Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:30

ԼՐԱՀՈՍ

Թուրքիան և աշխարհաքաղաքական տեղաշարժերը մերձավոր արևելքում

Արկածախնդրության գինը
Մերձավոր Արևելքում հիմա «կրակը թեժացնող» օջախներն են Սիրիան և Իրանը: Ստեղծված իրադրությունն աննախադեպ է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Մոտակա տարիներին միգուցե տեսնենք Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևումներ:
Մերձավորարևելյան լարվածությունն ունի իր զարգացման սցենարները:
Արձանագրենք, որ արաբական աշխարհի որոշ երկրների և Թուրքիայի աջակցությունը ստացող Սիրիայի զինված ընդդիմադիրներին չհաջողվեց առաջին իսկ հարվածով տապալել նախագահ Բաշար Ասադի կառավարությունը: Այդ պատճառով էլ արտաքին ուժերը փորձում են ավելի շատ միջամտել. հիմա ոչ միայն օգնում կամ օգտագործում են ապստամբներին, այլ նաև սկսում են ճանաչել նրանց որպես օրինական իշխանություն` փորձելով դիվանագիտական ճանապարհով ճնշումներ գործադրել Սիրիայի իշխանությունների վրա: Սրան զուգահեռ զարգանում է մեկ այլ գործընթաց. Արևմուտքի համար հիմա իրադրությունը մոտենում է անկառավարելիության աստիճանին: Ընդդիմադիրների խմբավորումների մի զգալի մասն արդեն գտնվում է ծայրահեղական իսլամական գաղափարախոսության ազդեցության տակ, ենթարկվում է «Մուսուլման եղբայրների» բավական ծայրահեղ թևին, «Ալ-Քաիդայի» համաշխարհային ցանցին և այլն: Արևմուտքը փորձում է նրանց քիչ թե շատ կառավարելի դարձնել: Բայց դա արդեն անհուսալի եմ համարում, որովհետև Ասադի հակառակորդները ստանում են բավականին լավ օգնություն Քաթարից, Սաուդյան Արաբիայից, գուցեև Քուվեյթից:
Իսկ Ասադի ռեժիմը ցույց տվեց, որ երկրում ինքն ունի կառավարելիությունը պահպանելու ներուժ: Ու ոչ միայն պայքարն է շարունակում, այլև, իմ դիտարկումներով, վերջին շրջանում նույնիսկ թուլացրել է ընդդիմության հզորությունը:
Հաշվի առնելով արտասահմանյան վերլուծական կենտրոնների եզրահանգումները` իրական պետք է համարել, որ պայքարը Սիրիայում դեռ երկար ժամանակ կշարունակվի, անգամ մինչև 2 տարի: Իսկ եթե չհաջողվի համաձայնության հասնել մարտնչող կողմերի միջև, ապա այդ դեպքում, ըստ իս, հավանական կդառնա Սիրիայի տրոհումը՝ սկզբում գուցե ինքնավարությունների տեսքով, բայց հետո՝ արդեն պետական առանձին միավորների:
Սիրիայի կառավարող ուժի համար աշխարհաքաղաքական առումով ամենակարևոր գործողությունն արեցին Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք, օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած վետոյի իրավունքից, թույլ չտվեցին ՆԱՏՕ-ի զորքերը մտցնել Սիրիա և իրագործել լիբիական սցենարը: Ոչ պակաս դեր է կատարում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը շատ դեպքերում գուցեև չի երևում: Իրանն այդ հարցում ունի շահագրգռվածություն: Ակնհայտ է, որ երբ իրադարձությունները Սիրիայում հանգուցալուծվեն, Արևմուտքը, առաջին հերթին Իսրայելը, իրենց ուշադրությունը կբևեռեն Իրանի վրա: Ավելի իրական կլինի ռազմական միջոցներով Իրանի միջուկային ծրագրի իրականացումը կասեցնելու փորձը: Այսինքն՝ հիմա Սիրիայում պայքարը գնում է ոչ միայն այդ երկրի, այլ նաև Իրանի համար:
Ես հակված չեմ կարծելուն, թե արաբական աշխարհի ժողովրդական հուզումները հրահրված էին արտաքին ուժի կողմից, մասնավորապես` Արևմուտքից: Զանգվածային ընդվզումներն իսկապես ինքնաբուխ էին, ոչ ոք չէր նախատեսում: Օրինակ` 2010-ի գարնանը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կառավարության պատվերով անցկացրեց շատ լայնածավալ ու խորը համակարգչային սիմուլյացիա և եկավ եզրակացության, որ Մերձավոր Արևելքում ամենակայուն ռեժիմները Եգիպտոսում ու Թունիսում են: Բայց, ինչպես տեսանք, ժողովրդական հուզումները սկսվեցին Թունիսում, հետո շարունակվեցին Եգիպտոսում:
Ընդգծենք, որ Թուրքիան Էրդողանի կուսակցության կառավարման շրջանում փոխել է իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում` փորձելով տարածաշրջանում դառնալ ուժի կարևոր կենտրոն: Թուրքիան փորձեց արաբական, մահմեդական աշխարհում բարձրացնել իր հեղինակությունը: Իր առջև դրած նպատակին հասնելու համար Թուրքիան միտումնավոր վատացրեց hարաբերություններն Իսրայելի հետ, որը մինչ այդ իր ռազմավարական դաշնակիցն էր Մերձավոր Արևելքում, մյուս կողմից՝ սկսեց կարգավորել հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Դա գրեթե հաջողվել էր, օրինակ, Սիրիայի հարցում: Մերձեցումն ակնհայտ էր: Թուրքիան օգտագործում էր այդ մերձեցումը, որպեսզի իր հարավ-արևելյան՝ հիմնականում քրդաբնակ շրջանների ծանր տնտեսական դրությունը որոշ չափով բարելավի` շնորհիվ սիրիական կապիտալի ու առևտրի: Բացի դրանից, Սիրիան Թուրքիայի դաշնակիցն էր քրդական հարցում. թույլ չէր տալիս, որ իր տարածքում գործի Քուրդիստանի բանվորական կուսակցությունը: Բայց երբ Սիրիայում դրությունը վատացավ, Թուրքիայի ղեկավարները, ըստ իս, սխալ որոշում կայացրին: Նրանք փորձեցին պահից օգտվել` համոզված լինելով, թե Ասադի ռեժիմը կտապալվի, և արդյունքում Սիրիան կդադարի որպես ուժեղ պետություն գոյություն ունենալ կամ եթե նույնիսկ չտապալվի, ապա այնպիսի ռեժիմ կհաստատվի, որը կճանաչի Թուրքիայի գերակայությունը: Ահա սա էր թուրքերի խաղի նպատակը, բայց մենք տեսնում ենք, որ դա չի իրականանում: Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, ի վերջո, հանգելու է ռազմական միջամտության: Այդ միջոցով Թուրքիան մի քանի խնդիրներ է փորձելու լուծել. նախ` կանխել քրդական շարժման տարածումը Սիրիայից, ազատվել իր տարածքում գտնվող 100 հազար փախստականներից, Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծել և վերջիններիս ուղարկել այնտեղ: Բացի այդ, Թուրքիայի թիրախում իր սահմանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող Հալեպն է` մերձավորարևելյան հայ սփյուռքի խոշորագույն կենտրոնը, որը ստեղծվել է հենց Ցեղասպանությունից փրկված մարդկանց կողմից: Այսօր նրանց ժառանգները վառ են պահում Ցեղասպանության մասին հիշողությունը և ակտիվ են այդ հարցերում: Ըստ իս` այդ հանգամանքը թուրքերը հաշվի են առել, և նրանց նպատակներից մեկը Հալեպի (իսկ լայն առումով նաև Սիրիայի) հայ համայնքի վերացումն է: Դրա վկայությունն այն է, որ Թուրքիայի հետ կապերի մեջ գտնվող Հալեպի շրջակայքում գործող ընդդիմադիր ուժերը քանիցս սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին:
Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանի իրադարձություններում բարձրացնում է նրա աշխարհաքաղաքական նշանակությունը Արևմուտքի և ԱՄՆ-ի համար: Ես դրանով եմ բացատրում այն, որ վերջին տասնամյակներում առաջին անգամ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկն իր քարոզարշավի ժամանակ չանդրադարձավ հայերի հետ կապված խնդիրներին: Թուրքերը, ըստ երևույթին, օգտագործեցին ամերիկացիների համար իրենց աշխարհաքաղաքական կարևորությունը և հասան այն բանին, որ ԱՄՆ քաղաքական վերնախավը՝ ի դեմս երկու թեկնածուների, խուսափեց հայ ընտրազանգվածին որևէ խոստում տալուց:
Թուրքիայի այդ քաղաքականությունը թեև տակտիկական որոշակի առավելությունների հանգեցնում է, բայց մեծ հաշվով այն համարում եմ վտանգավոր հենց իր` Թուրքիայի համար: Այդ քաղաքականության հետևանքով ուժեղանում է քրդական գործոնը և՛ Թուրքիայում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում: Այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել Թուրքիայի լուրջ առճակատմանն արաբական աշխարհի հետ: Թուրքիան իր ներսում կարող է լուրջ խնդիրների բախվել. բնակչության զգալի մասը դեմ է Սիրիայի հարցում ռազմական միջնորդությանը: Այնպես որ, Թուրքիայի այդ նեոօսմանիստական քաղաքականությունը, որն իրենից ներկայացնում է Օսմանյան կայսրությունը վիրտուալ ձևով վերականգնելու փորձ, վտանգավոր է և արկածախնդրական: Դա կարող է պատուհաս լինել ոչ միայն հարևանների համար, որոնք այդ քաղաքականության օբյեկտն են, այլ նաև հենց իր` Թուրքիայի համար, որովհետև դա կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, որոնք ավելի կմոտեցնեն երկրի մասնատումը:

Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ