Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:27

ԼՐԱՀՈՍ

Վրաստանը և թուրք ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը

 

(Seçim Beyannamesi), որտեղ Հարավային Կովկասը կարևորությամբ Թուրքիային սահմանակից շրջաններից երրորդն է, իսկ Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման նպաստումը ներկայացված է որպես ԱԶԿ արտաքին քաղաքականության առաջնային ուղեգծերից մեկը:

Հարկ է նշել, որ եթե 2010թ. ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմաստրատեգիական համաձայնագրով Ադրբեջանի հետ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին, ապա Թուրքիայի հարաբերությունները Վրաստանի հետ դեռևս չունեն նման իրավական ձևակերպում: Այնուհանդերձ, թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքականության արդյունքում Վրաստանն աստիճանաբար ներգրավվում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում:

Թուրքիայի համար Վրաստանը կարևոր ռազմավարական նշանակություն ունի որպես տարանցիկ երկիր։ Վրաստանի տարածքը ծառայում է որպես միջանցք դեպի Ադրբեջան և միջինասիական երկրներ հատկապես Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան փակ սահմանների պարագայում:

Այս առումով առանձնահատուկ ռազմաստրատեգիական նշանակություն ունի Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի վարչական շրջանը, որտեղ Թուրքիան վարում է ժողովրդագրական պատկերի փոփոխությանը նպատակաուղղված քաղաքականություն` աջակցելով 1944 թվականից տեղահանված թուրք-մեսխերի (Ahıska Türkleri) «հայրենադարձությանը»: Հատկանշական է, որ դեռևս 1999թ. ԵԽ անդամակցելու ժամանակ նման պարտավորություն ստանձնած Վրաստանն առաջարկում է թուրք-մեսխերին վերաբնակեցնել երկրի ողջ տարածքում, սակայն Թուրքիան հատկապես պնդում է Սամցխե-Ջավախքի շրջանում նրանց հաստատվելու անհրաժեշտությունը: Ջավախքում թուրք-մեսխերի զանգվածային բնակեցման ու մեծամասնություն կազմելու հեռանկարը կհանգեցնի ամբողջական թյուրքական միջանցքի ստեղծմանը։ Արդյունքում՝ Սամցխե-Ջավախք - Քվեմո-Քարթլի (Ադրբեջանին սահմանակից ադրբեջանաբնակ տարածք) վարչական շրջանները զուգահեռ գծով կմիացնեն միմյանց Ադրբեջանն ու Թուրքիան՝ միաժամանակ հատելով Հայաստանը հյուսիսին կապող ուղղահայացը։ Նաև հատկապես Վրաստանի տարածքի Սամցխե-Ջավախքի տարածքն է ընտրվել աշխարհառազմավարական նշանակության էներգահամակարգերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը գործարկելու համար: Ներկայումս այս տարածքում է կառուցվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում էր 2012թ. վերջին: Ի դեպ, այս նախագծի շնորհիվ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ձեռք կբերի անմիջական ցամաքային կապ Ադրբեջանի հետ` էլ ավելի դյուրացնելով Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը:

Ադրբեջանի համար ևս Վրաստանն ունի ռազմավարական նշանակություն որպես իր ռազմավարական դաշնակից Թուրքիային և այդ երկրի միջոցով նաև Արևմուտքին կապող օղակ։ Ադրբեջան-Վրաստան հարաբերություններում առանցքային դեր է խաղում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի վրա հիմնված փոխադարձ շահը: 2008թ. «Հնգօրյա պատերազմի» արդյունքում Վրաստանից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախացման դե-յուրե ճանաչումը և հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության կորուստը Վրաստանին և Ադրբեջանին միավորում է միևնույն խնդրի շուրջ: Վրաստանին և Ադրբեջանին դե-յուրե միավորում է նաև անդամակցությունը ԱՊՀ-ին իբրև այլընտրանք ստեղծված ՎՈւԱՄ քաղաքական միավորմանը:

Բաքուն իր ազդեցության լծակներն ամրապնդելու և ընդլայնելու հստակ քաղաքականություն է վարում՝ օգտագործելով տնտեսության որոշակի ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում Թբիլիսիի համար անայլընտրանք համագործակցության իրողությունը։

Բաքվի ազդեցության լծակներն ամրապնդելուն է ծառայում նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների շարքում իր թվաքանակով առաջինը համարվող ադրբեջանական համայնքը, մասնավորապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի (Բորչալու) շրջանը, որի ադրբեջանական համայնքն ունի նաև Թուրքիայի աջակցությունը: Հարկ է նշել, որ աշխարհագրորեն արևելքից Ադրբեջանին, հարավից Հայաստանին, արևմուտքից Ջավախքին սահմանակից և հյուսիսից Վրաստանի մայրաքաղաքին կից Քվեմո-Քարթլի տարածաշրջանն ադրբեջանցիները համարում են «հերոս թուրքերի հայրենիքը» և որակում որպես «վիճելի տարածք Ադրբեջանի և Վրաստանի միջև», որն «անարդարացիորեն ԽՍՀՄ օրոք տրվեց Վրաստանին»։ Այս առումով ուշագրավ է Բորչալուի ադրբեջանական համայնքի կայքէջում պարբերաբար հանդիպող «Բորչալուն Ադրբեջանից ամենակարճ ճանապարհն է դեպի Թուրքիա» արտահայտությունը:

Համաձայն Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության վիճակագրության դեպարտամենտի 2008թ. կատարած հետազոտությունների` մանր ձեռնարկությունների դրամաշրջանառության ծավալներով Թբիլիսիից հետո առաջատարը Քվեմո-Քարթլիի շրջանն է, որին բաժին է ընկնում ամբողջ երկրի մանր ձեռնարկությունների դրամաշրջանառության 13%-ը Հարկ է նշել, որ Քվեմո-Քարթլիի մասնավոր, այսինքն՝ ադրբեջանական ձեռնարկությունների աջակցությունն իրականացվում է Բաքվից ֆինանսավորվող ադրբեջանական հասարակական մի շարք կազմակերպությունների միջոցով:

Այսպիսով, թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքականության շնորհիվ Վրաստանն աստիճանաբար ներգրավվում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում, ինչի համար նախադրյալ է ծառայում բարձր մակարդակի համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում:

Այսպես, էներգետիկ ոլորտում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարը Կասպից ծովը կապում է Միջերկրական ծովին իսկ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շուրջ համագործակցությունը հանգուցում է երեք երկրներին։ 2010թ. Ադրբեջանի ու Վրաստանի բարձրագույն ղեկավարները որոշում կայացրին երկու երկրների միասնական էներգահամակարգ ստեղծելու մասին։ Միաժամանակ, թուրքական EMCT Pazarlama Inşaat Taahüt Ticareti (ЕМСТ) կազմակերպությունը Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ կնքեց համաձայնագիր, որի շրջանակներում սկսվել է Արևմտյան Վրաստանի տարածքում Գուբազոուլի ՀԷԿ կառուցումը։ 2012թ. հունիսի 26-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին $7-8 մլրդ արժողությամբ Տրանսանատոլիական (TANAP) նոր գազատարի կառուցման համաձայնագիր, որը ենթադրում է ադրբեջանական բնական գազը թուրք-վրացական սահմանով արտահանել Եվրոպա` միացվելով «Նաբուկկո» նախագծին, թեպետ «Նաբուկկո» ծրագրի իրագործման հետ կապված մի շարք խնդիրների առկայությունն առայժմ հարցականի տակ է դնում Տրանսանատոլիական գազատարի գործարկումը ևս:

Ակնհայտ է, որ այս ծրագրերը միտված են չեզոքացնելու Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը Հարավային Կովկասում, ինչն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանի պետությունների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կախվածության նվազմանը ՌԴ-ից։

Առևտրի ոլորտում Թուրքիան ներկայումս համարվում է Վրաստանի առաջին գործընկերը՝ զբաղեցնելով Ռուսաստանի երբեմնի տեղը: 2002-2010թթ. երկկողմանի առևտրային ծավալը նշանակալի աճ է արձանագրել՝ հասնելով $240 մլն-ից մինչև 1 մլրդ-ի: Բացի այդ, Թուրքիան իր ներդրումներով Վրաստանում գրավում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո: Թուրքական ներդրումները ներառում են շինարարական (այդ թվում օդանավակայանի տերմինալների վերանորոգումը), ապակեգործական, հեռուստահաղորդակցության ոլորտները, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի տարատեսակ կազմակերպությունների ստեղծումը Վրաստանում: Այս պահին ամենամեծ ներդրումը կատարված է Կարս-Թբիլիսի երկաթգծի և Ռիզե-Փոթի օպտիկամանրաթելային մալուխի նախագծերի իրականացման համար։ Բացի այդ, Թուրքիան պատրաստվում է մի շարք էլիտար արվարձանային ավաններ կառուցել հենց մայրաքաղաք Թբիլիսիի շուրջը:

2010թ. հետո Թբիլիսին ասպարեզ է բերել ու շրջանառության մեջ դրել Վրաստան-Ադրբեջան համադաշնության նախագիծը՝ հիմք ընդունելով երկկողմ հարաբերությունների համապատասխան բնույթը տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականության ոլորտներում:

Սրանք են այն գլխավոր նախադրյալները, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր տարի երեք երկրների ԱԳՆ ղեկավարների ժամանակացուցային հանդիպումներում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները ձևակերպել նոր համաձայնագրերի տեսքով։ Մասնավորապես, 2012թ. հունիսի 8-ին Տրապիզոնում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին հռչակագիր (TRABZON DECLARATION), որը, հիմնվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխան պետությունների հավասարության, պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ սպառնալիքի կամ ուժի կիրառման ձեռնպահության սկզբունքների վրա, հաստատագրում է հետևյալ դրույթները.

  • Շարունակել միջազգային կազմակերպություններում միմյանց թեկնածություններին աջակցելու քաղաքականությունը:
  • Նշել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի և ԼՂ հարակից տարածքի շուրջ հակամարտության, ինչպես նաև Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի (Հվ. Օսիա) շրջանների շուրջ հակամարտության հնարավորինս արագ կարգավորման կարևորությունը` հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի ու Վրաստանի սահմանները; ընդգծել փախստականների, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց ապահով և արժանապատիվ վերադարձը իրենց ծագման վայրերը:
  • Խթանել հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և բանկային գործի, շրջակա միջավայրի` համատեղ նախագծերի և համագործակցության ծրագրերի, անհրաժեշտության դեպքում՝ նաև եռակողմ համագործակցության մեխանիզմների միջոցով։
  • Արտահայտել իրենց աջակցությունը ՏՐԱՍԵԿԱ-ին և աշխատել Մեծ Մետաքսի ճանապարհի և Եվրասիական տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև երկաթգծեր և մայրուղիներ ներառող եռակողմ տրանսպորտային այլ ծրագրերի լայնամասշտաբ գործունեության վերականգնման ուղղությամբ, կարևորել նախատեսված ժամկետում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային նախագծի ավարտը:
  • Հաստատել Բաքվի միջազգային ծովային առևտրային նոր նավահանգստի կառուցման նախագիծը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավարտից հետո կդառնա Արևելք-Արևմուտք Տրանսպորտային միջանցքի կարևոր օղակ:

Հարկ է նշել, որ կողմերի համատեղ փորձագետների խումբը սկսել է 2013-2015թթ. գործունեության ծրագրի մշակումը և համաձայնեցված դրույթները երեք նախարարների հաստատմանը ներկայացնելու աշխատանքները: ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման երկրորդ նիստը տեղի կունենա 2012թ. երկրորդ կեսին՝ Վրաստանում, իսկ երրորդ նիստը` 2013թ. առաջին կեսին` Ադրբեջանում:

Տրապիզոնի հռչակագիրը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրված նմանօրինակ առաջին պաշտոնական հրապարակային փաստաթուղթն է, բովանդակությամբ համարժեք ռազմաստրատեգիական փաստաթղթի:

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակեց «Վրացական երազանք» դաշինքը, որի ղեկավարը միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Նա ստանձնեց պետության վարչապետի լիազորությունները, որոնք վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում դարձան գերակա: Դեպքերի այս ընթացքն առաջ բերեց մի քանի հարցադրումներ` կապված Վրաստանի հետագա քաղաքական դիրքորոշման հետ։ Խոսքը, մասնավորապես, նախ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման հեռանկարի և ապա՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման մասին է: Հարկ է նշել, որ դեռևս վարչապետ Բ.Իվանիշվիլու և նրա կառավարության վարած քաղաքականությունը հիմքեր չի տալիս որևէ էական փոփոխություն նկատելու թուրք-ադրբեջանական դաշինքում Վրաստանի ներգրավման ընթացքի հարցում:

Այսպես, 2012թ. դեկտեմբերի 26-ին Բ.Իվանիշվիլին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարեց. «Ես որոշեցի իմ առաջին այցը կատարել Ադրբեջան, քանի որ մեր հարաբերությունները պատմականորեն բարեկամական են: Մեր նպատակն է խորացնել հարաբերությունները, հասցնել այն մակարդակին, որ միջազգային ատյաններում մշտապես հաշվի առնվեն ընդհանուր դիրքորոշումները: Մենք կանենք ամեն բան մեր հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»։

Ուշագրավ է վրաց-ադրբեջանական տարբեր ոլորտների համագործակցության խնդիրների շրջանակը. Ադրբեջան-Վրաստան ավտոճանապարհների կառուցման ինտենսիվ ընթացքի ապահովում, Վրաստանում պարարտանյութերի գործարան կառուցելու ադրբեջանական նախագիծ, Ադրբեջանից գնվող էլեկտրաէներգիայի քանակը մեծացնելու Վրաստանի մտադրություն, «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ» նախագծի շրջանակներն ընդլայնելու և ադրբեջանական էլեկտրաէներգիան Վրաստանի և Թուրքիայի միջոցով Հունաստան և Բուլղարիա արտահանելու, ռազմական ենթակառույցներում համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցեր: Դժվար չէ նկատել նշյալ խնդիրների ռազմավարական նշանակությունն ու բնույթը։ Ինչ վերաբերում է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարելավմանը, ապա հարկ է նշել, որ այս ոլորտում զգալի փոփոխություններ դեռևս չեն նկատվել:

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Վրաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժը գործնականում շարունակում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների խորացման գործընթացը:

Այսպիսով, կարելի է կատարել հետևյալ հաստատումները.

ա. Թուրքիան և Ադրբեջանը վարում են Վրաստանի հանդեպ քաղաքական ու տնտեսական վերահսկման լծակներ ու մեխանիզմներ ստեղծելու աստիճանական և նպատակաուղղված քաղաքականություն,

բ. ներկա ժամանակահատվածում Վրաստանը շարունակում է ընթանալ Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկվելու ճանապարհով,

գ. Սամցխե-Ջավախքում թյուրքական տարրի գերակայության պարագայում Թուրքիա–Ադրբեջան դաշինքը վերահսկողություն կհաստատի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի օպերատիվ տարածքում։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ կարելի է անել նաև հետևյալ եզրահանգումը. ընթացիկ գործընթացների արդյունքում, առավելագույնը միջնաժամկետ հեռանկարում, Վրաստանը կհայտնվի Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ամբողջական ազդեցության գոտում և վերահսկողության ներքո։ Հետևությունը կարող է լինել մեկը՝ զարգացումների նման ընթացքը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ