Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:43

ԼՐԱՀՈՍ

Հայկական հարց.Սպառված ռազմավարություն. Վոլոդյա Առուշանյան


Արևմտյան Հայաստան իրականացվող տուրերի հիմնադիր, «Անի տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար
Մեր ազատագրական շարժման գործիչներից Դժոխք Հրայր (Արմենակ Ղազարյան) ունենք, որի գաղափարախոսությունը տվյալ ժամանակաշրջանի համար միակ ճիշտ մոտեցումն էր: Նա դեմ էր մանր, տարերային ֆիդայական կռիվներին, որոնք երբեմն ավելի մեծ աղետների պատճառ էին դառնում: Հրայրը կողմնակից էր միասնական զինված ապստամբություն կազմակերպելու գաղափարին` սերտ դաշնակցություն նախատեսելով քրդերի հետ, քանի որ միայն հայության ուժերը չէին բավարարի: Նույնն էլ՝ այսօր: Մենք չենք կարող 75 միլիոնանոց Թուրքիայից պահանջել Անին կամ Արարատը: Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ այնտեղ ապրում են միլիոնավոր քրդեր, որոնք լուրջ հակասություններ ունեն թուրքերի հետ: Քրդերը մեզ հետ հանդիպումների ժամանակ խոստովանում են, որ իրենց պապերն օգտագործվել են թուրքերի կողմից և ներողություն են խնդրում, ասում են` եկեք նոր էջ բացենք: Իսկ երբ հարցնում ենք՝ ի՞նչ երաշխիք, որ երբ ազատություն կամ անկախություն ստանաք, մեզ հետ նույն կերպ չեք վարվի, ինչպես նախորդ դարասկզբին, պատասխանում են՝ թող, աստված տա, այդ օրը գա, մենք եղբայր ժողովուրդներով կլուծենք այդ հարցը:
Հայությունը պետք է կարողանա նախ գաղափարը վառ պահել: Մենք դա ենք անում: Դեպք է եղել, որ հայրը ստիպողաբար է որդուն ուղարկել Արևմտյան Հայաստան: Վերադարձի ճանապարհին  այդ տղան ասում էր. «Հորիցս ներողություն եմ խնդրելու և համբուրելու եմ, որ ինձ ուղարկեց մեր պատմական հայրենիք»: Առաջին կարևոր գործն այն է, որ հնարավորինս շատ գնանք, դրանով նրանց ուղեղին կհասցնենք, որ չենք հաշտվել կորստյան գաղափարի հետ, դեռ կանք և գալու ենք, չենք հրաժարվել: Բացի այդ, պատմությունը լի է անսպասելի զարգացումներով: Հնարավոր է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայկական հարցը լուծում ունենա մեծ տերությունների աջակցությամբ: Ես ռեալ մտածող եմ. մենք չենք կարող առանց մեծ տերությունների աջակցության դրական արդյունքի հասնել այդ հարցում: Որևէ մեկը  կարո՞ղ էր մտածել, որ ԽՍՀՄ-ը երբևէ կփլուզվի: Այդպիսի անսպասելի բան կարող է պատահել նաև մեր ազգային հարցում:
Անցյալ տարի Երևանում արևմտահայերի 4-րդ համագումարն էր, որի անդամներից մեկը ես եմ: Համագումարը շատ լուրջ աշխատանքներ է կատարում: Թուրքիայում մեզ հետ համագործակցության պատրաստ ուժեր կան: Շատերը այնտեղ չգիտեն ցեղասպանության մասին: Մեր նպատակը նրանց ծանոթացնելն է այդ իրողությանը ավելի թափով ու լուրջ: Մենք Սուրբ Կիրակոս եկեղեցու բացմանը գնացել էինք Դիարբեքիր: Հանդիպում էինք ցուցանակների` «Բարով եք եկել ձեր տուն» գրությամբ: Ապշելու բան: ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը նույնիսկ համաձայնության եկավ տեղական իշխանությունների հետ Դիարբեքիրի կենտրոն թաղամասը կոչել Տիգրանամիդ: Դիարբեքիրը պատմական Ամիդն է:
Ըստ իս` մենք պետք է հարաբերություններ կառուցենք Թուրքիայի առողջ ուժերի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ ապրում են բավականին մեծ թվով քրդացած ծպտյալ հայեր` պարտավոր ենք քրդերի հետ ևս սերտ հարաբերություններ հաստատել, համագործակցել տարբեր ծրագրերով, դրանով գուցե ինչ-որ մի բանի հասնենք: Մի անգամ Մուշում պտույտ էինք անում, ինձ ասացին, որ մի ջահել տղա մեզ հետևում է: Կարծեցի թուրքական հատուկ ծառայություններից է: Կանչեցի, զրուցեցի: Աչքերը լցվեցին. հայրը մահանալուց առաջ կանչել ու ասել էր, թե դու զտարյուն հայ ես: Փաթաթվեց ինձ ու լացեց: Այդպիսիք շատ կան Արևմտյան Հայաստանում:

Մխիթար Նազարյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ