Իրանի միջոցով հնչեցվեցին թեզեր, որ Հայաստանն այլընտրանք ունի
 Նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում իր տեղը գտնելու ճանապարհին Թուրքիան հանգել է նեոօսմանիզմի գաղափարին: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Ըստ բանախոսի, հետևելով այդ գաղափարախոսությանը, և օգտվելով իր աշխարհաքաղաքական դիրքից և ենթակառուցվածքների հնարավորություններից` Անկարան փորձում է ազդեցությունը տարածել իր հարևան բոլոր երկրների վրա, հանդես գալով աշխարհաքաղաքական տարբեր առաջարկություններով և նախաձեռնություններով:
Փորձագետի կարծքով, նման մի քայլ է Կովկասում անվտանգության և խաղաղության պլատֆորմ ձևավորելու Անկարայի առաջարկը, մանավանդ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո:
«Պատահական չէ, որ պլատֆորմի վերաբերյալ թուրքական նախաձեռնությունները գրեթե համընկան օգոստոսյան պատերազմի հետ»,- ասաց Գ.Հարությունյանը, նշելով, որ նոր իրավիճակից ելնելով` Թուրքիան այդպիսով փորձում է բարելավել ոչ միայն իր դիրքերը տարածաշրջանում, այլ նաև` Ադրբեջանի: Այդ առումով, ըստ Գ.Հարությունյանի, Թուրքիան պետք է կարողանա նոր հարաբերություններ ձևավորի Հայաստանի հետ, թեև Ղարաբաղյան հիմնախնդրի անուղղակի կողմ է հանդիսանում:
«Եթե Ադրբեջանը հետապնդում է զուտ մարտավարական խնդիրներ, և Ղարաբաղյան խնդիրը ուզում է լուծել ըստ իր հասկացողությունների, ապա Թուրքիան հետապնդում է ռազմավարական ավելի հետու գնացող քայլեր, որոնք գուցե հետագայում կօգնեն նրան այդ խնդիրն իրենց օգտին լուծելու»,- ասաց փարձագետը, նշելով, որ Հայաստանում լավ ընկալվում է թուրքական այդ տակտիկան և համապատասխան հակաքայլեր են ձեռնարկվում, որոնցից մեկը` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցն է Թեհրան:
«Փաստորեն Իրանի միջոցով հնչեցվեցին թեզեր, որ Հայաստանն այլընտրանք ունի»,-նշեց նա: Ըստ բանախոսի, կարևոր քայլ էր նաև Սահմանադրական դատարանի որոշումը, որը վերացրեց Արձանագրություններում զետեղված երկիմաստությունները և շեշտեց, որ Արձանագրությունները կյանքի կկոչվեն միայն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն:
Փորձագետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ հաշտեցման գործընթացը հայտնվել է փակուղային իրավիճակում, քանի որ բարդություններն ի սկզբանե սպասելի էին:
«Բացի Հայաստանի և Թուրքիայի ցանկություններից կա նաև միջազգային հանրության տեսակետը, ըստ որի` խնդրիրը պետք է լուծվի»,- նշեց նա և ավելացրեց, որ հայ-թուրքական հաշտեցման խնդիրը միջազգային հանրության կողմից կապվում է Աֆղանստանի, Իրաքի և տարածաշրջանային այլ խնդրիների հետ: Ըստ բանախոսի, ելնելով միջազգային հանրության տրամադրությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացն իր տրամաբանական ավարտը կունենա: 7օր.ամ