Արևելյան փիլիսոփայությունը ` մարտարվեստի միջոցով. Դավիթ Աթանեսյան
Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիա
Ճապոնիայում գոյություն է ունեցել մի ամբողջ դարաշրջան, երբ կարատեն կոչվել է մարդ սպանելու արվեստ. մեկ հարվածով պետք էր ոչնչացնել հակառակորդին: Բոլոր տոհմերում ընտանիքի անդամներին ուսուցանում էին միայն իրենց ստեղծած, այդ տոհմին հատուկ ոճը: Դա է պատճառը, որ կարատեն այսօր ունի բազմաթիվ ոճեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ինքնուրույնությամբ, իր առանձնահատկություններով ու փիլիսոփայությամբ:
Մարտարվեստը ստեղծվել է, որպեսզի մարզիկը ներդաշնակ ապրի բնության հետ, հոգին և մարմինը, ուղեղը և մարմինը ներդաշնակ ապրեն, և ամբողջի նպատակն է հասնել ներդաշնակության բարձրագույն մակարդակին:
Այկիկենդոն կոնտակտային կարատեի ձերից մեկն է, մարզիկները մենամարտում են՝ օգտագործելով իրենց մարմնի բոլոր հնարավորությունները: Մարզաձևը բոքսի, թաեքվոնդոյի և ձյուդոյի մենամարտական տեխնիկայի ամբողջությունն է:
Հայաստանի Այկիկենդոյի ֆեդերացիան հիմնադրվել է 2006-ին, մինչ այդ այկիկենդոյով զբաղվողները հանդես էին գալիս կոնտակտային կարատեի այլ ձևերի ֆեդերացիաների կազմում: Ֆեդերացիայի հիմնադրման օրվանից մարտարվեստի նկատմամաբ հետաքրքրությունը գնալով աճում է: Մինչ ֆեդերացիայի հիմնումը Հայաստանում այկիդոյով զբաղվում էին մոտ 120 մարզիկներ, 6 տարիների աշխատանքից հետո այժմ նրանց թիվը հասնում է 2300-2400-ի: Մեծ հետաքրքրություն կա նաև աղջիկների մոտ, թեև նրանք հիմնականում հանդես են գալիսցուցադրական ձևում, որը կոչվում է Կատա: Այն կարատե մարտարվեստի հիմքն է, նշանակում է մենամարտ երևակայական հակառակորդի հետ:
Ինչպես ցանկացած մարտարվեստում, այկիկենդոյում ևս մեծ կարևորություն է տրվում փիլիսոփայությանը: «Հասնել հոգու և մարմնի համակերպության բացարձականացման գերագույն աստիճանի»,-սա է այկիկենդոյի փիլիսոփայությունը: Մարզումները սկսվում և ավարտվում են մեդիտացիայով: Մարզաձևի փիլիսոփայությամբ համալրված ծրագրի նպատակն է երեխաներին առաջին հերթին դաստիարակել որպես լավ մարդ:
Հաջողության հասնում են նրանք, ովքեր ունեն բավարար ուժ, համառություն, կամք և կարողանում են դրսևորել իրենց ողջ ներուժը: Նա, ով կարողանում է հասնել սահմանված նշաձողին, նա էլ մասնակցում է տարբեր միջոցառումներին ու միջազգային մրցաշարերին: Առաջին փուլում Հայաստանի ակումբային մրցաշարերն են, որի հաղթողները մասնակցում են Այկիկենդոյի ֆեդերացիայի կազմակերպած Հայաստանի բաց առաջնությանը: Իսկ արդեն այս մրցաշարում հաղթած մարզիկներն էլ մասնակցում են Եվրոպայի, Աշխարհի, Եվրասիայի և Կովկասի միջազգային առաջնություններին: Հայ մարզիկները 6 տարիների ընթացքում կարևոր միջազգային առաջնություններում նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալներ: Մեր եռագույնը միջազգային ասպարեզում բարձր են պահել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մարտին Այվազյանը, Վահրամ Տեր-Վարդանյանը, Վանիկ Պապոյանը, պրոֆեսիոնալ մարզիկներ Լևոն Ադամյանը, Լևոն Մինասյանը, Գևորգ Վարդանյանը, աղջիկներից՝ Նենսի Իգազարյանը:
Ֆեդերացիայի ենթակայության տակ դպրոցներ են գործում Երևանում ու հանրապետության 6 մարզերում: Ամենաշատ մարզիկներ ունի Երևան քաղաքի կենտրոնական մարզադպրոցը ՝ մոտ 200 մարզիկ, ապա Գավառի մարզադպրոցը՝ մոտ 50 մարզիկ:
Ամեն տարի Հանքավանում և Սևանում կազմակերպվում են ուսումնամարզական հավաքներ, որոնք նպաստում են մարզիկների լիցքաթափվելուն, ուժերը վերականգնելուն ու նոր գիտելիքներ ստանալուն: Տարեվերջին կազմակերպվում է մեծ միջոցառում, որի ընթացքում, ամփոփելով տարին, պարգևատրվում են իրենց լավագույնս դրսևորած մարզիկները:
Ֆեդերացիայում կարևորում է նաև մարզիչների վերապատրաստման հարցը: Դավիթ Աթանեսյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ նրանք տարին գոնե 2 անգամ մասնակցեն միջազգային սեմինարներին:
