Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 13:59

ԼՐԱՀՈՍ

Թուրքիա. Էրդողան Գյուլեն հակամարտություն և հրադադար

Ֆեթուլլահ Գյուլենը ծնվել և մեծացել է Էրզրումի նահանգի Բասենի շրջանի հայկական գյուղում (Աքընջա): Իր ամբողջ ընտանիքն այդտեղ է հայտնվել 1916-ին: Հիմա պետությունը շատ է խոսում Գյուլենի` ծագումով հայ լինելու մասին, բայց նման բան չկա, այդ մարդը էթնիկ հայ չէ, ոչ էլ ծպտյալ հայ է: Պարզապես նրա ծննդավայրն է հայկական: Այդ գյուղում այժմ թեև հայեր չկան այլևս, բայց եկեղեցի կա: Գյուլենն իսլամական կրթություն է ստացել` հասնելով հոգևորականի կարգավիճակի: Նրա ամբողջ կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ  1960-ականների կեսերից հայտնվեց իմամ հաթիփ դպրոցների (հոգևորական դասի աճեցման դպրոցների) համակարգողի դերում: Այդ դպրոցները լայն տարածում ու ազդեցություն ունեցան հատկապես 1973-ից հետո, երբ սկսեցին գործել ուղղակիորեն ԱՄՆ հովանու ներքո: Այդ դպրոցներում սովորում էին մոլաները: Իսկ ԱՄՆ-ն ստանձնեց դրանց հովանավորությունը, որովհետև հարկ համարեց իր հսկողության տակ առնել իսլամական տենդենցը աշխարհիկ պետություն հանդիսացող Թուրքիայում: Ահա թե ինչու տնտեսական ու ներդրումային հոսքերն ԱՄՆ-ն իսկույն ուղղեց դեպի այդ իսլամական կազմակերպությունների հզորացմանը: Վաշինգտոնի նպատակն էր չափավոր լիբերալ իսլամի գաղափար կյանքի կոչել ու որպես օրինակ հրամցնել միջինարևելյան, արաբական և տարբեր այլ իսլամական պետությունների: Չափավոր իսլամի կարիք էր զգացվում, քանի որ այդ ժամանակներում իսլամը որտեղ կար, այնտեղ միշտ ռադիկալ էր: 

1973-ից արդեն Թուրքիայում քաղաքական ասպարեզ են գալիս իսլամականները, կոալիցոն կառավարության մասն են կազմում մինչև 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը:  Բոլոր երևելի իսլամական գործիչները (Էջևիթ, Էրբաքան, Դեմիրել) ձերբակալվում ու բանտարկվում են: Բայց 1979 թվականին ամբողջ Միջին Արևելքում մի իրադարձություն է տեղի ունենում. Իմամ Հոմեյնին, որն իբրև աքսորյալ ապրում էր Ֆրանսիայում, գալիս է շահի ղեկավարած Իրան: 

Հոմեյնիի գալուստով Իրանը դառնում է իսլամական հանրապետություն, և իսլամը քաղաքական դրսևորում է ձեռք բերում: Այսպիսով տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Իրանի պես խոշոր երկրում տեղի ունեցած նման իրադարձությունը խթան հանդիսացավ նաև Թուրքիայի իսլամականների համար, նրանց շարժեց տեղից: Թուրքիայում իշխանության եկավ Թուրգութ Օզալը, որն իսլամական շրջանակներից էր: Նրա նախագահության շրջանում (1983-1993թթ.) իսլամական ուժը տնտեսական լուրջ լծակների տեր դարձավ: Աստիճանաբար մեջտեղ եկավ նաև Գյուլենը: Իսլամական շրջանակներն այնքան լավ ներթափանցեցին Թուրքիայի տնտեսության մեջ, որ այսօր կարելի է ասել Թուրքիայի տնտեսության ավելի քան 60 տոկոսը գտնվում է իսլամականների ձեռքին, հենց այդտեղ է, որ Գյուլենն իր լուրջ դերակատարումն ունի: Գյուլենը փաստորեն երկրի արևելյան հատվածներում քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ իր ցանցը հյուսեց վերոնշյալ դպրոցների միջոցով և հասավ անգամ Եվրոպա: Հետո մշտական բնակության տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Ապրում է մի մեծ ամրոցում (Փենսիլվանիա) և այնտեղից ղեկավարում Cemaat (Ջեմաաթ) կոչվող իր ցանցը, որն անվանում են գյուլենական համայնք:  Այդ ցանցի մեջ են մտնում իսլամական դպրոցները, իսլամամետ և իսլամական կազմակերպությունները և այլն: Ուրեմն՝ Գյուլենը իսլամական այդ կառույցի շնորհիվ Թուրքիայում դառնում է պետություն պետության մեջ: Հետզհետե տարածվում է դեպի միջինասիական պետություններ: Նրա բյուջեն միլիարդավոր դոլարների է հասնում, ինչպես Թուրքիայի պետական բյուջեն: Բայց պետք է նկատել, որ ԱՄՆ-ից ֆինանսավորում ստացած իսլամական ուժերի գյուլենյան հատվածը չկարողացավ քաղաքական դաշտում ունենալ այնքան ազդեցություն, որքան տնտեսական և կրթական դաշտերում:

Ինչի՞ց ծագեց գյուլենականների ու Թուրքիայի իշխանությունների հակամարտությունը: Էրդողանի գլխավորած վարչակազմն իշխանության եկավ գյուլենականների աջակցությամբ: Բայց բանն այն է, որ ժամանակի ընթացքում իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP)` ի դեմս Էրդողանի, Գյուլի, Բաբաջանի, ինքնուրույն գործելու միտում դրսևորեց: Նրանք ձգտում էին շփումներ ունենալ ռադիկալ իսլամի հետ, հատկապես Հըզբոլլահի ու Իրանի հետ: Նրանք ուզում էին Թուրքիան դարձնել տարածաշրջանի 2-րդ Իրանը: Ահա այդ ամենի առաջը պատնեշելու համար ԱՄՆ-ն օգտագործեց Գյուլենին. գյուլենական ուժերը փակեցին դեպի ռադիկալ իսլամ տանող հոսանքը: Էրդողանը Cemaat-ի մարդն է, ինչպես Ուսամա Բեն Լադենը` ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ): Չլիներ Գյուլենը, իսլամիստները չէին ունենա քաղաքական կուսակցություն: Բայց Էրդողանն ընթացքում սկսեց զբաղվել ինքնագործունեությամբ, որը 3 հիմնական դրսևորում ունեցավ.

1. Իսրայելի հետ փոխհարաբերություններ,

2. Ռուսաստանի հետ հարաբերություններ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու,

3. Իրանի հետ փոխհարաբերություններ:

Սա վտանգավոր էր իբրև քաղաքական գործիչ. դրանով նա իր հանդեպ անվստահություն առաջ բերեց Վաշինգտոնում: Բնականաբար, ԱՄՆ-ը պիտի հանդիմաներ Գյուլենին, որ Էրդողանի պես անհաջող կադր է աճեցրել: Իսկ Գյուլենն էլ իր հերթին հավակնություններ ուներ Իմամ Հոմեյնիի նման գալ Թուրքիա, բազմամիլիոնանոց ընդունելությունից հետո բազմեր գահին և երկիրն իսլամական պետություն հայտարարեր: Իրականում նման նախագիծ կա, որ իսլամն իշխի Թուրքիայում, բայց միայն ԱՄՆ հովանավորության ներքո, այլ ոչ թե այնպես, ինչպես Իրանում` հակաամերիկյան բնույթի: ԱՄՆ-ին պետք է, որ Թուրքիան տարածաշրջանում դառնա իսլամական պետություն` որպես Իրանին հակակշռող գործոն: Մինչդեռ Էրդողանը շրջանցեց այդ ամենը ու ամենքին: Նա, շատ լավ շահագործելով, օգտագործելով Գյուլենի ազդեցությունը, փողերը, կարողացավ ստեղծել սեփական համակարգը: Արդյունքում այժմ արդեն տիրապետում է անպատկերացնելի, աստղաբաշխական թվերի Թուրքիայում ու Եվրոպայում: Այսինքն Էրդողանն էլ է ստեղծել համարյա նույն բանը` պետություն պետության մեջ: Դրա համար էլ Էրդողանին ասացին` stop: Դրա համար էլ 2013-ի դեկտեմբերին կոռուպցիոն խայտառակ սկանդալ եղավ Թուրքիայում, Էրդողանի նախարարներից մի քանիսը կաշառակերության փաստով վարկաբեկվեցին, հրապարակվեցին գաղտնալսված ձայնագրություններ և այլն: Այդ ամենի ետևում Գյուլենն էր, որն իր լծակներն ունի Թուրքիայի իշխանական կառույցներում: Դրանք պատասխան հարվածներն էին, որ Էրդողանը ստացավ իր ինքնագործունեության համար:

ՏԻՄ ընտրություններից հետո ԱՄՆ-ը, Գյուլենը և էրդողանականներն ընդհանուր հայտարարի եկան չհայտարարված հրադադարի հարցում: Ընտրությունների արդյունքում Էրդողանը հասավ այն բանին, որ իր հետ արդեն հաշվի նստեն: Ապացուցեց, որ փաստորեն ինքը կա քաղաքական դաշտում և բավական լուրջ դերակատարում ունի և դեռ ավելին, առաջիկա 10-15 տարին Թուրքիան ուզում է իրենով անել: Ինչպես ասում են՝ հաղթողին չեն դատում, հաղթողին ամեն ինչ ներվում է: ՏԻՄ ընտրություններում գյուլենականներն ամեն ինչով աջակցեցին երկու ընդդիմադիր ուժերին` «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP), որպեսզի այդ ուժերի միջոցով հակակշռեն Էրդողանին: Բայց հակառակը ստացվեց, հաղթանակ տարավ ԱԶԿ-ն: Էրդողանը հաղթեց անգամ Գյուլենի ծննդավայրում: Դա աննախադեպ երևույթ էր: Իսկապես այդ ընտրությունների անցկացումն Էրդողանի վարչակազմի համար լինել-չլինելու հարց էր, մահ կամ ազատություն: Դրա համար էլ հանուն հաղթանակի դիմեցին նաև ընտրախախտումների, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների: Մեծ հավանականություն կար, որ Էրդողանը կհաղթեր նախագահական ընտրություններում, և այդպես էլ եղավ: Սակայն մինչև ընտրությունների մեկնարկը Էրդողանը կատարել էր մի «շշմեցուցիչ քայլ». նա ազատ արձակեց «Էրգենեքոնի» գործով ցմահ կամ 600-700 տարի դատապարտված ազգայնականներին: Էրգենեքոնը, ինչպես գիտենք, խորքային պետություն էր համարվում Թուրքիայում, դա քեմալիստների ամենառազմականացված թևն է իրենից ներկայացնում: Էրդողանը հաշվարկել է, որ եթե ընտրություններում հաղթանակ տանի, ապա այդ աշխարհիկ գործիչներին կկարողանա իր «գրպանը մտցնել»: Այդ աշխարհիկները, որոնք հակառակվում էին Էրդողանի իշխանությանը, այսօր կանգնած են նրա կողքին և գովեստ են անում: Այլ կեպ ասած` Էրդողանը Գյուլենի դեմ նոր զինակիցներ է ձեռք բերում: Այդ քայլն Էրդողանն անում է իր ապահովության համար, որովհետև եթե Գյուլենը ցանկանա, կկարողանա պառակտել «ԱԶԿ»-ն: Գյուլենը կարող է մի զանգով Էրդողանի կուսակցության բազմաթիվ անդամների կարգադրել լքել այդ կուսակցությունը ու վերջ: Թուրքի համար «Գյուլեն» նշանակում է շահ, «ով՝ տեր, ես՝ ծառա» համակարգն է գործում Թուքրիայում: Այդ ժամանակ Էրդողանը Էրգենեքոնի ազգային կադրերին, որտեղ կան ԺՀԿ-ականներ, կպառակտի ու կմիացնի իրեն: Նման բան հանրապետական Թուրքիայի պատմության մեջ եղել է: Սա արդեն պատրաստի գործիք է իր համար, սա Գյուլենին հակառակ է արվել: Բացի այդ Էրդողանը շատ լավ գիտակցել է, որ միայն «ԱԶԿ»-ի 31-32 տոկոսով քվեներով ինքը չի կարողանալու նախագահ ընտրվել, որովհետև առաջին անգամ է հանրաքվեով նախագահ ընտրվելու Թուրքիայում: Դրա համար էլ նա ձեռք գցեց ազգայնական լսարանին և դրանով տկարացրեց ընդդիմադիր ճամբարին:

Էրդողանը ծագումով թուրք չէ, ինքն է ժամանակին խոստովանել, որ ծագումով վրացի և հույն է: Նա ոչ ստանդարտ, անկայուն անձնավորություն է և դա ապացուցել է իր ամբողջ կարիերայի ընթացքում: Օրինակ, ի տարբերություն Գյուլի կամ Դավութօղլուի, նա չի կարողանում մարդկանց հետ նստել և լեզու գտնել: Էրդողանի մասին արդեն ձևավորված կարծրատիպ կա, որ անհաշտի մեկն է, իր ասածը պնդող: Այդուամենայնիվ, իմ ենթադրությունն է, որ Գյուլենը և Էրդողանը պիտի հաշտության գան, խաղաղության դաշինք պիտի կնքեն, պառակտված այս իրավիճակը պիտի հարթվի: Տրամաբանությունն է այդտեղ տանում, որովհետև կողմերից ոչ մեկին երկարատև ոչ կայուն իրավիճակ պետք չի: Գյուլենը չունի աճեցրած այնպիսի կադր, որն այլընտանք կլիներ Էրդողանին ու լսարան կունենար: Միակ մարդը, որ կարող էր այլընտրանք լինել, Գյուլն էր, որին, սակայն, չեզոքացրին: Նա հայտարարեց, որ ավարտում է իր քաղաքական կարիերան: Ըստ իս` դա իրեն ասել տվեց ոչ թե Գյուլենը, այլ Էրդողանը: Մի բան հստակ է. Վաշինգտոնը չի թողնի Էրդողանին, որ միանձնյա գործի, անընդհատ սանձը ձեռքին կպահի: Պետք է նաև նշել, որ  ԱՄՆ-ն ոչ միայն գյուլենականների ետևում է կանգնած, այլ նաև Թուրքիայում գործող մյուս բոլոր ուժերի:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ