Ինստիտուտում աշխատում են 1 ԳԱԱ ակադեմիկոս, 4 գիտությունների դոկտոր և շուրջ 15 գիտությունների թեկնածու: Ինստիտուտը համարվում է ԵՊԲՀ բազան: Այստեղ տեղակայված է մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը, որի շնորհիվ պատրաստվում են կադրեր ոչ միայն հանրապետության ներսում, այլև նրանից դուրս: Ինստիտուտի աշխատակիցների ուժերով են հրատարակվել մանկաբարձության և գինեկոլոգիայի՝ մայրենի լեզվով բոլոր դասագրքերը և մենագրությունները: Մենք համագործակցում ենք Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի համանուն ծառայությունների հետ: Ինստիտուտի աշխատակիցները մշակել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը: Ինստիտուտի գործունեության կարևոր կետերից է գիտագործնական մեթոդական օգնությունը հանրապետության մարզերին: Անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման ծառայության միջոցով օգնության կազմակերպումն իրականացվում է տեղում: Այսօր ինստիտուտը հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով, և շնորհիվ նրա գործունեության՝ տարեցտարի բարելավվում են մեր հանրապետության ծննդօգնության ցուցանիշները:
Ինստիտուտի ուժերով ամեն տարի կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված պերինատալ ծառայությանը: Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի կողմից հաստատված Էխոսկոպիաների ասոցիացիայի և մեր ջանքերով իրականացվում է հղիների նախածննդյան հսկողության և պտղի զարգացման արատների վաղ ախտորոշման, հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը: Ինստիտուտը սերտ համագործակցում է միջազգային մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի հետ, և այս տարի հոկտեմբերի 4-9-ը կայանալիք միջազգային կոնգրեսում (Կանադայի Վանկուվեր քաղաքում) ներկայացնելու ենք մեր երկրի ծննդօգնության իրավիճակը և ցուցանիշները բարելավելու ռազմավարությունը:
-Բարեփոխումներով հանդերձ՝ մարզերում բնակվող հղիները շարունակում են ձգտել դեպի երևանյան ծննդատներ. կա՞ դրա անհրաժեշտությունը, և ո՞ր դեպքում պետք է հղիին ուղեգրել մայրաքաղաքի ծննդատներ:
-ՀՀ-ում ծննդօգնության հիմնարկները, ինչպես բոլոր երկրներում, դասակարգվում են 3 մակարդակների: Համաձայն Համաշխարհային առողջապահական կազմակերպության սահմանած նորմերի՝ բարձր ռիսկի խմբի հղիները պետք է ծննդալուծվեն երրորդ մակարդակի նեղ մասնագիտական հիմնարկներում, ուստիև նրանք էլ ուղեգրվում են Երևանի ծննդօգնության հիմնարկներ: Համաձայն առողջապահության նախարարի հրամանի՝ մարզերի ծննդկանները հիմնականում ծննդաբերում են մարզային հիվանդանոցներում, սակայն Երևանին հարակից և մոտ գյուղերի բնակիչները նախընտրում են Երևան քաղաքի ծննդատները, որովհետև դրանք իրենց բնակավայրին ավելի մոտ են, ծննդօգնությունը դարձյալ բացառապես անվճար է, քանի որ նրանք դիմում են հղիության սկզբից, ինչը նույնպես ամրագրված է նախարարի հրամանով: Իսկ մյուս դեպքերում, եթե հղիները ներկայացնում են իրենց բնակավայրի ծննդատներում հաշվառված չլինելու մասին տեղեկանք, հղիության ողջ ընթացքում անվճար հիմունքներով կարող են գտնվել երևանյան կանանց կոնսուլտացիաների մասնագետների հսկողության տակ:
Երևակ - Առողջապահական համակարգ
