Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:42

ԼՐԱՀՈՍ

Տաք սառը պատերազմ

Շատ հաճախ լրատվամիջոցներում, առօրյա խոսակցությունների ընթացքում սխալ մեկնաբանում է տրվում սառը պատերազմին: Եթե դիտենք քաղաքագիտական տեսանկյունից, ապա այն ամենևին էլ կռիվ ու հայհոյանք կամ մեղադրանք չէ: Ամեն իրավիճակ չէ, որ կարելի է սառը պատերազմ անվանել: Սառը պատերազմ գոյություն ուներ երկբևեռ աշխարհում, երբ գոյություն ունեին երկու մեծ տերություններ՝ ԽՍՀՄ ու ԱՄՆ: Նրանց միջև կար միջուկային հակակշռում: Կողմերից յուրաքանչյուրը մյուսին ոչնչացնելու հնարավորություն ուներ, ընդ որում՝ մի քանի անգամ: Նրանց պայքարի ձևը կոչվում էր սառը պատերազմ, քանի որ գործում էր այսպես կոչված միջուկային զսպման մարտավարությունը:

Սառը պատերազմն ըստ էության ավարտվեց կողմերից մեկի փաստացի հաղթանակով, ավելի կոնկրետ՝  Խորհրդային Միության փլուզմամբ ու Վարշավյան բլոկի կազմաքանդմամբ: Ռուսաստանն այսօր էլ շարունակում է մնալ որպես միջուկային տերություն, ունի լուրջ միջուկային պոտենցիալ, սակայն նա ամենևին էլ Խորհրդային Միությունը չէ: Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է, այո, շատ ուժեղ ու հզոր, բայց տարածաշրջանային նշանակությամբ: Իսկ ԽՍՀՄ-ի զորքերը Կուբայում էին, Նիկարագուայում, շրջան կար, երբ Վարշավյան պակտի զորքերը փորձում էին մտնել Գրենադա, պատերազմի էին մասնակցում Անգոլայում, Մոզամբիկում, Եթովպիայում, Վիետնամում և այլն: Հետագայում առաջացավ այս հետխորհրդային աշխարհը, որտեղ բախվում են տարբեր ուժեր ու ազդեցություններ. պայքար է՝ թե ով է տան տերը, գլխավորը: Ռուսաստանն ըստ էության ուզում է աշխարհին ասել՝ լավ, մենք այլևս աշխարհաքաղաքական տերություն չենք, մասնակից չենք այնպիսի հարցերին, թե վաղն ինչպես պետք է ապրի Լատինական Ամերիկան, կամ Հարավային Աֆրիկան, կամ էլ Հարավ-արևելյան Ասիան: Բայց կա մի տարածք, որը հետխորհրդային աշխարհն է, որտեղ ուզում ենք մեր դերակատարումն ունենալ. դա մեր ազգային հետաքրքրությունների տարածքն է:  Արևմուտքը մի քիչ ուրիշ լեզվով, բայց ըստ էության ասում է հակառակը՝ բոլոր երկրները ազատ են, իրենք են ընտրում իրենց ճանապարհը, այն, ինչ ասում եք, 19-րդ դարում էր լինում, հիմա 21-րդ դարն է, և մենք ոչ մեկին չենք սպառնում… Թե որքանով է սա իրական հենց Արևմտյան Եվրոպայում, երկար ու վիճելի խոսակցության թեմա  է: Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ճշմարտություն կա: Ռուսաստանը տիպիկ 19-րդ դարի տերություն է և մտածում ու գործում է գեոպոլիտիկայի կատեգորիաներով, տարածքային ընդլայնման կատեգորիաներով, որոնք հատուկ էին 19-րդ դարի տերություններին: Եվ երբ Ռուսաստանը խոսում է այս լեզվով, առաջանում են հակամարտություններ: Այդպես եղավ Վրաստանում, ընդ որում ոչ թե սառը, այլ տաք պատերազմի տեսքով, այժմ՝ Ուկրաինայում: Ռուսաստանը բավական երկար ժամանակ իր դեմքը ցայտուն կերպով ցույց չէր տալիս: Դրա համար մի քանի պատճառ ուներ: Սկզբում՝ Ելցինի օրոք, նավթի ցածր գներն էին, հետո նոր իրավիճակ ստեղծվեց, երբ Ռուսաստանն անընդհատ փորձում էր սահմանել՝ սա իմն է, սա քոնն է: 

Կոնկրետ իրավիճակներում հիմա Ռուսաստանն իրեն շատ ավելի ուժեղ է զգում: Վրաստանից վերցրեց այն, ինչ իրենն էր համարում: Նույնը՝ Ուկրաինայում: Ու պատահական չէ, որ դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքի արևմտյան մասում և ոչ թե Կենտրոնական Ասիայում: Կենտրոնական Ասիայում լուրջ խաղացող է ոչ թե Արևմուտքը, այլ Չինաստանը, իսկ Չինաստանի հետ  այսօր շատ դժվար է:  Արդյո՞ք երկարաժամկետ հատվածում Ռուսաստանը կուժեղանա, թե՞ ոչ: Ռուսաստանն ուժեղանում է, բայց շնորհիվ էներգակիրների: Եվրոպան ռուսական վառելիքից լուրջ կախվածություն ունի: Բայց զուտ  ագրեսիվ գեոպոլիտիկան բավարար չէ, պետք է լինել գրավիչ: Արդյո՞ք գեոպալիտիկա չեն Դիսնեյը, Բիթլսը, Հոլիվուդը, աշխարհահռչակ բրենդները, անգլերենը՝ իբրև աշխարհի հետ շփման լեզու, եվրոպական համալսարանները: Այս ամբողջը մեխանիզմներ են, որոնց միջոցով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի հասարակ քաղաքացին գրավվում է այդ արժեքներով ու տրվում դրանց, հարկ եղած դեպքում նույնիսկ ճիգեր գործադրում դրանց հասնելու համար: Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հիմա գրավիչ մոդել է:  Ռուսաստանը իր մեջ դեռ հաղթահարելու բան ունի: Եթե Ռուսաստանը դառնա երկիր, որը կգերի, կհմայի իրեն շրջապատող մարդկանց, ապա կարող է  երկարաժամկետ հատվածում հեռանկար ունենալ: Գեոպոլիտիկան 21-րդ դարում այս բաղադրիչներով վաղ թե ուշ անպայման ինքն իրեն կսպառի: Միաբևեռ աշխարհը երկար գոյություն ունենալ չի կարող: Աշխարհն աստիճանաբար դուրս է գալիս իր համար ոչ ստանդարտ վիճակից: ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև ղեկավարվում էր  մեկ միասնական կենտրոնից, դա համակարգային առումով հնարավոր չէ: Երբ փորձ է արվում չափից մեծ կոլեկտիվը ղեկավարել մեկ կետից, անպայման առաջանում են առանձին խմբավորումներ, որոնք սկսում են հայտ ներկայացնել սկզբում լոկալ, հետո ավելի գլոբալ մենեջմենթում: ԽՍՀՄ-ի պրոբլեմն այն էր, որ միևնույն «Գոստպլանով» հնարավոր չէ կառավարել և՛ Տուլան, և՛ Եթովպիան. արդյունքում կառաջանա ավելի ճկուն համակարգ, կառաջանան ռեգիոնալ կենտրոններ, որոնք կսկսեն իրենց տեղն իմաստավորել աշխարհում: Այդպիսի կենտրոններից մեկն արդեն  հանդիսանում է Չինաստանը: Այն, ինչ տեղի է ունենում հետխորհրդային երկրներում, մեծ մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը հստակեցնում է իր ազդեցության սահմանները: Համաշխարհային պատմությունը ցույց է տվել, որ խոշոր կատակլիզմներից հետո աշխարհիս մեծերը հավաքվում են և մշակում նոր խաղի կանոններ: Իմ խորին համոզմամբ՝ դրա ժամանակը  և անհրաժեշտությունը մոտենում են: 

Իսկ ի՞նչ բևեռներ կարող ենք առանձնացնել այդ Նոր աշխարհում: Կա Եվրոպա, որը որոշակի քաղաքական միավոր է, և որը մագնիս է իրեն շրջապատող երկրների համար: 

Իրավիճակը շատ հետաքրքիր է զարգանում Լատինական Ամերիկայում, այստեղ հետաքրքիր դեր է սկսում խաղալ Բրազիլիան: Հետաքրքիր  իրավիճակ է նաև Հարավ-արևելյան Ասիայում: Այստեղ կան երկրներ, որոնք հետաքրքիր դինամիկա ունեն, օրինակ՝ Ինդոնեզիան, որն ամենամեծ մահմեդական երկիրն է աշխարհում (300 միլիոն բնակչությամբ), Մալազիան, Իրանը, որն ավելի շատ տարածաշրջանային խաղացող է: Իրանի համար շատ դժվար է դառնալ կենտրոն: Մի կողմից մահմեդական աշխարհը վերապահումով է վերաբերում շիա դավանանք ունեցող Իրանին, և բացի այդ այն արաբակար երկիր չէ,  մյուս կողմից էլ Իրանը սահմանակից է սունի Պակիստանին, որը մոտ երկու անգամ ավելի բնակչություն ունի: Անլուրջ է պատկերացնել նրա ազդեցությունը այդ երկրի վրա:

Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել շրջակա երկրների վրա, բայց արդեն մի քանի անգամ չհաջողեց: Չի բացառվում, որ Թուրքիան իր փորձերը շարունակի, քանի որ այն տարածաշրջանային  շատ լուրջ տերություն է՝ իր աճող տնտեսությամբ, շատ հզոր բանակով և էներգակիրների տարանցիկության ռեսուրսներով:

Եվ վերջապես այս ամբողջի մեջ Հայաստանը: Ընդհանրապես Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, փոքր երկրներ են մեծ տերությունների միջև: Սա մեր տարածաշրջանի առանձնահատկությունն է:  Մեծերից մեկին հարցրել են, թե որն է փոքր երկրների քաղաքականության նպատակը, նա պատասխանում է շատ կարճ և համոզիչ` գոյատևումը: Բայց և այնպես հնարավորությունների ճիշտ օգտագործումն է կարևոր: Այս իրավիճակում միակ խելացի քաղաքականությունը, որ վարվում է Հայաստանում, կոմպլեմենտարիզմն է:   Իսկ իրականում մենք մեր արժեքը չենք էլ պատկերացնում: Հայաստանը հետաքրքիր հնարավորություններ ունի՝ և՛ գեոպոլիտիկ, և՛ գեոմշակութային: Մի կողմից այն եվրոպական երկիր է քրիստոնեական մշակույթով, հատկապես Միջերկրական ծովի եվրոպական առանձնահատկություններով, մյուս կողմից Հայաստանը բավական կոմֆորտ վիճակում  է զգում նաև մերձավորարևելյան երկրների հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանից Իրաք հեռավորությունը ընդամենը 400 կմ է: Մենք կարողանում ենք խոսել և՛ եվրոպացիների, և՛ պարսիկների հետ, մենք կարողանում ենք յուրային ընկալվել և՛ Սիրիայում, և՛ Ֆրանսիայում, կարողանում ենք միջնորդ հանդիսանալ ռուսական հետաքրքրությունների համար Վրաստանում և վրացական հետաքրքրությունների համար՝ Իրանում: Մենք կարողանում ենք մեր տարածաշրջանում միջմշակութային երկխոսության կիզակետում լինել: Բայց սա մոտ ապագային չի վերաբերում, գոնե միայն նրա համար, որ այս ամենը չի գիտակցվում նույնիսկ Հայաստանում:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ