Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:32

ԼՐԱՀՈՍ

Ձեռքից ձեռք. Վրաստան. Ալեքսանդր Իսկանդարյան


Վրաստանում տեղի է ունեցել իշխանության մոդելի փոփոխություն: Այդ պրոցեսը կշարունակվի թերևս մինչև 2013-ի հոկտմբեր` Վրաստանի նախագահական ընտրություններ: Հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ հարևան այդ երկրում, մենք պետք է մի փոքր հետ գնանք և տեսնենք, թե ինչ էին իրենից ներկայացնում վրացական իշխանությունները` սկսած վարդերի հեղափոխությունից մինչև մեր օրերը: Վրաստանից դուրս ու մասնավորապես Հայաստանում թյուր պատկերացում կա վերջին տարիներին Վրաստանում կատարվածի մասին: Սահակաշվիլին ներկայացվում է որպես ժողովրդավար գործիչ, նրա քաղաքականությունը ներկայացվում է որպես ռեֆորմների քաղաքականություն: Այդ երկիրը ներկայացվում է ժողովրդավարության, բարեփոխումների ու արդյունավետ տնտեսության փարոս: Շարքային հայաստանցուն եթե հարցնես, համոզմունք կհայտնի, որ Սահակաշվիլու իշխանության ժամանակ Վրաստանում վերացել է կաշառքը, բիզնեսով զբաղվելը շատ հեշտացել է, հարկային դաշտն էլ թափանցիկ է դարձել: Բայց դա իրականությանը չի համապատասխանում, իրականում պատկերն այլ է: Սահակաշվիլին ժողովրդավար չէ, այլ կենտրոնամետ գործիչ է: Էդուարդ Շևարդնաձեի օրոք վրացական պետոությունը արևմուտքի կողմից բնութագրվում էր որպես «failed state»: Եվ իսկապես այդպես էր. Վրաստանում կային ռեգիոններ, որոնք ուղղակի չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը: Այսինքն՝ չկար կենտրոնացված իշխանությամբ լուրջ պետություն, չկար բանակ, չկար ոստիկանություն: Սահակաշվիլին այդ ամենը ստեղծեց, կենտրոնացրեց իշխանությունը և դարձրեց պետություն, բայց չդարձրեց ժողովրդավարական երկիր: Այնտեղ ամեն ինչ կենտրոնացվեց մեկ էլիտար խմբի ձեռքում, այնտեղի օլիգարխները մարդիկ էին, որոնք գտնվում էին իշխանական բուրգում:
Ընդունված է կարծել, թե Վրաստանում կոռուպցիա և կաշառք չկա: Նշենք, որ դրանք տարբեր բաներ են: Սահակաշվիլին չի լիկվիդացրել կոռուպցիան, փոխել է միայն դրա ձևը: Հիշենք, որ Սահակաշվիլին գնաց Վանկուվեր, տեսավ այնտեղ երկու բարետես Կոբալյե քույրերին: Նրանք չունեին բարձրագույն կրթություն, բայց Սահակշվիլին նրանց բերեց Թբիլիսի, մեկին նշանակեց էկոնոմիկայի նախարար, մյուսին` Աջարիայի զբոսաշրջության նախարար: Եթե դա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է այդ դեպքում կոռուպցիան: Մարդուն բանտարկում են, հաջորդ օրը կինը 15.5 մլն դոլար է բերում և նրան ազատ են արձակում: Եթե դա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է այդ դեպքում կոռուպցիան: Ի՞նչ է նշանակում մեկ պատուհան և 15-20 րոպեում փաստաթղթաշրջանառության կազմակերպում: Դա ռեֆորմ չէ, դա համակարգչային ցանց է: Բավականին թակարժեք ցանց` լավ մասնագետների կողմից տեղադրված: Դա վերջին հաշվով գումար է: Վրաստանում մինչև հիմա ՀՆԱ-ի ցուցանիշն ավելի ցածր է, քան Հայաստանում: Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանն ունի ելք դեպի ծով, ունի բնության լավ պայմաններ, սահմանակից է այն պետությունների հետ, որոնց հետ խնդիրներ չունի, էներգակիրներն անցնում են իր տարածքով և այլն: Ինչպե՞ս  է ստացվում այդպես. ռեֆորմը և փողերի հոսքը դրանք տարբեր բաներ են:
Սահակաշվիլին պրակտիկորեն լիկվիդացրեց խորհրդարանական ընդդիմությանը, սահմանափակվեց խոսքի ազատությունը, մամուլը փաստորեն ենթարկվում էր այն մարդկանց խմբին, որոնց ձեռքին էին տնտեսական ու քաղաքական իշխանության լծակները: Ջանքերը ներդրվեցին բանակ ստեղծելու ուղղությամբ: Հետո Օսեթիան նվաճելու արկածախնդրական փորձ արվեց: Դա, իհարկե, անթույլատրելի ռիսկ էր նման պետության ղեկավարի համար, բայց, այնուամենայնիվ, դա արվեց: Հետո եղավ կրախ: Փակվեց սահմանը Ռուսաստանի հետ: Արևմուտքից ուղարկված դրամաշնորհները ստանում էին ավտոտեսուչները, պետական չինովնիկները, Վանկուվերից բերված այն աղջիկները, իսկ հասարակ գյուղացին, որ գումար էր վաստակում՝ աճեցնելով խաղող կամ քամելով գինի, մնաց դատարկաձեռն, քանի որ իր գյուղմթերքն այլևս չէր կարողանում իրացնել ռուսական շուկայում: Վրաստանի գյուղատնտեսությունը հայտնվեց աղետալի վիճակում ռուսական շուկայի փակ լինելու պատճառով: Եվրոպական շուկան այդ իմաստով չկարողացավ փոխարինել ռուսականին: Սկսվեց հանրային դժգոհության ալիք բարձրանալ, ու հասունացավ ընդդիմություն ձևավորելու կարիք: Բայց դժգոհ մարդիկ և ընդդիմությունը տարբեր բաներ են: Սահակաշվիլին չթողեց հնարավորություն, որ իշխանության ներսից առաջանա ընդդիմություն: Օրինակ` Շևարդնաձեի օրոք այդպես չէր, Սահակաշվիլին արդարադատության նախարար էր, երբ ընդդիմության ալիքով եկավ իշխանության:
Վրաստանի Գլդանիի բանտում բանտարկյալների հանդեպ արվող այլանդակություններն ավելի հեղինակազրկեցին Սահակաշվիլու վարչակազմին: Ի դեպ, այդ բանտը իբր համարվում էր Եվրոպայի լավագույն բանտերից մեկը: Վրաստանը բնակչության թվի հարաբերությամբ կալանավորների թվով աշխարհում 4-րդ տեղն է: Եվ սա այն դեպքում, երբ բանտարկյալների մի ահագին մաս փողի դիմաց ազատ է արձակվել:  Որպեսզի Վրաստանի մասսայական դժգոհությունը վերածվեր ընդդիմության, պետք է հայտնվեր ճիշտ մի մարդ՝ Բիձինա Իվանիշվիլիի պես, որը 2 առանձնահատկությամբ տարբերվում էր մյուսներից.
1. նա Հյուսիսային Կովկասի ամենահարուստ մարդն է` մոտ 6 մլրդ դոլար կարողությամբ,
2. նրա կապիտալը Վրաստանում չէ, այն վաստակել է Վրաստանից դուրս:
Սահակաշվիլին չկարողացավ այդ փողերը կտրել: Իվանիշվիլուն նույնիսկ Վրաստանի քաղաքացիությունից զրկեցին, բոլոր միջոցները փակեցին այդ երկրում գումար ծախսելու, բայց նա շարունակում էր ծախսել: Ընդդիմադիր ուժերն արդյունքում հավաքվեցին Իվանիշվիլու շուրջ: Տեղի ունեցավ իշխանափոխություն, ավելի ստույգ` երկրում հաստատվեց երկիշխանություն, քանի որ Սահակաշվիլին դեռ մնաց որպես նախագահ: Նա կնստի մինչև հաջորդ տարվա հոկտեմբեր:
Թե ինչպես կհաջողվի Բիձինայի կողմնակիցներին բարելավել երկրի տնտեսությունը կարճ ժամկետում, դա հարց է և հետաքրքրիր է: Նրանք փորձում են անել ինչ-որ բան: Պարզ է ինչ. բացել սահմանը Ռուսաստանի հետ, ձեռք բերել վարկեր, կարծում եմ, որ 1.5 միլիարդ վարկ կտան, փորձել զարգացնել հնարավորություններ բիզնեսի զարգացման համար: Բայց այդքան հեշտ չէ Ռուսաստանի հետ հարաբերություններ բարելավելը, քանի դեռ նախագահի աթոռին նստած է մնում Սահակաշվիլին: Նրանից հետո չեմ կարծում, թե Բիձինան կլինի, բոլոր դեպքերում նա կլինի երկրի իրական ղեկավարը, իսկ նախագահը կլինի զուտ անվանական:
Սահակաշվիլին փորձում էր ստեղծել քաղաքացիական հասարակություն, որը կախում չէր ունենա ազգային պատկանելությունից, կարևորը Վրաստանի քաղաքացիությունն էր: Երբ նրան բազմիցս հարցնում էին, թե հայկական ծագում ունի, նա միշտ պատասխանում էր. «Եթե հայերին չեն սիրում, ուրեմն ես հայ եմ, եթե հրեաներին չեն սիրում, ուրեմն ես հրա եմ»: Իսկ Բիձինան հարցազրույցներից մեկում այնպիսի արտահայտություններ էր արել, որոնք կարելի էր մեկնաբանել ոչ ազգային փոքրամասնությունների (հայեր, հրեաներ) օգտին: Բայց նա շատ արագ ուղղեց իր սխալը: Հավանաբար նրա շրջապատի մարդիկ հասկացրեցին, որ կան բաներ, որոնք չի կարելի ասել: Չեմ կարծում, թե հայերի հանդեպ քաղաքականությունը լուրջ փոփոխություն կկրի Վրաստանում: Հայերին վրացիները շարունակում են վերաբերվել կասկածանքով, բայց դա կարելի է հասկանալ: Վերջին 15 տարում Վրաստանը տխուր պատմություն ունի ինքնավարությունների հետ կապված: Կային աբխազներ, որոնք ուզեցին ինքնավարություն, կային օսեթներ, որոնք ուզեցին ինքնավարություն, ու եղավ այն, ինչ եղավ: Վրացիները վախենում են, նրանց մոտ արդեն բարդույթ է ձևավորվել: Դրա համար երբ հայերը պահանջում են ընդլայնել իրենց իրավունքները, հաջորդում է վրացիների իռացիոնալ ռեակցիան, բայց դա կարելի է հասկանալ:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ