ՀԷՑ-ն այս պահին չի պատրաստվում սակագների բարձրացման հայտ ներկայացնել
 Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այս պահին մտադիր չէ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների բարձրացման հայտով:
«Այս պահի դրությամբ նման բան չկա, մենք էլ չենք ուզում»,-ասաց ընկերության հասարակայնության և ԶԼՄ դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը:
Նրա խոսքով, ընկերությունը հայտ ներկայացնելու մասին կմտածի, երբ նման առաջարկով հանձնաժողովին դիմեն էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները: Նշենք, որ այս պահի դրությամբ հանձնաժողովը արտադրող ընկերություններից նման հայտ չի ստացել:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների 40 տոկոս բարձրացման հայտով դիմել է «Հայռուսգազարդ» ընկերությունը, նրան հետևել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցմամբ զբաղվող երեք ընկերություններ: Նրանք առաջարկում են մոտ 65 տոկոսով ավելացնել գները:
«Միաժամանակ հայտնում ենք, որ մեր հաշվարկներում հաշվի չի առնվել 2010թ. ընթացքում էլեկտրաէներգիայի և բնական գազի (վերջինս բացի տնտեսական կարիքներից օգտագործվում է նաև որպես վառելիք ընկերության մեքենաների համար) հնարավոր թանկացումների արդյունքում լրացուցիչ ծախսերը, քանի որ առկա չեն հավաստի տեղեկություններ: Այնուամենայնիվ կարծում ենք, որ այդ ծախսերի ազդեցությունը կարող է էական լինել, և հնարավորինս գնահատվել Հանձնաժողովի կողմից մեր հայտը քննարկելիս»,-ասված է «Նոր ակունք» ընկերության հիմնավորման մեջ:
Փորձագետները պնդում են, որ եթե հանձնաժողովը բավարարի գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտը, ապա բոլոր ապրանքներն էլ կթանկանան: Վարչապետ Տ. Սարգսյանն այս մտահոգություններին ի պատասխան խորհրդարանում հայտարարել է, որ գնագոյացման երևույթները կառավարության ուշադրության կենտրոնում են: Պանորամա.ամ