Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:26

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջան-Իսրայել. ռազմավարական գործակցություն տարածաշրջանում

     Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը: Ինչպես հայտնում է АПА-ն, Էլմար Մամեդյարովը հայտարարել է. "Ամեն բան իր ժամանակն ունի: Բանակցություններն ընթանում են, տեսնենք՝ ինչպես կավատրվեն դրանք": Նա նշել է, որ Ադրբեջանը, կառուցելով իր քաղաքականությունը, ելնում է ազգային շահերից: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ավարտվեց Ադրբեջանի ԱԳ նախարարի չորսօրյա այցը Մերձավոր Արևելք, որի հիմնական նպատակը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, եղել է Իսրայել այցելելը: Մեկնաբանելով իր մերձավորարևելյան այցը, Մամեդյարովը հայտարարել է, որ ինքն այցելել է ոչ միայն Իսրայել, այլև Պաղեստին, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել. "Ադրբեջանը միշտ էլ ցուցաբերել է և կշարունակի ցուցաբերել աջակցություն Պաղեստինին":

 

 
      Նրա խոսքերով, Բաքվում հունիսին կանցկացվի համաժողով՝ նվիրված պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելուն: 
      Նշենք, որ սա ԽՍՀՄ քայքայումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարի առաջին աշխատանքային այցն էր Իսրայել վերջին 22 տարիների ընթացքում: 
      Այցի ընթացքում Ադրբեջանցի 

նախարար Էլմար Մամեդյարովին ընդունել է նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ով այդ այցը "պատմական" է անվանել: Նրա խոսքերով, Ադրբեջանի ԱԳ նախարարի այցն Իսրայել նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: 

      Տեղեկանք
      Իսրայելն այն պետություններից է, որն Ադրբեջանի անկախության հռչակումից գրեթե անմիջապես հետո (1991 թվականի դեկտեմբերի 25) պաշտոնապես ճանաչեց այն: Չնայած դրան, դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ հաստատվեցին միայն 1992 թվականի ապրիլի 7-ին: Դրանից հետո՝ 1993 թվականի օգոստոսին, Ադրբեջանում բացվեց Իսրայելի դեսպանատում: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը (2009 թվականի հունիսի 28-29) և ԱԳ նախարար Ա. Լիբերմանը (2010 թվականի փետրվարի 9 և 2012 թվականի ապրիլի 23) այցելել են ադրբեջան: Այդ այցերի ընթացքում հայտարարվեց, որ Թել Ավիվը դիտարկում է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում իր ռազմավարական գործընկեր և շարունակելու է դա անել: Դեռևս 2009 թվականին, որը, որոշ դիտորդների կարծիքով, ընդունված է համարել "բեկումնային" այս երկու երկրների հարաբերություններում, համաձայն "WikiLeaks"-ի տեղեկությունների, Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Լուն դիվանագիտական նամակ ուղարկեց Պետդեպարտամենտ, որում երկու երկրների մերձեցումն անվանեց "Ադրբեջանի և Իսրայելի սիմբիոզ": Նամակում Դոնալդ Լուն ցիտում էր Իլհամ Ալիևի խոսքերը, որ իր երկրի հարաբերություններն Իսրայելի հետ նման են "այսբերգի", քանի որ "այդ հարաբերությունների 9/10-ը թաքնված է ջրի մակերեսի տակ":

      Նշենք, որ ադրբեջանցի փորձագետ Արաստուն Օրուջլուի կարծիքով, Մամեդյարովի՝ Իսրայել այցի հիմնական նպատակն Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իսրայելի աջակցությունն ստանալն է:
      Անդրադառնալով այդ այցին՝ նա, մասնավորապես, ասել է. "Այն ժամանակ, երբ Ադրբեջանի 
միջազգային հեղինակությունն ավելի բարձր էր, քան հիմա, Բաքուն չէր համարձակվում դեսպանատուն բացել Իսրայելում կամ պաշտոնական այց կազմակերպել ԱԳ նախարարների մակարդակով: Սա պաշտոնական այց էր և, ակնհայտ է, որ կային ավելի լուրջ պատճառներ: Անկասկած, սպասվող նախագահական ընտրություններում աջակցություն ստանալը հանդիսանում է այցի հիմնական նպատակներից մեկը":
     
"Արմեդիա" 


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ