Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:31

ԼՐԱՀՈՍ

100 տարի անց. ի՞նչ ակնկալել

100 տարեկան ողբերգություն . . . Դեռ չունենք ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված համազգային միասնական ծրագիր, չունենք պահանջատիրության միասնական իրավական փաթեթ: Ու այսպես մոտենում ենք կարևոր հանգրվանին. ի՞նչ է մեզ համար 2015-ը բացի տարեթիվ լինելուց: 

Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության 

թանգարան-ինստիտուտի տնօրեն

Կարևոր հոգեբանական մի հանգամանք կա. որոշ մարդիկ ասում են, թե 100 ամյակը վերջնաժամկետ է, մենք ասում ենք` վերջնաժամկետ չէ: Լավագույն դեպքում դա կարող է համարվել մեկնարկ՝ հետագա աշխատանքների ուղղությունների ճշգրտման համար: Կան մարդիկ, ովքեր լայն զանգվածների վրա փորձում են հոգեբանական ճնշում բանեցնել և ասել, թե մենք տրամադրված չենք 2015-ին ցնցող մի բան անել: Մենք նման խնդիր չենք էլ դրել մեր առաջ: Պարզապես 2015-ը բացառիկ տարի է, իսկ ո՞վ ասաց, որ 2016-ին մենք պիտի որևէ գործ չանենք: Նման մարդկանց պետք է չեզոքացնել, քանի որ նրանք հակառակորդի կողմից են աշխատում, որովհետև թուրքական կողմն ակնկալում է, որ  2015-ին ամեն ինչ կավարտվի, և հայերը կհանգստանան: Մենք այլ ուղերձ ենք հղում թուրքական կողմին՝ 2015-ից հետո ընդհանրապես հույս չունենաք, թե որևէ գործընթաց կդադարեցվի, մենք նոր աշխատաոճով ու ավյունով ենք փորձելու գործել:

Մենք գլխավոր խնդիր ունենք. թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքյան ընկալումներում կան գերմաքսիմալիստական ակնկալիքներ և վիրտուալ, վերացական աշխարհների ստեղծում, հավատ դրանց նկատմամբ, հետո՝ ընդհանուր հիասթափություն, դատապարտում: Ո՞րն է մեր անելիքը. մենք փորձում ենք իրատեսության հիմքի վրա ցույց տալ, թե ինչ ունենք այս պահին և ինչ կարող ենք անել այն սահմաններում, որը բնութագրում է հայկական ներուժը: Խոսվում է դրսում ունեցած հայկական լոբբիի ու հայկական կարողությունների մասին, բայց արի ու տես, որ այսօր այդ ներուժի լուրջ վերանայման կարիք կա: Ես ինձ չեմ դասում գերհայրենասիրական դպրոցի ներկայացուցիչների շարքին, ովքեր, եթե թողնենք, մեկ օրում կարող են պատերազմ հայտարարել Թուրքիային, հաղթել ու գծել այն սահմանները, որ իրենք են պատկերացնում: Չեմ դասում, որովհետև նախ` դա անհեռանկարային  է, երկրորդ` շեղում է հիմնական գործից: Մենք պետք է հանդուրժողաբար վերաբերվենք իրար ու չխանգարենք:

Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովը համահայկական կառույց է: Մենք ունենք ծրագրային խոշոր միջոցառումներ. Հայաստանում անցկացվելու է ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողով, լինելու են պետական այցեր նախագահների մակարդակով, հիմնանորոգված և ընդարձակված ցեղասպանության թանգարանի բացում, մեծամասշտաբ ցուցադրություններ Հայաստանից դուրս և այլն: Այս ամենը, բնականաբար, ընթանալու է թուրքական և ադրբեջանական հակազդեցության ֆոնին: Հանձնաժողովը չի սահմանափակելու իր աշխատանքները միայն միջոցառումներ կազմակերպելով, թեև անվանումը այդպես է: Իրավական փաթեթ ստեղծելու գաղափար կա, ավելին` նույնիսկ միտում կա 2015-ից հետո պահպանել այս հանձնաժողովը և կից ենթահանձնաժողովները` որպես համահայկական կառույց: Ինչո՞ւ փոշիացնել մի կառույց, որը կարող է լինել մեր աշխատանքների համադրման խողովակ հետագա տարիներին: Մենք պետք է ոչ թե ներսում իրար դեմ աշխատենք, այլ այնքան ուշադիր լինենք, որ թուրքերը նախահարձակ չլինեն: Իրավունք չունենք այս հարցում պաշտպանվողի դերում հանդես գալ:

Ես չեմ հասկանում տրամաբանությունն այն մարդկանց, որոնք փորձում են մեզ մղել ի սկզբանե դատապարտված պարտության: Խոսքը նորաձև դարձած միջազգային դատարաններ դատական հայց ներկայացնելու մասին է: Այդ մարդիկ, չգիտես ինչու, կտրվել են այն իրականությունից, որ այսօր Թուրքիան ունի հզոր դաշնակիցներ, որոնք ոչ միայն պատմական այս փուլում չեն թողնի նրան դատել, այլ նաև կհակազդեն այլ եղանակներով: Աշխարհաքաղաքական փոփոխությունները հիմա շատ սրընթաց են լինում, գուցե պահ գա՝ այնպիսի փոփոխություն լինի, որ դա իրակացնելու համար այդ պահը բարենպաստ կլինի: Բայց, իհարկե, օրակարգից չպետք է դուրս գա ցեղասպանության հետևանքների վերացման հարցը:

Թուրքիայի կողմից 2015-ին ընդառաջ կլինեն խոշոր ֆինանսական հատկացումներ, թուրքական դեսպանատները գործի կդրվեն: Իմ ունեցած տվյալներով` նրանք նախապես արդեն վարձակալել են շատ սրահներ` մտածելով որ հայերը այնտեղ կարող են ձեռնարկներ կազմակերպել: Շատ ագրեսիվ է լինելու հակազդեցությունը: Դեսպանների հետ կկանչեն, հակացուցադրություններ կկազմակերպեն: Թուրքիան հիմա աշխատանքներ է կատարում հայկական սփյուռքի որոշ շրջանակներին իր ազդեցության տակ գցելու ուղղությամբ: Փորձում  է Հայոց ցեղասպանության հարցը փոխադարձ հանդուրժողականության, բարեկամության և հաշտվողականության դաշտի մեջ տանել: Բացի Թուրքիայից էլի երկրներ կան, որ նույնպիսի շահագրգռություն ունեն, ինչը իհարկե մեզ համար բոլորովին ընդունելի չէ: Թուրքերը պատրաստվում են քարոզչական աշխատանքների` Դարդանելիի օպերացիան մեջտեղ բերելու, լռեցնելու ապրիլի 24-ը: Հիմա հետախուզումից լռության փուլն է, դեկտեմբերից արդեն կսկսվի երկկողմանի հրետակոծությունը: Թուրքիան իր ճնշման լծակը, որ կարող էր բանեցնել Հայաստանի վրա, արդեն բանեցրել է. Հայաստանի հետ սահմանի փակումը: Դրանից ավելի մաքսիմալ ճնշման լծակ մնում էր միայն պատերազմ հայտարարել: Սահմանի փակ լինելուն մենք արդեն համակերպվել ենք: Զրոյացրել ենք թուրքական կողմի այն ակնկալիքը, թե հայերը պետք է աղոթեն, որ սահմանը բացվի, որ կարողանան շնչել և կյանքի նշաններ ցույց տալ: Այս պահին Թուրքիան այլևս լծակներ չունի ՀՀ-ի վրա ներազդելու: Դրա համար հիմնական շեշտը դրել է սփյուռքի ներսում քայքայիչ-պառակտիչ գործունեություն ծավալելու վրա: Թիրախները հիմա խմբեր չեն, անհատներ են:

Հայկական կողմը պետք է հաշվի առնի այն կարևոր հանգամանքը, որ 3 հիմնական լսարան կա իր առջև:


1. Հայկական լսարան

Մենք ունենք ասելիք ինքներս մեզ: Պետք է հասկանանք, թե ինչ է ցեղասպանությունը, ինչ է տեղի ունեցել: Ընտանեկան մակերեսային պատմություններից հարկ է անցնել հայեցակարգային հենքի վրա մշակված գիտակցման: Եվ դա` դպրոցից սկսած: Ցեղասպանված ժողովուրդն այսօր ունի պետականություն: Մենք պետք է հասկանանք արժեքը պետականության: Ցեղասպանության հարցի միջազգային հանրահռչակումը մեզ համար պետք է գիտակցվի ոչ թե հետամնաց, ժամանակավրեպ ինչ-որ թեմա, որ անիմաստ կերպով քննարկվում է (երբեմն լսում ենք «վայ, հերիք եղավ, էլի էդ ցեղասպանությունը»), այլ ձևակերպվի նաև որպես ազգային անվտանգության հարց, անվտանգություն և՛ ՀՀ-ի, և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Սփյուռքի համար: Եթե կա մի հարց, որը պետք է մեզ անընդհատ հուզի, ցեղասպանության հարցն է: Դա ազգի զրոյական կետն է, երբ դու դարձել ես ամբողջովին ոչնչացվելու թիրախ, բայց դու հետո վերապրել ես ու արդեն ունես պետականություն: Էական է ճիշտ կրթությունը. դա ոչ թե պետք է մատաղ սերնդի մեջ հոգեբանական խեղում առաջացնի, պարտվողականություն սերմանի, այլ թեման այնպես մատուցի, որ սերունդը գիտակցի հաղթող ազգի գաղափարը, ոչ թե պարտվողի:


2. Միջազգային լսարան

Հարկ է լրջագույն աշխատանք կատարել Հայոց ցեղասպանության թեման տարբեր ժողովուրդների և երկրների պատմության ու հիշողության համատեքստում ներկայացնելու համար, քանի որ թեման բազմաթիվ թելերով կապված է մի շարք երկրների հումանիտար և քաղաքական պատմությունների հետ: Նրանց բոլորովին հետաքրքիր չէ, երբ ցեղասպանության հարցը ներկայացնում ես որպես հայ-թուրքական առանձին թնջուկ-խնդիր, բայց երբ թեման ներկայացնում ես ագուցված այդ երկրների պատմության ու հիշողության հետ, ընկալման մակարդակը միանշանակ բարձրանում է:


3. Թուրքական լսարան 

Նոր սերդի հետ պետք է նուրբ հաշվարկված աշխատանք տարվի, մանավանդ որ ժամանակակից տեխնիկական և հաղորդակցման հնարավորությունները դա թույլ տալիս են: Այսօր ազգայնական թուրքերից զատ տեսնում ենք նաև նոր որակ, թուրքեր, որոնք փորձում են հասկանալ կատարվածը, որոնք գիտակցում են, որ ցեղասպանության թեման չի կարող առկախ մնալ, քանի որ դա պետության և իրենց ազգի հեղինակության հարցն է: Մենք նախատեսել ենք կայքէջերի ստեղծում: Կլինի նաև թուրքերեն գրահրատարակչություն, մեր ցուցադրությունները թուրքերեն լեզվով ևս առցանց կան: Նախատեսված այլ ծրագրեր էլ կան, որոնց մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել:




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ